Եթե ժողովրդի հետ չենք, բա ո՞ւմ հետ ենք

Եթե ժողովրդի հետ չենք, բա ո՞ւմ հետ ենք
Անդրադառնալով վերջին 15 օրերին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ կոմպոզիտոր **Լեւոն Չաուշյանը** կարծում է, որ այս օրերի համաժողովրդական շարժումը նույնիսկ ավելին է, քան 88-ինը։«Այսօր մեր երկրի վիճակն այնպիսին է, որ բոլորը քաղաքականության մեջ են, եւ դա տրամաբանական է, որովհետեւ մենք հասել ենք այն եզրագծին, որ շեքսպիրյան խոսքերի «լինել-չլինելն» է կանգնած։ Մենք սովետի ծնունդ ենք, իսկ դա նշանակում էր, որ Բրեժնեւի մասին կարելի է անեկդոտներ պատմել, բայց լուրջ ելույթ ունենալ չի կարելի ու ոչ միայն Բրեժնեւի, այլեւ՝ ղեկավարիդ դեմ։ Մենք եկանք այդ իրավիճակին, փակվեց մի ամբողջ կուսակցություն, մի քանի խմբագրություններ ջարդուփշուր արվեցին, ու մենք էլի ընկալում էինք, որ դա երեւի այն է, որի միջով պետք է անցնենք։ Եկավ մյուս ղեկավարը, որը չդատապարտեց այդ երեւույթները, այսինքն՝ խորհրդային կարգերը շարունակվեցին, չնայած որ ունեին նաեւ դրական երեւույթներ։ Փոխվեց 3-րդը, որը նույնպես որեւէ ձեւով չդատապարտեց կատարվածը, բոլորն անում էին նույն գործը։ Եվ մեր ժողովուրդը մտավ լեթարգիական քնի մեջ, երբ վերցնում էին 10 հազարանոցներն ու ըստ դրա ձայն տալիս, իսկ ովքեր դեմ էին, լքում էին երկիրը։ Եվ դա համատարած ու ահռելի թվեր էին»,-ասում է կոմպոզիտորն ու ընդգծում՝ շատ երջանիկ է, որ ի հայտ եկավ մի նոր սերունդ, որը ստրուկի մտածելակերպ չունի։



«Ես մի քանի անգամ հետները քայլել եմ, հարցեր եմ տվել նրանց, ինձ շատ հետաքրքիր էր, թե աղջիկներն ու տղաները հասկանո՞ւմ են, թե որն է իրենց ուզածը։ Ես շշմած էի նրանց պատասխաններից, ասում էին՝ մենք ուզում ենք երկիր, որտեղ պետք է ապրենք, երեխաներ ունենանք, ընտանիքներ կազմենք։ Մենք չենք ուզում լքել երկիրը, դրա համար պայքարում ենք։ Եվ տեղի ունեցավ այն, ինչ բոլորս տեսանք, ու եթե մի ամիս առաջ ինձ ասեին սրա մասին, չէի հավատա, որովհետեւ մենք տեսանք մի քանի այդպիսի բռնկումներ, որոնք ավարտվեցին շատ անփառունակ ձեւով, եւ դրանց ղեկավարները եղել են հենց սովետական շրջանի մարդիկ, որոնք այդպես են ընկալում կյանքը։ Հայրենիքի գաղափարն ամենաբարձրն է, եւ Կոմիտասն ասում էր՝ միշտ եղեք ժողովրդի կողքին, դա պետք է բոլորի համար պատգամ լինի, առավել եւս՝ արվեստագետների համար։ Եթե մենք ժողովրդի հետ չենք, բա ո՞ւմ հետ ենք»։



Հիմա մենք բարդությունների առաջ ենք կանգնած, ընդգծում է Չաուշյանը, ու եթե անգամ պատկերացնենք, որ ամեն ինչ լավ ստացվեց՝ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ամենակարեւոր հարցերից մեկը մնում է սա՝ հետո ո՞նց է լինելու․ «Սա էլ է շատ մտահոգություններ առաջացնում։ Արդյոք մենք դուրս կգա՞նք այդ սովետական շրջանից, մենք կսկսե՞նք նշանակել մարդկանց ոչ թե փողի կամ բարեկամ լինելու համար, այլ միայն իր ընդունակությունների համար՝ ես դեռ չեմ կարող ասել։ Այս հարցը շատ կարեւոր է, եւ դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցությունն ուզում է ամեն գնով պահպանել իրեն, որը վարկաբեկված կուսակցություն է, որի ղեկավարը թողեց գնաց։ Ես, իհարկե, չեմ կարող դա հերոսական քայլ համարել, ինչպես ուզում են ոմանք այս օրերին ներկայացնել։ Իսկ Մարտի 1-ով սպառնալը, կարծում եմ, լեզվի վրիպում էր ու ճակատագրական վրիպում, ինչպես որ նրա 3-րդ անգամ առաջադրվելը։ Այդպես նա ինքն իրեն հակասեց, իսկ դրանում մեղավոր էր հենց իր շրջապատը։ Գիտեք, շատ հեշտ է մարդուն հաստատել, որ ինքը հանճարեղ է, իսկ ասել, որ քո աչքի մեջ փուշ կա, չես կարող, այսինքն՝ քննադատությունը մարդը չի ընդունում, բայց քծնանքն ընդունում են, ու դրա վրա շատերն են քաշվել։ Շատ բարդ օրեր են սպասվում մեզ, բայց կա մի բան, որ ուզում եմ ասել, ամբողջ մայիս ամիսը եղել է հաղթանակների ամիս, եւ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այս մայիսն էլ չի լինի բացառություն»։



