Միայն փափուկ ուժով հնարավոր չէ կերտել նոր Հայաստան

Միայն փափուկ ուժով հնարավոր չէ կերտել նոր Հայաստան
Ի՞նչ իրադարձություններ են հաջորդելու Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչպիսի՞ Հայաստան կունենանք, եթե իշխող Հանրապետական կուսակցությունը վերջնականապես հեռանա իշխանությունից։ Այս հարցերի շուրջ քաղաքագետներից եւ հասարակագետներից ոմանք լռում են, ոմանք՝ շարունակում քննարկել ակտիվորեն, առաջարկում տարբերակներ, որոնում լուծման ուղիներ։ Սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը կարծում է, որ առանձին վերլուծության թեմա է, թե ինչպես ծնվեց Մերժի՛ր Սերժին շարժումը։ «Շատ օրինաչափ շարժում է, մեզանում ծավալված սոցիալական շարժումների տրամաբանական շարունակությունն է այս շարժումը։ 1988 թվականից հայ ժողովուրդը սովորեց սոցիալական շարժումներին։ Հիմա սոցիալական շարժման էներգիան կուտակվել էր, եւ այն ժայթքեց»,-մեզ հետ զրույցում ասաց Լյուդմիլա Հարությունյանը։ Սոցիոլոգի կարծիքով՝ շարժումն ուղղված էր ոչ թե մարդու, այլ համակարգի դեմ եւ միտված է ապագային։



««Մերժի՛ր Սերժին»-ը միջանկյալ նպատակ էր, որովհետեւ Սերժ Սարգսյանը դիտվում էր որպես համակարգի մարմնավորում եւ համակարգի կարեւոր տարր։ Իրականում շարժումը համակարգի դեմ է։ Անհրաժեշտ բառերը գտնվել են, շարժման ժամանակ առաջնորդները խոսում են «Նոր Հայաստանի մասին։ Ես կարծում եմ, որ դա՛ է արժանի ուշադրության։ Սա բաց սրտերի, մաքուր ձեռքերի նոր սերնդի շարժում է»,- կարծում է Լյուդմիլա Հարությունյանը։ 88-ի շարժման ակունքներում կանգնած ԽՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանը հիշում է, որ 88-ին Հայաստանում ծավալվեց ազգային ազատագրական շարժում, եւ 80-ականների սերունդը կարողացավ ելնել հզոր պայքարի ու կանգնել հրապարակում Արցախի իրավունքները պաշտպանելու համար ։ Հետահայաց վերլուծելով 88-ի շարժումը՝ Լյուդմիլա Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այն վախեցած մարդկանց շարժում էր, քանի որ այդ վախեցած մարդիկ ելել էին կայսրության դեմ։ Եվ այն ժամանակ էլ այդ շարժումը ծավալելու համար պահանջվեց հզոր, տիտանական աշխատանք, քանի որ հրապարակում կանգնել էին հզոր հակառակորդի՝ մեծ կայսրության դեմ։ « Նոր սերունդը առանց վախի մեծացած սերունդն է։ Այն պահանջատերերի սերունդն է։ Այս սերունդը հայրենիք է ուզում։ Նա ասում է՝ մենք այստեղ ենք ուզում ապրել, տու՛ր մեզ նորմալ կյանքի պայմաններ։



Սա պահանջատիրության շարժում է, ոչ թե պաշտպանական շարժում։ Սերունդը պահանջում է եւ չի վախենում պահանջելուց, եւ պահանջում է արժանապատիվ կյանք»,- նկատում է Լյուդմիլա Հարությունյանը։ Շարժման մյուս առանձնահատկությունը, ըստ նրա, այն է, որ այն ուղղված է սեփական երկրի իշխանությունների դեմ։ «Բաց ձեռքերն ու տաք սրտերն այդտեղից են գալիս, որովհետեւ շատ մեծ ցանկություն կա ՝ կառուցելու սեփական երկիրը առանց զոհերի, արյան, բախումների ու ատելության, աշխատանքով, սիրով ու տաղանդով ։ Չ՞եք կարողանում: Քաշվեք ասպարեզից։ Սա է նոր սերնդի առաջարկը: Այս առաջարկը ուրախալի է այն առումով, որ հայերի սերունդներն իրենց պարտքը կատարում են։ Մեր սերունդը կատարեց իր պարտքը, եկել է նոր սերունդ, այն ցանկանում է կատարել իր պարտքը։ Իհարկե, տարբեր ձեւերով եւ պայքարի տարբեր մեթոդներով»,- նշեց մեր զրուցակիցը։



