Ինչ-որ բան ճիշտ չէինք արել. Ֆեդերացիայի նախագահը ՀՀ լեռնադահուկային հավաքականի լուծարման մասին

Ինչ-որ բան ճիշտ չէինք արել. Ֆեդերացիայի նախագահը ՀՀ լեռնադահուկային հավաքականի լուծարման մասին
Փհենչհան 2018 օլիմպիական խաղերից հետո հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկների հետ կապված սկանդալը պատճառ դարձավ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը որոշում կայացնի լուծարել Հայաստանի լեռնադահուկային հավաքականի թիմը՝ մարզիչները և մարզիկները: Հիշեցնենք, որ օլիմպիադա մեկնած մեր մարզիկը Հարավային Կորեայում մնացել էր առանց մարզագույքի:



Աշոտ Կարապետյանը հայտարարեց, որ պատճառը Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի ղեկավարության անփութությունն էր, ինչպես նաև հավաքականի մարզիչի՝ Սեյրան Հարությունյանի անձնական նկրտումները, քանի որ օլիմպիադայի ուղեգիրը նրա որդուն՝ Հարություն Հարությունյանին բաժին չէր ընկել: Այսպիսով՝ արդեն մի քանի ամիս է հավաքականի թիմը լուծարված է, իսկ նոր հավաքական դեռևս չի ձևավորվել: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, ով ի դեպ, հավաքականի նախկին մարզիչ Սեյրան Հարությունյանի եղբայրն է, hraparak.am-ի հետ զրույցում ասաց. «Առաջիկայում նիստ պետք է հրավիրենք, որպեսզի քննարկենք նոր թիմ ձևավորելու սկզբունքը, դե մարզիչը՝ Սեյրան Հարությունյանն էլ հրաժարական տվեց, նոր մարզիչ ընտրելու եւ շատ այլ հարցեր կան քննարկելու»:



Մեկ անգամ ևս անդրադառնալով Փհենչհան 2018 -ի սկանդալին՝ Արթուր Հարությունյանը նկատեց. «Երևի ինչ-որ բան այնուամենայնիվ ճիշտ չէինք արել, այո չեմ ժխտում, որ կարող էր այդ խնդիրը չառաջանալ»: Նշենք, որ Հայաստանի լեռնադահուկային հավաքականի թիմը բաղկացած էր 3 հոգուց՝ Աշոտ Կարապետյան, Հարություն Հարությունյան եւ Վազգեն Առաքելյան: «Հավաքականի լուծարումից հետո որդիս այլևս Հայաստանում չէ, սեփական միջոցներով մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ մարզվելու»,-մեզ հետ զրույցում ասաց Վազգեն Առաքելյանի հայրը՝ Վարդան Առաքելյանը:



Տեղեկացանք նաև, որ մեդալակիր Վազգեն Առաքելյանին, ինչպես հայրն է նշում, անհեթեթ հիմնավորումներով հեռացրել են համալսարանից: «Պատճառաբանեցին, թե բացակայությունները շատ են, մինչդեռ որդիս այդ ընթացքում մարզվում էր արտերկրում եւ կար համապատասխան թույլտվություն: Եթե նախազգուշացնեին, Վազգենը հաստատ հետ կվերադառնար, ուսումը թողնելու նպատակ երբեք չի ունեցել»,-նշեց մարզիկի հայրը՝ միաժամանակ չցանկանալով բացել որոշ փակագծեր: