Երկրին նոր սահմանադրություն է պետք

Երկրին նոր սահմանադրություն է պետք
Ճգնաժամը համակարգային է, որովհետեւ սահմանադրական լուծում չկա: Ոչ ոք չի կարող ընդդիմությանը պարտադրել, որ հրաժարվի հաղթանակը դե -յուրե ամրագրելու պահանջից: Միաժամանակ չկա իրավական նորմ, որը փաստացի մեծամասնությանն արգելում է առաջադրել եւ ընտրել վարչապետին, իսկ երկրի նախագահը չունի պառլամենտն արձակելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու սահմանադրական լիազորություն: Ահա այս եւ ուրիշ այլ հանգամանքներ են, որ սահմանադրության ՙՙհայրերը՚՚ հաշվի չեն առել: Երկրի հիմնական օրենքը գրվել է այն տրամաբանությամբ, որ առաջիկա տասնամյակներում ՀՀԿ-ն լինելու է անփոփոխ իշխանություն, ֆորս-մաժորը բացառված է: Սահմանադրությունը փաստացի «կարվել է» ՀՀԿ-ի վրայով եւ պետք է հիմնավորապես փոխվի: Սահմանադրությունը պետք է ցանկացած, այդ թվում եւ՝ ժողովրդական հեղափոխության, դեպքի համար ունենա լուծում: Բայց սահմանադրություն փոխելու համար ժամանակ է պետք, կայուն իրավիճակ, որին հասնելու միակ տարբերակը պառլամենտի արձակումը եւ արտահերթ ընտրություններն են: Կողմերը պարտավոր են պետական եւ ազգային անվտանգության շահը վեր դասել սեփական հավակնություններից: Երկրի ճակատագիրը չպետք է օտար ազդեցությունը որոշի: Բարիկադների այս եւ այն կողմում հայ մարդիկ են, Հայաստանի քաղաքացիներ:



Նրանք պարտավոր են պայմանավորվել, գալ ընդհանուր հայտարարի, գտնել ամենաօպտիմալ լուծումը: Այս դեպքում ծանրակշիռ խոսքի իրավունքը պատկանում է հանրապետության նախագահին: Եւ արտառոց է, թե նա ինչու՞ չի նախաձեռնում ՀՀԿ- Փաշինյան բանակցություններ: Դրությունը փրկելու ժամանակ եւ շանս դեռեւս կա: Մնում է դրսեւորել քաղաքական կամք եւ նախաձեռնողականություն, հանրապետության նախագահի նստավայր հրավիրել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին եւ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին եւ նրանց համոզել, որ վարչապետի թեկնածու չառաջադրվեն, միասնաբար համաձայնության գալ ապակուսակցական երրորդ անձի շուրջ, հաղթահարել ճգնաժամը եւ համաձայնեցնել առաջիկա մեկ-երկու տարվա ճանապարհային քարտեզը՝ խորհրդարանական ընտրություններ, սահմանադրական փոփոխություններ, պետական կառավարման լիբերալացում եւ այլն: Կորցրած յուրաքանչյուր ժամը Հայաստանի համար ծնում է նոր, ավելի մասշտաբային եւ վտանգավոր մարտահրավեր:



Վահրամ Աթանեսյան