Փաշինյանը «Սասնա ծռերի» հարցում բարդ դրության մեջ է

Փաշինյանը «Սասնա ծռերի» հարցում բարդ դրության մեջ է
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման մեջ քիչ չեն նրանք, ովքեր հարում են «Սասնա ծռեր» խմբավորմանն ու պահանջում լիարժեք իշխանափոխությունից հետո անհապաղ ազատ արձակել նրանց, որոնք այսօր անցնում են տարբեր ծանր քրեական հոդվածներով։ Եվ նրանց հույսը Նիկոլ Փաշինյանն է, որ կգա իշխանության ու ազատ կարձակի ինչպես «Սասնա ծռերին», այնպես էլ նրանց, որոնց այսօր համարում են քաղբանտարկյալ՝ Ժիրայր Սեֆիլյան, Գեւորգ Սաֆարյան, Անդրիաս Ղուկասյան եւ այլք։ Նիկոլ Փաշինյանից երեկ հետաքրքրվեցինք՝ իշխանության գալու դեպքում «Սասնա ծռերին» ու նրանց, ում համարում են քաղբանտարկյալ, կազատի՞ ինքը կամ որեւէ կերպ կմիջամտի՞ նրանց դատական պրոցեսներին։



«Ուրեմն քաղբանտարկյալների հետ կապված՝ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, միանշանակ։ Իսկ թե ովքեր են քաղբանտարկյալ, այդ հարցի լուծումը, կարծում եմ, պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին։ Որպեսզի սուբյեկտիվ չլինի ընկալումը, կքննարկենք եւ կգանք ընդհանուր եզրակացության։ Իսկ, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ պետք է արվեն բոլոր քայլերը՝ հանրային համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար»,- ասաց նա։



Իսկ «Սասնա ծռերի» մասով Փաշինյանը համառորեն խուսափեց որեւէ հստակ դիրքորոշում հայտնել։ «Ես արդեն մեկնաբանեցի, ավելացնելու բան չունեմ»,- ասաց նա։ Փորձեցինք հստակեցնել, թե «Սասնա ծռերին» ինքը քաղբանտարկյալ համարո՞ւմ է, բայց նա այլեւս չարձագանքեց։



Նշենք, որ այս օրերին հասարակության մի շերտ, որոնք համակրում են «Սասնա ծռերին» ու նրանց քայլը ճիշտ համարում, հայտարարում են, որ լիարժեք իշխանափոխությունից հետո «Սասնա ծռերը» պիտի ազատ արձակվեն։ Այդ մարդիկ մասնակցում էին Փաշինյանի հրավիրած հանրահավաքներին եւ պաստառներով ու վանկարկումներով հանդես գալիս՝ հօգուտ «Սասնա ծռերի» ազատության։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, բավականին բարդ դրության մեջ է, նա իր մոտեցումներով բազմիցս ցույց է տվել, որ առանձնապես կողմնակից չէ «Սասնա ծռերի» արարքներին ու զենքով հարցեր լուծելու մեթոդներին եւ չի համակրում նրանց։ Այդ էր պատճառը նաեւ, որ «Սասնա ծռերին» հարող «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամներին Փաշինյանն այդպես էլ թույլ չտվեց բարձրանալ հարթակ ու ելույթներ ունենալ՝ մտավախություն ունենալով, որ նրանք կփորձեն բռնության կոչեր անել ժողովրդին, մինչդեռ ինքը որդեգրել է բաց ձեռքերի քաղաքականությունը։ Բացի այդ՝ «Սասնա ծռերի» գործողությունների արդյունքում կան զոհեր, որը բարդացնում է իրավիճակը եւ անհնարին դարձնում նրանց քաղբանտարկյալ անվանելը։ Այս իմաստով լրիվ հասկանալի է, թե ինչու է Նիկոլը խուսափում այս հարցին ուղիղ եւ հստակ անդրադառնալուց։ Մի կողմից կա իրավական պետության հաստատման ու «Սասնա ծռերի» կատարածը, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են (շենք-շինությունների գրավում, ապօրինի զենք-զինամթերքի պահում եւ օգտագործում, պատանդառություն եւ այլն), չարդարացնելու խնդիր, մյուս կողմից՝ ժողովրդական մի ստվար զանգվածի իր դեմ չտրամադրելու հարցը։ Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարի, որ «Սասնա ծռերը» պիտի ազատ արձակվեն, կնշանակի՝ դեմ գնալ իրավական պետության կառուցման հրամայականին ու ոտնահարել Քրեական օրենսգիրքը՝ լեգիտիմացնելով ապօրինի զենքի կիրառմամբ շենք-շինությունների զավթումն ու պատանդառությունը։ Այսինքն՝ կնշանակի, որ դրանից հետո ցանկացած ոք կարող է զենք վերցնել ու որեւէ պետական հիմնարկ գրավել՝ անկախ դրա շարժառիթներից ու հայրենասիրական, ազնիվ մղումներից, եւ որեւէ պատասխանատվության չենթարկվել։ Մյուս կողմից, եթե նա հայտարարի, որ «Սասնա ծռերի» անդամները քրեական հանցագործներ են ու պիտի դատապարտվեն օրենքի պահանջներին համապատասխան, իր դեմ կհանի տասնյակ, հարյուրավոր մարդկանց, որոնք ճիշտ են համարում «Սասնա ծռերի» բռնած ճանապարհը եւ նրանց հերոսներ են համարում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**