Քայլ ձիով՝ քաղաքական սերնդափոխության ճանապարհին

Քայլ ձիով՝ քաղաքական սերնդափոխության ճանապարհին
Նախագահական երկու հնգամյակներում կասկածելի լեգիտիմությունը, ահագնացած արտագաղթը, շատ խոստումների օդում մնալը՝ չկառուցված ատոմակայան, Իրան-Հայաստան չկառուցված երկաթուղի, թոշակ-աշխատավարձերի չբարձրացում խոստացված չափով, ի վերջո՝ ապրիլյան պատերազմում հողային կորուստը թույլ չեն տվել, որ հանրապետության երրորդ նախագահին ազգի եւ պետականության համար իր արած-դրածով երբեւէ համեմատեմ Սպարապետ Վազգենի, արտագաղթ կանգնեցրած Քոչարյանի, պատերազմում հաղթած Լեւոնի (ով ինչ ուզում է ասի՝ սա փաստ է) եւ այլ արժանավորների հետ։



Բայց, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անցած ճանապարհն ու ունեցած ինֆորմացիան երկրի յուրաքանչյուր քաղաքացու մասին, ինչպես նաեւ վստահելով երբեք ինձ չխաբող կանխազգացողությանս (ինտուիցիա), համոզված եմ եղել, որ քաղաքական սերնդափոխություն անելու դժվարին գործը պատվով կանի։ Մեկ-երկու տարի առաջ ընկերոջս հետ կիսվել ու ասել եմ (հարկ եղած դեպքում կարող է հաստատել), որ չնայած երկրի նախագահի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքիս, չգիտես ինչու, հավատում եմ, որ նա իր մեջ ուժ ու կարողություն ունի, ավելին՝ այդ կարողությունն օգտագործելու է ու մաքրի հայոց «ավգյան ախոռները»։ ասել եմ՝ մեր նախագահն ուզում է, որ 1988-1994թթ. Արցախյան պատերազմով մեզ պարտադրված բարդույթներից ազատվենք ու այլեւս չհանդուրժենք որեւէ հրամանատարի` սպային ոչ վայել պահվածքը, քաղաքական գործչի ապաքաղաքական եւ հակապետական գործունեությունը, ինչ է թե նա պատերազմում երկրիս, այսպես ասած, ծառայություն է մատուցել։



Հայտնի ճշմարտություն է՝ նախագահները հենց այնպես բառ չեն ասում։ Երբ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե միայն «դաշտային անցյալը» բավարար չէ, որ սպան սպա կոչվի եւ բանակում արտոնյալ լինի, երբ ավելի վաղ ասել էր, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար, նաեւ՝ ինքը, պարտավոր է իմանալ ու գիտի, թե ով է լինելու իր հաջորդը, պարզապես անունը չի տալիս՝ նրան հարձակումներից պաշտպանելու համար, երբ ասաց, որ վարչապետ է դառնում քաղաքական սերնդափոխություն անելու եւ բանիմաց ու գործունյա, պետական կառավարման օղակներում արդյունավետ աշխատելու ի վիճակի երիտասարդներին, անկախ կուսակցական պատկանելությունից, առաջ մղելու համար, քչերն էին թերեւս կարծում, որ նախագահի վերոնշյալ երեք ու նաեւ այլ արտահայտություններ հարկ է դիտարկել քաղաքական սերնդափոխությունը կազմակերպելու համատեքստում։



Անկեղծորեն խոստովանեմ, որ, վերոնշյալ համոզմունքն ունենալով հանդերձ, ես էլ չէի կարծում, որ երկրի վարչապետի պաշտոնն ընդամենը 6 օր զբաղեցնելով՝ Սերժ Սարգսյանը կանի այդ սերնդափոխությունը։ Չէի մտածում, որ վարչապետացումն այդ ճանապարհին ամենաարդյունավետն է՝ քայլ ձիովը։



Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հայտարարությունը գեներացրեց երկրի երիտասարդությանը, դուրս բերեց փողոց, ու համաժողովրդական շարժումը (իրական եւ իմիտացիոն առումով) գտավ իր առաջնորդին եւ անկասելի երթով ուսերի վրա տանելու է դեպի հայոց գահը։



30 տարի անց դարձյալ համաժողովրդական շարժմամբ է ընտրվում հայոց առաջնորդը։ Մնում է ինստիտուցիոնալացնել երիտասարդական այս հուժկու էներգիան, չմսխել, պահպանել ու օգտագործել երկրի բոլոր կարեւոր օղակներում։



Շնորհակալություն, պարոն Սարգսյան, շնորհակալություն, երրորդ նախագահ։ Կյանքում առաջին անգամ, իրոք, առիթ ունեմ շնորհակալ լինելու Ձեզ։



Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