Վատ է, շատ վատ

Վատ է, շատ վատ
Ի՞նչ է ասում Սահմանադրությունը, օրենքը, օրինականությունը, որոնց հղում կատարելով, թե Վաշինգտոնը, թե Մոսկվան, թե ԵՄ-ն առաջարկում են գնալ հանգուցալուծման և լուծել ներքաղաքական ճգնաժամը: Սահմանադրությունը ասում է մի հստակ բան՝ վարչապետը (որքան էլ լավը լինի) ընտրվում է պատգամավորների կեսից ավելիի ձայներով: Որևէ ֆոկուս չկա այդտեղ, կարծում եմ: Կարծում եմ նաև, որ հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք արտահայտությանս համար, ընկել է ՀՀԿ-ականների դռները, խնդրում է, պահանջում, ոմանց նույնիսկ վախեցնում ու շանտաժի ենթարկում, որ իրեն՝ այսինքն ժողովրդի միասնական թեկնածուին ընտրեն:



ՀՀԿ-ականները, սակայն, ավելի լավ, քան Նիկոլ Փաշինյանը, կարդացել են սահմանադրությունը և Նիկոլ Փաշինյանի այդ գործունեությանը ըմբռնումով են մոտենում այսօր: Նրանց համար էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանի համար, կարևորը պետության շահն է, հասարակության միասնականությունը, համերաշխությունը, իսկ կուսակցության շահը ՀՀԿ-ականները ընդհանրապես մոռացել են՝ ինչպես ասաց Էդուարդ Շարմազանովը: Եկեք էմոցիաները դնենք մի կողմ և էս գլխից չասենք, որ Շարմազանովը սուտ է ասում: Նիկոլն էլ է շատ բան ասում, որոնց կեսը սուտ է, բայց ո՞վ է հիմա այդ մասին մտածում: Ուրեմն պայմանավորվենք՝ չնախատրամադրվել:



Իշխող կոալիցիայի փլուզումից հետո ՀՀԿ-ն բոլորից շուտ հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու: Դրանից հետո ընդդիմադիր ԲՀԿ-ն և կոալիցիոն գործունեությունը դադարեցրած Դաշնակցությունը հայտարարեցին, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու և կպաշտպանեն ժողովրդի հիացմունքը վայելող միասնական վարչապետի թեկնածությունը: Այս ամենը, որ ինչ-որ չափով շլացրեց «հեղափոխական» ակտիվին, պետք է նաև զգաստացներ նրան, մանավանդ, որ ԵԼՔ-ի լուսավոր հատվածից էլ մի մարդ ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու համար պետք է 13 հանրապետական պատգամավորի ձայն: ՀՀԿ-ն հիմա ասում է, որ տրամադրված է քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին: Թվում է՝ ուրիշ էլ ի՞նչ է պետք ամբողջ կյանքում երջանիկ լինելու համար: Կարելի է հենց այսօր տուն ուղարկել ժողովրդին, դադարեցնել հասարակության ավտոտեռորը, գործադուլ-դասադուլն ու փողոցները փակելու միանգամայն անիմաստ դարձած գործողությունները:



«Հեղափոխության» ձեռքբերումների մասին հետո դեռ շատ ենք խոսելու, սակայն հիմա պետք է հասկանալ, արդյոք, սա Նիկոլի՞ խաղն է և, եթե այո, ապա ինչո՞ւ է մեր սահմանադրությունը կարդացած Նիկոլ Փաշինյանը ընկել ՀՀԿ-ի դռները: Ի՞նչ է ուզում նա ՀՀԿ-ից՝ 13 ձա՞յն: Դա ես էլ կարող եմ ապահովել նրա համար: Նույնիսկ երաշխավորում եմ, որ ՀՀԿ-ն մեկ մարդու նման կքվեարկի նրա օգտին: Իսկ հետո՞: Նի-կոլ՝ վարչապե՞տ: Մոգական է հնչում, բայց ասացեք՝ հասկանամ՝ ո՞ւմ ձայներով է ուզում վարչապետ դառնալ Նիկոլ Փաշինյանը: Նկատի ունեցեք՝ մյուս 3 խմբակցությունների ձայները բավարար չեն, որովհետև ՀՀԿ-ն մեծամասնություն է գործող խորհրդարանում: Ահա և տեղ հասանք՝ Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ դառնալ ՀՀԿ-ի ձայներով, ինչը նշանակում է, որ նա, առնվազն պետք է կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ և ըստ այդմ դառնա ՀՀԿ-ի վարչապետ, որին, եթե հավատանք հրապարակի տրամադրություններին, պատրաստվում են քշել Հայաստանից:



Բայց սա դեռ բոլորը չէ: Ենթադրենք, այնուամենայնիվ, ողջ խորհրդարանը միաձայն քվե տա Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնի այդ մեծ աջակցության համար: Ո՞րն է լինելու նրա առաջին քայլը, երբ պարզվի, որ խորհրդարանում ընդդիմություն չկա այդ բառի՝ կուզեք քաղաքական, կուզեք իսկական իմաստով, որովհետև բոլորը կողմ են քվեարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Երևի հարկ կլինի հիմա էլ ցույց անել և մյուս խմբակցություններին խնդրել, որ անցնեն ընդիմություն, այո՞: Տգեղ բան է ստացվում, այնպես չէ՞: ՀՀԿ-Ելք կոալիցիա: Մնում է միայն ենթադրել, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններով դեպի իշխանական էլիտա ում համար է ճանապարհ հարթում Նիկոլ Փաշինյանը:



**Էդիկ Անդրեասյան**