Պետք է գտնել մարդ, ով կկազմակերպի ընտրություններն ու կհեռանա քաղաքականությունից

Պետք է գտնել մարդ, ով կկազմակերպի ընտրություններն ու կհեռանա քաղաքականությունից
Իրադարձությունները վերջին օրերին ժամ առ ժամ են փոխվում։ Մարդ չի հասցնում հետեւել լրահոսին, վերլուծություններ ու հետեւություններ անել՝ մեկ էլ հայտնվում է նոր իրավիճակում եւ նոր՝ նախորդից խիստ տարբերվող հետեւությունների հորձանուտում։ Եւ այսպես․ երկիրը պատրաստվում է վարչապետի ընտրություններին, բայց հասարակությունը զրկված է ուղղակիորեն դրան մասնակցելու իրավունքից։



Ընտրությունը կատարելու են 105 պատգամավորները, որոնք, ըստ գաղափարի, պետք է լինեին իրենց ընտրողների, իմա՝ հանրության, կարծիքի արտահայտման խոսափողը եւ պետք է քվեարկեին այնպես, ինչպես ուզում է ժողովուրդը։ Բայց այս բոլոր տարիներին նորմալ ընտրություններ չանելու, փողով ու ճնշումներով ժողովրդի ձայնն առնելու քաղաքականությունն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ մեր «ընտրյալները» բոլորովին չեն արտահայտում հասարակական կարծիքը։



Անշուշտ, հրապարակն էլ չի կարող արտահայտել ամբողջ հասարակության կարծիքը։ Հրապարակն արտահայտում է մի մեծ ու դժգոհ խավի կարծիք, իսկ գոհ եւ նախկին իշխանություններին սատարող, երկրում քաղաքական ուժերի ստատուս քվոն պաշտպանող խավի կարծիքը չեն կարող արտահայտել։ Ի վերջո, եթե անգամ այս խավը լռում է, քանի որ երկրում մի տեսակ նյարդային, «նիկոլական» մթնոլորտ է տիրում, դա չի նշանակում, որ հասարակությունը միատարր է եւ իրական ընտրությունների դեպքում մենք ունենալու ենք այնպիսի արդյունքներ, ինչպիսին այսօր թվում է՝ դատելով հանրահավաքների մարդաշատությունից։ Այս պարագայում պնդել, որ Նիկոլ Փաշինյանն անվերապահորեն վայելում է ողջ հասարակության կամ գոնե նրա 80 տոկոսի վստահությունը դժվար է պնդել։



Առհասարակ՝ աշխարհը վաղուց է հրաժարվել աչքաչափով հետեւություններ անելու սովորույթից։ Նման բան, որ հրապարակում հավաքված բազմությունն ինչքան ուժեղ կգոռա՝ կորոշենք, թե ով է մեր առաջնորդը, կամ՝ ֆեյսբուքում եկեք քվեարկություն կազմակերպենք եւ իմանանք՝ ում է ժողովուրդն ուզում տեսնել վարչապետի պաշտոնին, նոնսենս է եւ ոչ մի տեղ այլեւս հնարավոր չէ տեսել նման բան, բացի երեւի աֆրիկյան մի քանի ցեղախմբերից։ Այս իրավիճակում անշուշտ ամենաքաղաքակիրթը նոր՝ իրական, արդար ընտրություններ կազմակերպելն է եւ հենց դրան է ձգտում նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ իր վարչապետ դառնալու անհրաժեշտությունն էլ բացատրում է կայանալիք ընտրություններում կեղծիքները բացառելու ազնիվ ցանկությամբ։



Ըստ էության, պայքարը գնում է այդ ընտրությունները կազմակերպելու հնարավորության համար։ Եւ բոլորը հասկանում են, որ «կազմակերպչի» կարգավիճակը շատ բան է կանխորոշելու։ Ոչ միայն ընտրությունները կեղծելու բացառում, այլեւ կանխավ լիդերության կարգավիճակ։ Գոնե՝ հասարակական գիտակցության մեջ, որը սիրում է գնալ ուժեղի, հաղթողի, իշխողի հետեւից։ Ուստի հասկանալի է նաեւ Հանրապետականի ճիգերը այդ հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու առումով։ Բայց այս իրավիճակում, երբ խորհրդարանը իշխանական է, իսկ փողոցն այլ բան է պահանջում կարող են լինել նաեւ միջանկյալ լուծումներ։



Մեր ընթերցողներից մեկն, օրինակ, առաջարկում է օգտվել Վրաստանի օրինակից՝ ընտրությունների կազմակերպիչը, որը երրորդ եւ միջանկյալ անձ պետք է լինի եւ պետք է հրաժարվի հետագայում խորհրդարանի ընտրություններին մասնակցելուց, նշանակվում է վարչապետ եւ զբաղվում է միմիայն ԱԺ ընտրությունների նախապատրաստմամբ եւ կազմակերպմամբ։ Այդ ընթացքում այլ որոշումներ չի կայացնում, կադրային փոփոխություններ չի անում։ Միայն ազատ, արդար, օրինական ընտրությունների կայացումից հետո ձեւավորված խորհրդարանն է որոշում, թե ով պետք է լինի ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը եւ առաջիկա 5 տարիների կառավարությունը։



Վատ միտք չէ անշուշտ, մնում է գտնել այդ անձին, ով կստանձնի այս բարդ դերակատարությունը՝ հրաժարվելով առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու «հաճույքից»։ Կլինի անկաշառ ու օբյեկտիվ եւ չի չարաշահի իր ժամանակավոր կարգավիճակը։



**Արմինե Օհանյան**