Թավշյա հեղափոխությունը կանխեց նոր «Մարտի 1»-ն ու «Հոկտեմբերի 27»-ը

Թավշյա հեղափոխությունը կանխեց նոր «Մարտի 1»-ն  ու «Հոկտեմբերի 27»-ը
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս պատգամավորների ու քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնած շարժումը կարելի է ֆենոմենալ որակել, քանի որ այն Արցախյան շարժումից հետո միակ համազգային շարժումն է, որն ունիկալ էր ոչ միայն իր բազմամարդությամբ, այլ նաեւ արձանագրած հաջողությամբ: Փաստ է, որ հեղափոխականները հասան իրենց նպատակին՝ Սերժ Սարգսյանը քայլ արեց՝ հրաժարական տվեց: Իսկ ի՞նչ քայլեր արեցին թավշյա հեղափոխականները՝ հասունացնելով Սերժ Սարգսյանի բաղձալի հետքայլն ու տոնախմբության վերածված հեռացումը: Նախ՝ կրեատիվ, ռիթմիկ, խրոխտ կարգախոս հղացան, իսկ կարգախոսը ցանկացած շարժման հաջողության, մարդային ռեսուրսներ կենտրոնացնելու, առաջնորդելու, ինչու չէ՝ հանրությանը մոտիվացնելու, մանիպուլացնելու գլխավոր ատրիբուտներից է: Նոր կարգախոսը համաճարակի էֆեկտ ունեցավ ու կայծակնային արագությամբ վարակեց բոլորին՝ մեծ ու փոքր, ահել ու ջահել, տեղացի թե սփյուռքահայ: ՀՀ քաղաքացիները, ու հայերը՝ ընդհանրապես, թերեւս, առաջին անգամ իրենց քաղաքացի զգացին, դուրս եկան պասիվ, խեղճ, ամորֆ, խառնամբոխային տրամաբանությամբ շարժվողի կարգավիճակից եւ հայտնվեցին գիտակցական այլ մակարդակում: Դա եղավ, քանի որ շարժումը մարդատեղ դրեց քաղաքացիներից յուրաքանչյուրին, շոյեց նրանցից յուրաքանչյուրի ինքնասիրությունը՝ անվանելով նրանց հպարտ, ազատ քաղաքացիներ, որոնց ձեռքում է իրենց իրավունքների ու ազատությունների իրացումը: Զուր չէ, որ Փաշինյանն ու շարժման մյուս կազմակերպիչները ողջ ընթացքում արձանագրում էին, որ սա համաժողովրդական անհնազանդություն է, որը չի կարող հաջողություն ունենալ, եթե որեւէ մեկն ալարի քայլ անել: «Փաշինյանական շարժումը» հավասարապես բաշխեց իշխանափոխության բեռը բոլոր՝ իրենց հպարտ համարող քաղաքացիների վրա եւ փաստի առաջ կանգնեցրեց բոլորին հավասարապես. քայլ կանե՞ս՝ շամպայն կխմես, չե՞ս անի՝ քո կենացը ոչ ոք չի խմի: Կարող ենք շնորհավորել քայլ անողներիս, քանի որ բոլորս էլ, պարզվում է, շամպայն սիրող ենք, կենաց ասելու հարցում էլ՝ որակավորում ունեցող մասնագետներ:





**Ինչո՞վ էր այս շարժումը տարբերվում նախորդներից**





Նախորդ հուժկու եւ բազմամարդ քաղաքական շարժումների կարգախոսները չունեին մոտիվացնող լոզունգներ. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը կամ «Սերժիկ, հեռացիր»-ը մարդկանց բավարար չափով չէր մոտիվացնում, քանի որ առաջինն արցախյան շարժման կարգախոսն էր եւ ասոցացվում էր արդեն իսկ նվաճված հաղթանակի հետ, երկրորդի դեպքում էլ քայլ անելու առաջարկը թողնվում էր դիմացինին՝ «Սերժիկին», որը, մոտիվացնելով իր ողջ քաղաքական ներուժը, այդպես էլ 10 տարվա ընթացքում անդրդվելի մնաց՝ չարեց իր քայլը: Երկրորդը՝ այս անգամ թիրախավորվեցին, անձնավորվեցին հասարակության բացասական հույզերը, տրամադրությունները, կուտակված մաղձն ու, ինչու չէ՝ ատելությունը, որի խտացումը, անխոս, այս վարչակարգի գլխավոր ֆիգուրն է, պաշտելի հայրը, անփոխարինելին, հարգապատիվը՝ Սերժ Սարգսյանը: Թիրախն ընտրված էր, մնում էր ռիսկի դիմել՝ կրակել: Թավշյա հեղափոխության հաջողության հարցում չպետք է թերագնահատել նաեւ Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը զօր ու գիշեր թմբկահարող ՀՀԿ-ականների վաստակը, ովքեր խորշանքի մակարդակի բարձրացրին իրենց կուսակցության ղեկավարի անձը: Ժողովրդին մնում էր միայն նզովել ու մերժել անփոխարինելիին՝ նրան փոխարինող դիտարկելով շարժման առաջնորդներին:



