Հիմա Աստված մեր կողմից է եւ չեմ էլ ուզում հավատալ, որ կարող է մի բան չստացվել

Հիմա Աստված մեր կողմից է եւ չեմ էլ ուզում հավատալ, որ կարող է մի բան չստացվել
Անդրադառնալով համաժողովրդական շարժմանը, դերասանուհի **Լալա Մնացականյանն** ընդգծում է՝ մշտապես բարձրաձայնել եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ ժողովրդի համբերությունը կարող է հատել․ «Պետք է իշխանությունները զգուշանան վերջին փոքրիկ կաթիլից, ու թեպետ թվում է, թե այն ոչինչ չի անի, բայց հենց ինքը որոշիչ եւ ճակատագրական է դառնում։ Ինչու բոլորը միացան այս շարժմանը, որովհետեւ պարզվեց, որ նույնիսկ իշխանավորը, օլիգարխը եւ հասարակ քաղաքացին դեմ էին ստեղծված իրավիճակին, բոլորը հոգնել էին, դրա համար ստացվեց այս շարժումը եւ քայլն արվեց։ Հիմա ամենակարեւորը շարժումից հետո քայլերն են, հետագա քայլերը շատ մտածված եւ խելացի պետք է լինեն ու եթե այդ փուլում սկեցին գործել տարբեր մարդկանց ամբիցիաներ, մենք այստեղ կզոհաբերենք այն, ինչ աշխարհում շատ քիչ է պատահել՝ մեր թավշյա հեղափոխությունը։ Նիկոլը բացի նրանից, որ իրեն համախմբել է քաջ եւ խիզախ երիտասարդներով, պետք է իրեն համախմբի նաեւ շատ բանիմաց մարդկանցով։ Թող արտասահմանից հրավիրի այդպիսի բանիմաց մարդկանց, այնքան խելացի, ազգանվեր մարդիկ կան, ովքեր կուզենան եւ կգան Հայաստան։ Ես շատ կցանկանամ, որ Նիկոլը այդ քայլն անի, որովհետեւ հեղափոխությունը անում ես ազնվագույն մղումներով, բայց հետո այն պահելը եւ պետականացնելը լրիվ այլ բան է։ Պետք է նաեւ ուժեղ դիվանագիտություն բանեցնել, որ բոլորի հետ ենք, բայց ոչ մեկի հետ չենք։ Եթե ղեկավարը գործում է ելնելով երկրի, պետության շահերից, ոչ իր անձնական ամբիցիաներից, շահում է երկիրը։ Ո՞րն է Հայաստան երկրի համար լավը, այ սա պետք է հասկանալ, իսկ սրա համար մասնագետներ են պետք, իրենց գործի գիտակներ, փորձ ունեցողներ, որոնց ես շատ կցանկանամ իրենց թիմում տեսնել։ Կարծում եմ սա կլինի, որովհետեւ տարերային բնույթը այս հեղափոխության երկար ձգվել չի կարող, ինքը կհոգնեցնի եւ մենք կզրկվենք աշխարհում առաջին երկիրը լինելուց, որ արեց թավշյա հեղափոխություն։ Կարծում եմ՝ Նիկոլը կլսի եւ տեսնելով իր մարդկային տեսակը կուլ չի գնա ամբիցիաներին։ Հիմա Աստված մեր կողմից է եւ չեմ էլ ուզում հավատալ, որ կարող է մի բան չստացվել այս ճանապարհին»։



Դերասանուհին ընդգծում է՝ ժողովուրդը կանգնում է լիդերի կողքին, երբ այդ լիդերի նպատակները որոշակի են եւ կոնկրետ․ «Մենք էմոցիոնալ մակարդակում արդեն հաղթել ենք, բայց հիմա մեր պրակտիկ քայլերը պետք է լինեն նպատակային, շատ կոնկրետ, հստակ։ Այ այդպիսի լիդերի հետեւից կգնա ժոցովուրդը, մտավորականությունը, որովհետեւ ժողովուրդը հոտառությամբ զգում է, որ քո նպատակները ազգանվեր են, ազնիվ։ Երբ աղջկաս պատմում եմ 88թ-ի շարժման մասին, ասում եմ մի տարի տեւեց այդ շարժումը, մենք ամիսներով միտինգի էինք գնում, որովհետեւ ունեինք կոնկրետ նպատակ՝ ազատվել կայսրությունից, այդ սովետիզմից»։