Խիզախեք գոնե մեկ անգամ

Խիզախեք գոնե մեկ անգամ
Սեփական ժողովրդի վրա մարդ բերելը, օտարի իշխանությանն ապավինելը․ սա չլսված դավադրություն է հայոց պետականության դեմ, չլսված դավաճանություն մեր ողջ պատմության մեջ: Վազել Ռուսաստան, Պուտինից թախանձել աջակցություն, հայտարարություն կորզել… Դուք ուղղակի խելագարվել եք, պարոնա՛յք, դուք անդառնալիորեն խաչ եք քաշում ձեր ապագայի վրա, ուշքի եկեք, մի կործանեք ձեզ, խայտառակությունը չափ ու սահման ունի: Եվ դուք ումի՞ց եք օգնություն տենչում՝ Վլադիմիր Պուտինի՞ց, մի կեղեքիչից, մի բռնապետից, որի իշխանությունը երկարուձիգ տարիներ հարստահարում է ռուս ժողովրդին՝ կործանելով սերունդների կյանքը, կործանելով տարածաշրջանում ժողովրդավարության վերջին նշխարները:



Աշխարհը պապանձված է, աշխարհի քաղաքակիրթ հատվածը խոնարհվելով, ի խորոց սրտի հետեւում է հայ ժողովրդի արժանապատիվ հաղթարշավին: Սա հաղթարշավ է, սա օրինակ է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Ասիայի համար: Հայ ժողովուրդը, հայ ժողովրդի անպարտելի զավակները՝ նոր սերունդը ձեռնոց է նետել համայն ավտորիտարության, դեսպոտիզմի, խավարի, բռնության ու ստրկության դեմ, ճեղքել է անհնարինության սահմանը, եւ այսքանից հետո դուք փորձ եք անում մրոտել այն, օտար երկրի անօրինական իշխանության ոտքերն ընկնելով՝ փորձ եք անում ճնշել մեզ:



Սրանով դուք պարզապես ձեր գերեզմանափոսն եք փորում, անիծյալ եք դարձնում ձեր ընտանիքներին, ձեր սերունդներին: Դուք տնանկ եք, այն աստիճան, որ չեք ուզում գոնե վերջին անգամ սրբագրել ձեր սխալները, գոնե վերջին անգամ արժանապատիվ հեռանալ՝ ըմբռնելով պահի պատմական լրջությունը, Հայաստանի համար պահի պատմական հնարավորությունը: Այն, ինչ կատարվեց Հայաստանի հետ, առանց չափազանցնելու՝ ողջ մարդկության համար կարող է լույսի, ազատության ջահը դառնալ:



Մեր ձեռքում է մարդեղենության անձնագիրը, փառահեղ ապագայի անձնագիրը, ինչպե՞ս կարող եք դու սա չհասկանալ, ինչպե՞ս կարող եք երես դարձնել սրանից: Վայրկյան առաջ դուք պիտի մասը լինեք ժողովրդի, ընդունեք նրա կամքը, պիտի ծնկեք այդ ժողովրդի ինքնասիրության, արժանապատվության ու իմաստնության առջեւ: Ու չկարծեք, թե մոլորակի վրա ամեն քայլափոխի նման ժողովուրդներ են ապրում, նման երիտասարդներ, ու չկարծեք, թե ոգեղենությունը թեւածում է ամենուր:



Ես վստահ եմ՝ օտար երկրների իշխանությունները, որոնցից նսեմաբար օգնություն եք հայցում, գուցե հանդիպումների ընթացքում բարեկիրթ ժպտում են ձեզ, բայց, իմացեք՝ հոգու խորքում արհամարհում ու այպանում են՝ որպես հուդաների: Վեստ Սարգիսների ու Պետրոս Գետադարձների ճանապարհով չփորձվեք գնալ՝ ժողովուրդը ձեզ չի ների՝ երբե՛ք: Դուք իսկապես չեք պատկերացնում դավադրության հետեւանքների անչափելի գինը:



Խիզախեք գոնե մեկ անգամ, խիզախեք ինքներդ ձեզ համար, ձեր երեխաների, ձեր անցյալի, ներկայի ու ապագայի համար, վերջապես՝ ձեր ներքին ազատագրման համար, հանուն այս աննման ժողովրդի, ի սեր Աստծո, հեռացեք:



Արամ ՊԱՉՅԱՆ