**Սերժ Սարգսյանի վերջին խոհեմությունը**





Արձանագրենք, որ անփառունակ էր Ս. Սարգսյանի պաշտոնավարման ավարտը: Քաղաքական գործչի նրա իմաստնությունը, սթափությունը, իրականությունից կտրվածությունն ինչ-որ պահի դավաճանեցին նրան՝ տեղի տալով քաջնազարականությանը: Կեղծ, ստահոդ, խախուտ գաղափարներով երկար կառավարել չես կարող: «Մին զարկել, հազար ջարդելով», հարայ-հրոցով, փռշտոցով աշխարհք քանդելու սպառնալիք տեղալով «ավազակներին» վախեցնել, «հսկաներին» ծնկի բերել, ժողովրդի մեջ ահ ու սարսափ տարածել երկար չես կարող՝ որքան էլ ապահովես դրանց սահմանադրական երաշխիքները: Միշտ կհայտնվի «Ուստիանը»՝ իր սթափեցնող բարձով, ու մի լավ ջարդ տալով՝ քեզ կհիշեցնի, որ խաղն ավարտված է, որ «իմ դեմ խաղ չկա»-ն կարող է կիրառելի մոտեցում լինել միայն Մոնտե Կառլոյի կազինոյում: Իսկ լեգիտիմ քաղաքական գործիչը պետք է առնվազն կազինոն տարբերեր պետությունից, քանի որ, եթե կազինոյում կարող ես քեզ թույլ տալ խորամանկելու, մեկ-մեկ էլ պարտվելու անհարմարություն, ապա պետական կառավարման հարցում անընդհատ խորամանկել ու անընդհատ պարտվել չես կարող, մի օր կհայտնվես քո իսկ լարած թակարդում, որից դուրս գալը հավասարազոր կլինի խայտառակության, ինչին ականատես եղավ ամբողջ աշխարհը:





**Հրաժարականի տեքստն ու Հոկտեմբերի 27-ը**





Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը, ապա այն մեկ բառով կարելի է որակել «անվերապահ կապիտուլյացիա», ինչի մասին վկայում են դրանում շարադրված ձեւակերպումներն ու բառամթերքը: Սա այն քիչ տեքստերից է, որտեղ Սերժ Սարգսյանը չի խորամանկում, չի հեգնում եւ, վերջապես՝ չի ստում: Նա անվերապահ ընդունում է Նիկոլ Փաշինյանի նախանշած ելքը, որը, փաստորեն, գտնվեց: Դա բնավ Մարտի 1-ի կրկնությունը չէր: Արձանագրելով հանդերձ Սերժ Սարգսյանի կատարած քայլի խոհեմության աստիճանը՝ պետք է նշենք նաեւ կարեւորի մասին. այսպիսով Սերժ Սարգսյանը, թեկուզ պարտադրված, կանխեց ոչ միայն երկրորդ «Մարտի 1»-ը, այլ նաեւ երկրորդ «Հոկտեմբերի 27»-ը, նոր նաիրիհունանյանների ծնունդը: Երբ ժողովրդավարական եղանակով ներքաղաքական կյանքում ստատուս քվոն փոխել այլեւս անհնար է դառնում, կենսունակ են դառնում մյուս եղանակները: Ի վերջո՝ «ժողովրդի արյունը ծծողներին», «հող հանձնողներին», «իշխանությունը զավթածներին» վերջ տալու հայտով ինչ-որ պատեհ պահի կարող են ԱԺ կամ այլ պետական հիմնարկ ներխուժել «մի խումբ ռոմանտիկներ» եւ նախկինի պես հարցերը զենքով լուծելու եղանակին դիմել: Նման սցենարի առաջին համազարկ որպես, ի դեպ, շատերը դիտարկում են 2016-ին ՊՊԾ գնդի գրավումը: Մի նկատառում էլ, թերեւս՝ Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի դասերը պետք է մշտապես «քաղման» ենթակա լինեն ՀՀ գալիք բոլոր իշխանությունների համար, ինչ ճանապարհով էլ որ նրանք ստանձնած լինեն պետության ղեկը:





Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