Ապամոնտաժել փսեւդոպետությունը եւ ստեղծել իրական ազգային պետություն

Ապամոնտաժել փսեւդոպետությունը եւ ստեղծել իրական ազգային պետություն
Պատմականորեն այնպես է ստացվել, որ հայության վերնախավը դարձել է հայության թշնամին: Եվ դա ոչ միայն Հայաստանում է այդպես, այլ նաև սփյուռքում: Հայաստանի վերնախավը իր երկրին ու ժողովրդին դիտում է որպես ժամանակավոր մի բան, որին առավելագույնս պիտի կարողանալ օգտագործել, շահագործել, թալանել մինչև վերջ և փախնել հարուստ ու ապահով երկրներ, ու այդ թալանածով ապրել այնտեղ ապահով կյանքով` ձուլվելով այդ երկրներում ապրող ժողովրդների մեջ: Նույնպես են գործում նաև սփյուռքի գաղթօջախների գլուխ կանգնած հայերը, որոնք այդ օտար երկրներում ոչ թե գործում են ի շահ հայ ազգի իրավունքների ու հայապահպանության, այլ հանուն սեփական նեղ շահերի, որի համար չեն խորշում օգտագործվել հայության թշնամիների կողմից: Այսինքն ստացվում է, որ մեր վերնախավը գործում է մեր դեմ, լինի դա հայաստանյան քրեաօլիգարխիան, որը ոչնչացնում է մեր երկիրն ու մեր ժողովրդին իր ստեղծած փսևդոպետականության, Հայ Առաքելական Եկեղեցու և ուրիշ ազգակործան կառույցների միջոցով. և լինեն դրանք սփյուռքի ղեկավարները, որոնք իրենց կառույցներով, ի դեմս այդ նույն Հայ Առաքելական Եկեղեցու, Հայ Յեղափոխական Դաշնակցության ու մյուս, այսպես կոչված, ազգային (բայց իրականում խիստ ապազգային) կառույցների, նույնպես գործում են մեր ազգային շահերի դեմ:



Մենք լուրջ մարտահրավերի առջև ենք կանգնած այսօր. կամ կկարողանանք փոխել մեր վերնախավին ու ազգին առաջնորդելու առաքելությունը կհանձնենք այն իսկական էլիտային, որը դեռ իսպառ չի ոչնչացել, որն ունի ինտելեկտուալ ներուժ, բարոյականություն ու ազգային ինքնագիտակցություն, կամ էլ կկործանվենք իսպառ: Դրա համար պիտի սկսենք ծրագրեր մշակել մեր այս հանցավոր ու ապազգային վերնախավից ձերբազատվելու համար, որի ամենակարևոր դրույթը պիտի լինի նրանց կողմից ձևավորած կառույցների ապամոնտաժումը: Պիտի ապամոնտաժվի Հայաստանի Հանրապետություն կոչվող փսևդոպետությունը, որը իրականում ռուսական օկուպացիոն ռեժիմը սպասարկող կառույց է, ու դրա փոխարեն ստեղծվի ազգային պետականություն: Պիտի ապամոնտաժվեն ավանդական կուսակցությունները, բոլոր, այսպես կոչված, բարեգործական կառույցները, և դրանց փոխարեն ստեղծվեն իսկապես ազգային կառույցներ: Պիտի Հայ Առաքելական Եկեղեցուն արգելվի սփյուռքում` օտար պետություններում որպես մեր ազգը ներկայացնող ու առաջնորդող կառույց հանդես գալ, իսկ Հայաստանում արգելվի պետության հետ սերտաճելու նրա ցանկացած փորձ:



Թորոս Ալեքսանյան