Ո՞վ է ժողովրդի թեկնածուն

Ո՞վ է ժողովրդի թեկնածուն
Նիկոլ Փաշինյանը պահանջում է վարչապետ նշանակել «ժողովրդի թեկնածուին»՝ ակնհայտորեն նկատի ունենալով իրեն: Պարզ է նաեւ առաջադրման մեխանիզմը՝ հրավիրում է հանրահավաք, որտեղ մարդիկ սկսում են վանկարկել՝ «Նի-կոլը վար-չա-պետ» եւ համարվում է, որ հենց դա էլ համաժողովրդական պահանջ է: Հանրահավաքին կարող է մասնակցել մի քանի տասնյակ հազար ցուցարար: Հիմնականում՝ Փաշինյանի համակիր երիտասարդներ: Եւ հարց է առաջանում՝ նրանք լիազորվա՞ծ են ամբողջ ժողովրդի կողմից, արտահայտու՞մ են Հայաստանի ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների կամ նրանց մեծամասնության տեսակետը: Այդ նույն հաջողությամբ Կարեն Կարապետյանը կարող է դարձյալ բազմահազարանոց հանրահավաք կազմակերպել, որը նրան կհռչակի վարչապետ: Դա ճի՞շտ ճանապարհ է, պետական կարեւորության հարցերը կարելի՞ է լուծել փողոցի բարձր հուզականության մթնոլորտում: Այդպես չպետք է լինի:



Փաշինյանի գլխավորած շարժումը հասել է գլխավոր նպատակին՝ երրորդ ժամկետով Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կանխվել է: Եւ կա իրավիճակն ապասառեցնելու, հուզականությունը հաղթահարելու եւ պրագմատիկ որոշումներ կայացնելու քաղաքական անհրաժեշտություն: Հանգուցալուծումը պետք է տեղի ունենա իրավական դաշտում, այն է՝ պառլամենտի արձակմամբ եւ արտահերթ ընտրություններով: Փաշինյանը մղվում է վարչապետության, որպեսզի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն իր թիմը կազմակերպի: Կասկածել պետք չէ, եթե դա տեղի ունենա, ապա Փաշինյանը կունենա պառլամենտական մեծամասնություն, եւ Հայաստանում դարձյալ կհաստատվի կուսակցապետությունԼ Կփոխվի ցուցանակը, իշխանության բնույթը կմնա նույնը: Դա ելք չէ: Անցումային փուլում անհրաժեշտ է ունենալ իրոք կոալիցիոն, ազգային համաձայնության կառավարություն: Իսկ դրա համար պառլամենտական ընտրությունները պետք է այնպես անցկացնել, որպեսզի ոչ մի կուսակցություն 20-25 տոկոսից ավելի ձայն չհավաքի:



«Ժողովրդի թեկնածուի» գաղափարն արժեզրկում է ժողովրդավարությունը: Դրանից հարկ է հրաժարվել: Իսկ եթե կա հանրային պահանջ՝ երկրի ղեկավարին որոշելու ոչ թե պառլամենտական ընտրություններով, այլ ուղղակի կամարտահայտությամբ, ապա թող գտնվի այդ հարցով հանրաքվե անցկացնելու իրավական կարգավորում: Միայն ազատ, արդար եւ թափանցիկ հանրաքվեն կարող է որոշել, թե ժողովուրդն ում է տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում: Հրապարակի 40-50 հազար ձայնով ձեւավորված իշխանությունն ի սկզբանե կլինի ոչ լեգիտիմ, անկայուն եւ արտաքին մարտահրավերների դիմաց չափազանց խոցելի: Եւ այդ բարդույթից ազատվելու համար նա արագորեն կվերածվի բռնապետության:



Վահրամ Աթանեսյան