ՀՀԿ-ի երկու երեսը. հրաժարականից մեկ օր անց՝ առաջին դավաճանները
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին մշտապես ՀՀԿ-ի համար պայքարող Երեւանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջից հեռացրել է վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ Ավելին, ականատեսներից Irakanum.am-ին պատմել են, որ նա նախօրեին Հյուսիսային պողոտայում գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ։
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ոչ մի կերպ չէր ցանկանում ընդունել, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի անդամ է․ «Ես խմբակցության մեջ եմ, բայց անդամ չեմ։ Ես երկրապահ եմ, էն գլխից ընտանիքով։ Ես երկրապահի նախագահն եմ, եթե չգիտես, ծանոթանանք, տղա՛ ջան, ես գեներալ եմ, հերոս եմ...: Համենայնդեպս, ժողովրդի կամքն էր, ժողովուրդը ոնց որոշի, նենց էլ պտի անեն»:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյան. «Նիկոլ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը»:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան. «Տեղի ունեցած փոփոխությունները երկրի հեղինակության վրա դրական կազդեն»:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյան. «Ինչ է նշանակում «ձեր կուսակցություն». ես քաղաքական թիմի անդամ եմ եղել, որովհետեւ նշանակվել եմ որպես նախարար: Գիտե՞ք ինչ՝ քաղաքական գործունեության մեջ «սիրել-չսիրել» կատեգորիաները չկան: Եղել է շատ մեծ դժգոհություն, որի գնահատականը տվել է ինքը՝ Սերժ Սարգսյանը, եւ հրաժարական է ներկայացրել: Եթե կայացվել ա որոշումը, ուրեմն արդարացված է եղել»:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան. «Երկրում իշխանություն չի փոխվել, անգամ փոխվելու պարագայում ՍԴ-ն շարունակում է իր գործունեությունը»:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը, ի պատասխան հարցին, թե պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել, պատասխանել է. «Մեր ժողովուրդը մի պահանջ ուներ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց»:
Փաստորեն՝ տպավորություն է, թե Սերժ Սարգսյանն առանձին մարդ էր, ՀՀԿ-ականները՝ առանձին, իրենք լավ են աշխատում, Սարգսյանը՝ ոչ, մեր պաշտոնյաները շատ կարճ հիշողություն ունեն, հասարակ քաղաքացին ատում էր Սերժ Սարգսյանին, քանի որ հենց նրա հովանավորությամբ էր Լֆիկը խլում բիզնեսը, Մանվելը՝ ընտրություն կեղծում, Միհրանը բռնություն գործադրում եւ այլն:
Նկատենք, որ Ծիծեռնակաբերդ այցելած բազմաթիվ պաշտոնյաներ հրաժարվում էին մեկնաբանություն տալ, պատճառաբանելով՝ այսօր այդ օրը չէ, այսինքն՝ դեռ գցում-բռնում են ինչ ասել: Հանուն արդարության պետք է ասել, որ Սերժ Սարգսյանի զինվոր Էդուարդ Շարմազանովը զինվորին վայել պահվածք դրսեւորեց։ «Պարոն նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը բացառիկ հայ է եւ բացառիկ պետական գործիչ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ հրապարակել է Սերժ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նա զինվորական համազգեստով է։ «Մեծատառով մա՞րդ, միանշանա՛կ, նաեւ՝ մարտիկ»,- գրել է նա:
Մեր աչքից չվրիպեց նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի գրառումը: «Պետական մտածողության, քաղաքական արիության եւ ազգային գործչի քայլ։ Ուժեղ եւ հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանն անցնցում պահող քայլ: Խաղաղություն եւ խոհեմություն բոլորիս»:
Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ
Կարծիքներ