Կոմպոզիտորը կոչ է անում բոլորին, առաջին հերթին՝ արվեստագետներին, լինել ժողովրդի հետ, որովհետեւ ժողովուրդը սխալվել չի կարող, հատկապես այն ժողովուրդը, որն արթնացել է․ «Կարծում եմ՝ այդ լեթարգիական քունն այլեւս չի վերադառնա։ Իհարկե, կարող են ճխլել, ջարդել, փշրել․ դա բացառված չէ։ Վերջին տարիներին ես իսկապես շատ հիասթափված էի, որ մենք ազգից դարձել ենք արդեն ամբոխ, բայց վերջին օրերին տեսա, որ սխալ էի։ Մի ազգ, որ 2 հազար տարուց ավելի ապրում է, չի կարող այդպես հեշտությամբ վերանալ։ Այդ ռեստարտը տեղի ունեցավ այս օրերին։ Ես համոզված եմ, որ Հանրապետականի մեջ էլ կան շատ ազնիվ մարդիկ, ես դա բոլորովին չեմ ժխտում, նրանք էլ պիտի քայլ անեն։ Այսօր չի կարելի պատերազմել սեփական ժողովրդի դեմ։ Դա անհնարին բան է։ Ազգն իմաստուն է, եւ ով գնում է ժողովրդի դեմ, չի կարող հաջողության հասնել։ Երիտասարդները ճիշտ էին վանկարկում՝ իրենք են տերը երկրի, իրենք են իրենց ապագան այստեղ կառուցելու, ոչ թե գնացող սերունդը։ Ես կարող է դժգոհ լինեմ իմ ռեկտորի գործունեությունից, բայց դա չի նշանակում, որ ես պիտի դառնամ թշնամի նրան։ Մենք դեռ դա չենք հասկանում»։



Անդրադառնալով Պուտինի հետ իշխանությունների հեռախոսազրույցներին՝ Չաուշյանը հիշեցրեց, որ սովետական տարիներին էլ հայերը միշտ Մոսկվայով էին գործում, այդ սինդրոմը միշտ եղել է․ «Հիշեք, որ այդ բոլոր ասողները հենց այն սերունդն են։ Պուտինը երբեք չի խառնվի, նա այնքան խնդիրներ ունի իր երկրի եւ արտասահմանի հետ կապված, որ նա իսկապես չի խառնվի, եւ ոչ մի երկիր իրավունք չունի խառնվել այս պրոցեսին, որը կրում է խաղաղ բնույթ։ Ինչի՞ դեմ պիտի դուրս գան, իհարկե՝ եթե լինեն սադրիչներ, դա կտա հիմքեր, բայց ես այնքան համոզված եմ մեր երիտասարդների վրա, որ վստահ եմ՝ սադրիչներին հենց իրենք կբռնեն առաջինը, եւ եղել են նման դեպքեր»։



Ինչ վերաբերում է Փաշինյանի կրթությանը, որն այս օրերին շատ է շահարկվում, ապա․ «Փաշինյանը չունի այդ կրթությունը, իսկ նախորդներն ունեի՞ն։ Իհարկե, Կարեն Կարապետյանն անհամեմատ զարգացած մարդ է, բայց Սահմանադրությունն իրեն թույլ չի տալիս լինել վարչապետ, քանի որ վերջին 4 տարին պետք է բնակված լիներ Հայաստանում։ Ախր մենք այնքան ենք սովորել ոչ լեգիտիմությանը, եւ ես շատ ուրախ եմ, որ երկրի նախագահը բերեց այդ տեղեկանքը, եւ մենք հասկացանք, որ նա լեգիտիմ է։ Դա շատ կարեւոր քայլ էր»։