Հարցին, թե տեսանելի ապագայում ինչպիսի էլիտա է ձեւավորվելու, Լյուդմիլա Հարությունյանն արձագանքեց․ «Այս շարժումն ուղղված չէ էլիտայի դեմ, որովհետեւ էլիտան կծնվի արդյունքում ։ Պայքարն ուղղված է համակարգի դեմ։ Այն ժամանակ, երբ մենք զբաղված էինք Ղարաբաղի հարցով, չհասցրեցինք կազմալուծել խորհրդային համակարգը ։Այն ժամանակ հազիվ հասցրեցինք պաշտպանել Լեռնային Ղարաբաղը։ Նոր սերունդը հասկացել է, որ գործող համակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ խորհրդային ադապտացված համակարգ, որը հաջողացրել է իր նկարագրին ավելացնել որոշ ազատական գծեր։ Էությամբ, սակայն, այն մնացել է որպես խորհրդային ավտորիտար համակարգ։ Հիմա նոր սերունդը պնդում է, որ այս համակարգն չի աշխատում, ծնում է անարդարություն,կոռուպցիա, սոցիալական բևեռացում եւ աղքատություն: Այս աղետներից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել լրիվ նոր համակարգ։ Նոր սերունդն ասում է՝ մենք ենք տերը մեր երկրի եւ մենք ենք պատասխանատուն, մենք ցանկանում ենք փոխել գործող համակարգը։ Եթե նրանք չուզենային համակարգի փոփոխություն, ապա կբավարարվեին Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Բայց իրենք չկանգնեցին այնտեղ եւ պահանջեցին ՝ պետք է քանդվի համակարգը։ Իսկ այդ համակարգը ստեղծել է ՀՀԿ-ն»,- ասաց սոցիոլոգը։



Լյուդմիլա Հարությունյանը շարժման մեջ առանձնացրել է մի քանի կարեւոր շեշտադրումներ՝ այս շարժումն ուղղված է երկրի արդիականացմանը, շարժումը պատասխանատվություն է վերցնում է իր վրա ։ Նա հույս է տածում, որ շարժման կազմակերպիչները գիտեն այս կարևոր շեշտադրումները։ Սոցիոլոգն անհանգիստ է ինստիտուցիոնալացման գործընթացների ուշացման համար և հիշեցնում է, որ շարժում կոչվածն ունի արագ փոփոխվելու և մարելու հատկություն: Նա մտահոգ է շարժումը օգտագործել ցանկացողների շարքերի ստվարացմամբ եւ հիշեցնում է, որ շարժումը պետք է ծառայի Հայաստանի արդիականացմանը․ այն նոր Հայաստան կերտելու հույսը վառ պահելու համար է: «Շարժման Դեմիուրգները՝ ստեղծողները, հրապարակում կանգնածներն են։ Բայց շարժման նպատակների կերտողների բանակը ավելի լայն շրջանակ է ընդգրկում։ Այդ շրջանակը չպետք է մատնվի պարապության։ Հրապարակում կանգնածները ցուցադրում են փափուկ ուժը՝ անզեն ձեռքեր։ Բայց Նորի կերտումը պահանջում է փափուկ ուժից զատ նոր գաղափարներ, փորձ, անկոտրում կամք, համակարգային միտք ու ահռելի էներգիա»,- շեշտում է սոցիոլոգը։



**Թագուհի Հակոբյան**