Մեզ, այո, նոր կուռքեր պետք չեն

Մեզ, այո, նոր կուռքեր պետք չեն
«Հայտնի ասացվածքն ասում է՝ պարտությունն անտեր է, հաղթանակը շատ տերեր ունի»,- այս հանրահայտ ճշմարտության մասին հիշեցումով է գլխավոր խմբագիրն սկսել «Հրապարակ» թերթի ապրիլի 26-ի իր առաջնորդողը: Սկսել է լավ, հետո ուրիշ շատ այլ ճիշտ բաներ է ասել եւ հոդվածն ավարտել մի նախադասությամբ, որ իրավամբ կարելի է համարել թերթի` այս դեպքում հրապարակային 2-րդ ամբիոնի մեծագույն ներդրում թավշյա իշխանափոխության վերջնարդյունքի մեջ: Ահա այդ նախադասությունը. «Մնում է հուսալ, որ Փաշինյանն իր մեջ ուժ կգտնի եւ չի գայթակղվի նախկին «քլնգողների» քծնանքից ու չի մեծամտանա հանրային հիացմունքից։ Մեզ նոր կուռքեր պետք չեն»: Հուսանք:



Հիմա մի կողմ դնենք Փաշինյանի հանդեպ «հակակրանքն» ու «համակրանքը», որովհետեւ դրանք անցողիկ, զգացական կատեգորիաներ են եւ բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ: Եթե այսպես մոտենանք կատարվածին, ապա «մեզ նոր կուռքեր պետք չեն» միտքը կարելի է հեշտությամբ ասոցացնել «հրեշին չենք սպանում, որ տեղը ուրիշ հրեշ բերենք» արտահայտության հետ: Այս մասին վաղուց էր խոսում Դաշնակցությունը, երբ ներկայացնում էր համակարգային փոփոխությունների անհրաժեշտության հետ կապված իր մոտեցումները: Եվ այդ մոտեցումների մեջ կարեւորագույն տեղ ուներ Սահմանադրության փոփոխությունը, ինչին, ի դեպ, լրջորեն չի վերաբերվել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ այն քաղաքական շկոլան, որ նա ներկայացնում է: Պատահական չեն այսօր բացականչությունները, թե «հեսա փոխելու ենք Սահմանադրությունը»: Սահմանադրությունը փոխենք, որ նոր կուռքե՞ր ի հայտ գան: Առանց այն էլ այս օրերին, հետեւելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ապշում ես, թե մարդիկ ինչքան կարող են արժանապատվությունից ու խելքից զուրկ լինել, շահամոլ ու մանրախնդիր, որ միանան մի շարժման, որն ընդամենը օրեր առաջ փրփրաբերան քննադատում էին։ Այս ամենը բնորոշ է եղել հենց նախագահական համակարգին, եւ դրա հետեւանքներն են, որ մենք տեսնում ենք այսօր` այդ պատեհապաշտությունը, շահամոլությունը, անամոթությունը, առնետավազքը:



Խնդրո առարկա հոդվածի ասելիքը հստակ է, սակայն մենք համաձայն չենք այդ հոդվածում եղած թիրախավորումների հետ: Ի վերջո, ամեն ինչ կատարվել է մեր օրերում, եւ թե ով ինչ է արել կամ չի արել, գիտենք բոլորս: Ես, օրինակ, շատ կուզենայի իմանալ գլխավոր խմբագրիս կարծիքը, թե ինչպես են իրենց պահել ՀԱԿ-ը (ՀՀՇ-ական անթեղված կլուբը), Նիկոլ Փաշինյանի հետ նույն նավակում լող տվող «Լուսավոր Հայաստանը» (այո, էն, որ քթերը բռնել էին ծխից), «Հանրապետությունը», որ այդպես էլ չսովորեց քաղաքականության մեջ երկու էշի գարի ջոկել իրարից: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի հեռանալն իրարանցում պետք է առաջացներ ՀՀԿ-ի շարքերում, բայց ինչո՞ւ էր դա իրարանցում առաջացրել ՀԱԿ-ում, «Լուսավոր Հայաստանում», «Հանրապետությունում»: Արթուր Բաղդասարյանը, ասացեք խնդրեմ, միանում է Նիկոլ Փաշինյանին, ուռա՛, բացականչում է Հանրապետության հրապարակը: Խոսքը, ի դեպ, այն նույն Արթուր Բաղդասարյանի մասին է, որին բարոյականացրեց Սերժ Սարգսյանը, եւ որը երդվել էր երբեք չմերժել Սերժին: Բայց Արթուր Բաղդասարյանը, քանի որ միացել է Նիկոլին, այլեւս թիրախ չէ, լավն է, պուպուշ, թավշյա… Բայց ինչ էլ ասենք իրենց խայտառակած գործիչների եւ ուժերի մասին, միեւնույն է, հանգելու ենք այն մտքին, որ սա քաղաքականություն է, որտեղ չեն լինում հավերժական համախոհներ եւ ընդդիմախոսներ:



