Կարեն Կարապետյանն ամեն ինչ անում է, որ հեղափոխական շարժումը հակառուսական բնույթ ստանա
Կարեն Կարապետյանն ամեն ինչ անում է, որ հեղափոխական շարժումը հակառուսական բնույթ ստանա: Նա Ռուսաստանից աջակցություն ունենալու արհեստական պատրանք է հորինել, որպեսզի պայքարող քաղաքացիներն ու առաջնորդող ուժերն իրենց սլաքները ուղղեն Մոսկվայի դեմ: Ըստ նախանշած պլանի Ռուսաստանն էլ այդ դեպքում իսկապես կարող է միջամտության փորձ անել և հեղափոխության հաղթանակի համար արհեստական արգելքներ առաջադրել:
Բայց ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու հարթակում կանգնած մյուս մարդիկ այնքան հասուն են, որ այս պրիմիտիվ ծուղակի մեջ չեն ընկնի: Իմ այս վստահությունը հիմնավորվում է Փաշինյանի և շարժման մինչ այժմ դրսևորած հավասարակշռված, չեզոք ու նույնիսկ չափազանց զգուշավոր մոտեցմամբ: Հեղափոխության մեծագույն նվաճումներից մեկն այն է, որ դրա ամբողջ ընթացքում արտաքին բոլոր խաղացողները չեզոք ու սպասողական կեցվածք են ընդունել:
Տաղավարային վերլուծաբաններն ինչու՞ են այդքան համոզված, որ Ռուսաստանը վարչապետի ընտրություններին աջակցելու է հենց Կարեն Կարապետյանին: Չէ՛, ես հասկանում եմ, որ շատերը խոսում են խոսելու համար, բայց ամեն դեպքում վստահության դրդապատճառները մնում են անհասկանալի:
Ռուսաստանի քաղաքական-տնտեսական համակարգը միատարր չէ, այն բաղկացած է տարատեսակ խմբավորումներից ու կլաններից: Ես չեմ բացառում, որ, իսկապես ինչ-որ շրջանակ կարող է Կարապետյանին աջակցելու փորձ անել, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ աջակցությունը արտահայտում է պետության մոտեցումը: Պետության մոտեցումը մի փոքր ավելի բարդ թեմա է, բայց, այնուամենայնիվ ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի համար խնդրահարույց թեկնածու է:
Պարզապես մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը գրպանային կամ էլ բանանային պետություն չէ: Մոսկվայում կարողանում են սթափ պատկերացում կազմել և հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ, հատկապես, երբ խոսքը կարևոր նշանակություն ունեցող դաշնակից պետության մասին է, որը ինքնիշխանության չափազանց մեծ ներքին աղբյուր ունի և մշտապես հակված է մանևրել արտաքին աշխարհում: Ամեն ինչ էդքան հեշտ չի էլի:
Վերջին քսան տարիներին Հայաստանում ձևավորված իշխանությունները միայն Ռուսաստանից չէ, որ օրհնություն են ստացել: Բոլոր աշխարհաքաղաքական բևեռների միջև կոնսենսունս է ձևավորվել այդ հարցում։ Սերժ Սարգսյանի վարչակազմը ասվածի վառ վկայությունն է, որը իշխանության է եկել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ կոնսենսունսի միջոցով:
Ռուսաստանն երբեք չի կարող Հայաստանում միանձնա որոշում կայացնել, դա պարզապես հնարավոր չէ։ Մոսկվան ընդամենը կարող է ցանկություն արտահայտել և այդ ցանկությունը վստահաբար որպես կանոն հավասարակշռված է լինում տեղի իրավիճակի հետ: Այսինքն ռուսները չեն կարող անիրականալի ցանկություն արտահայտել և պարտադրել Հայաստանին։ Ասվածից պետք է ենթադրել, որ եթե ապրիլի 29-ին և մայիսի 1-ին հրապարակն ու փողոցները ակտիվ լինեն, ապա ՌԴ-ն հաշվի է նստելու այդ իրավիճակի հետ՝ ճանաչելով Նիկոլ Փաշինյանի լեգիտիմ իշխանությունն ու փորձելով պայմանավորվել նրա հետ։
Մոսկվայում շատ լավ գիտակցում են այն հեռանկարը, որ եթե Կարեն Կարապետյանն ընտրվի վարչապետ, ապա դա հանգեցնելու է Հայաստանում հակառուսական տրամադրությունների մեծացմանը, ինչը հետագայում կարող է պատճառ դառնալ հայկական «Մայդանի»։ Իսկ մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա հայ հասարակությունը բարձր կգնահատի ՌԴ-ի չեզոք կեցվածքն ու Հայ-ռուսական փոխհարաբերություններում որևէ ճգնաժամ չի արձանագրվի։
Կարծիքներ