Օտար ականջներ մի փնտրեք

Օտար ականջներ մի փնտրեք
Դեռ մեկ ամիս չի անցել այս պայքարի մեկնարկից, սակայն թվում է՝ մի քանի տարվա կյանք ենք ապրել այս օրերին։ Նման իրադարձություններ ոչ բոլոր ազգերին եւ ոչ բոլոր ժամանակներում է հաջողվում տեսնել, իսկ մենք՝ մեր ոչ երկար կյանքի ընթացքում, կարելի է ասել, երեք անգամ հեղափոխություն եւ հեղաշրջում ենք տեսել՝ 1988-ին, 1998-ին եւ 2018-ին։



Հեղափոխությունները, անշուշտ, լավ՝ օդափոխիչ էֆեկտ ունեն։ Սակայն ամեն հեղափոխությունից հետո գալիս է սթափության ժամանակը, եւ տարբեր կասկածելի անձինք սկսում են իրենց վրա «քաշել» հաղթանակի վերմակը, ինչին արդեն ականատես ենք այս օրերին։ Նաեւ սկսվում է կասկածամտության ու դավադրությունների փնտրտուքի ժամանակը, երբ ամեն ինչի ետեւում եւ ամենուրեք օտար, անմաքուր «ականջներ» են երեւում, ինչին նույնպես ականատես ենք այս օրերին։



Ընդ որում՝ այդ փնտրտուքով ոչ միայն Վերնիսաժի առեւտրականներն ու մեր բակում կանգնող տաքսիստներն են զբաղված, այլեւ հարվարդներում ուսում ստացած տարբեր քաղաքագետներ, իշխանական միջանցքներում հազար կոշիկ մաշած չինովնիկներ։ Բայց առավել ուշագրավ են աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների վերլուծություն-ենթադրությունները՝ երբ ռուսական փորձագիտական շրջանակներն ու իշխանական վերլուծաբանները Նիկոլ Փաշինյանի «քայլի» մեջ տեսնում են «ամերիկյան հետք», իսկ ամերիկյան տարբեր շրջանակներում կարծում են, որ ռուսներն են մեծ դերակատարում ունեցել այս 20-օրյա արագընթաց հեղափոխության մեջ։



Փաստ է, որ մեր ժողովրդի գործոնը, նրա ազնիվ զայրույթն ու հոգուն հասած վիճակն այս կենտրոններում գործոն չեն համարում։ Նրա հնազանդության, հարմարվողականության եւ պայքարի կամքի բացակայության մասին տխուր պատկերացումներ են եղել մինչ օրս, եւ այդ կլիշեներից ազատվելը հեշտ չի լինելու։