ՀՅԴ-ն, բնականաբար, սպասում էր, որ իր վերջին հայտարարությունից հետո լինելու են անհարկի շահարկումներ եւ հիշեցումներ, ինչ-որ տեղ տեղ՝ նաեւ պոռոտախոսություններ: Սոցիալական կայքերում իր դեմ խաչակրաց արշավանքի ականատես եղավ Դաշնակցությունը, եւ դա այն դեպքում, երբ գլխավոր իրադարձությունների հարթակում հռետորները քննադատական խոսք այդպես էլ չուղղեցին Դաշնակցությանը: Եվ ոչ թե այն պատճառով, որ վախենում էին, այլ որ դա մեծագույն անարդարություն կլիներ մի կուսակցության հասցեին, որի աշխատանքի պտուղն է քաղում այսօր ժողովուրդը` առնվազն իշխանափոխության տեսքով:



Նեոբոլշեւիկյան հակադաշնակցականությունը ՀՅԴ վերջին հայտարարության մասին ափեղ-ցփեղ գրառումներով փորձ արեց Դաշնակցությանը մեղադրել իր կոալիցիոն գործընկերոջը` ՀՀԿ-ին, դժվար պահին քցելու մեջ: Անկեղծորեն` շատ զարմացա, երբ նույն միտքը, շատ ինքնատիպ ձեւակերպմամբ, կարդացի նաեւ գլխավոր խմբագրիս հոդվածում: Մեջբերեմ. «Ինչպե՞ս կարող է քաղաքական ուժը, որի ամենանշանակալից լոզունգը «Հին ընկերները չեն դավաճանում» ասույթն էր, եւ որը 2 տարի առաջ, ողջ հանրության թուքումուրն ուտելու գնով մտավ կոալիցիա, դժվար պահին լքի իր գործընկերներին՝ Հանրապետականին»: Չխոսելով ֆեյսբուքյան քաղաքական անգրագիտության մասին` կանդրադառնամ «Հրապարակ» թերթի խոսքին: Իսկ ո՞վ է ասել, որ Դաշնակցության «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսն ուղղված է եղել ՀՀԿ-ին: Դա ԱԺ ընտրությունների կարգախոս է, որտեղ Դաշնակցությունը կանգնած է եղել ընտրողների` ժողովրդի առաջ: Եվ, ուրեմն, ինչո՞ւ սխալ համատեքստում հշել այդ կարգախոսը, երբ ՀՅԴ-ն, հենց այդ տրամաբանությամբ, այսօր ամեն ինչ անում է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար եւ, թող մեծամտություն չլինի, արեց այն միակ ճիշտ հայտարարությունը, որով հրապարակն ու իշխանությունը հնարավորություն ստացան դուրս գալ պատային վիճակից:



«Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝



ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը



բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը



գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով՝ երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը



դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:



Սա է ասել ՀՅԴ-ն եւ հայտարարել, որ դադարեցնում է իշխող կոալիցիային իր մասնակցությունը: Սա ո՛չ «քցոցի» է, ո՛չ էլ «ամուսնալուծություն», սա նաեւ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու քայլ չէ: Նիկոլ Փաշինյանին հաճոյանում են լիբերալ գաղափարախոսության կրողները, բայց ոչ Դաշնակցությունը: Դաշնակցությունն իր ճանապարհով է գնում` որպես սոցիալիստական գաղափարախոսությամբ միակ կուսակցությունը Հայաստանում: Ոչ մի քաղաքական ուժ, Դաշնակցությունից բացի, գաղափարախոսության առումով կաշկանդված չէ Նիկոլ Փաշինյանի հետ «ամուսնանալու» հարցում: Նրանց համար դա մեկ-երկու հաշվի բան է: Բայց, ահա, դժվար է ասել, թե այս օրերին իրենց խայտառակած ուժերից որի հետ է Նիկոլ Փաշինյանը փորձելու մեծամասնություն կազմել արտահերթ ԱԺ ընտրություններում, եթե պարզվի, որ 50 տոկոսն էլ չի հաղթահարել: ՀԱԿ-ի՞, ՕԵԿ-ի՞, «Լուսավոր Հայաստանի՞», «Հանրապետությա՞ն»…



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