ՀԱԵ Արցախի թեմը` որպես Արցախի իշխանությանը փոխարինող

ՀԱԵ Արցախի թեմը` որպես Արցախի իշխանությանը փոխարինող

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիմք դրվեց վտարանդի կառավարություների երևույթին: Ամենահայտնիները լեհական և ֆրանսիական վտարանդի կառավարություներն էին, որոնք գործում էին Մեծ Բրիտանիայում: Վտարանդի կառավարություններից ֆրանսիականը պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայում անմիջապես իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Ավելի բարդ էր լեհականի խնդիրը, քանի որ Լեհաստանն ազատագրած խորհրդային բանակն էլ հենց ձևավորեց (բնականաբար, լեհական կոմունիստական ուժերի մասնակցությամբ) իշխանություն: Եթե գնանք ավելու հեռու՝ դեպի պատմական անցյալ, այդ երևույթի նախնական տարբերակը կարող ենք դիտարկել հրեական համայնքների տեսքով: Որոնք գործում էին բազմաթիվ եվրոպական ու ասիական երկրներում՝ երբ մ. թ. 2-րդ դարի սկզբին համարյա ամբողջապես վտարվեցին իրենց հայրենիքից:

Նիկոլի վարչապետության պարագայում Հայաստանում նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ կազմավորել Արցախի վտարանդի իշխանություն: Նիկոլը կտրում է Արցախի հետ կապված ամեն ինչի արմատները՝ ո՜ր մնաց, որ թույլատրեր Հայաստանում ձևավորել նման կառույց: Եվ ինչպես Հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյան Էդմոնն է հայտարարել, «կորսված Արցախի ինստիտուտների պահպհանումը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է»: Բայց քանի որ Մարուքյանի և մնացած բոլոր նիկոլականների համար՝ Նիկոլի իշխանության պահպանումն «ազգային անվտանգության հարց է», ապա շատ ավելի ազնիվ կլիներ, եթե հենց այդպես էլ ներկայացվեր Արցածխի հետ կապված ամենի ինչ մոռացության մատնելու նիկոլական հրահանգը:

Ստացվում է, որ Արցախի վտարանդի իշխանությունը կարող է ձևավորվել միայն սփյուռքում: Բայց որ երկիրն էլ վերցնես՝ դա դեմ կլինի իր տարածքում այդ կառույցի գոյությանը: Այնպես որ, ցանկանանք, թե ոչ, Արցախի վտարանդի կառավարության գոյության հարցը Նիկոլի օրոք կարելի է համարել փակված: Դրա փոխարեն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կողմից ստեղծվում է վտարանդի թեմ, ավելի ճիշտ, պահպանվում է Արցախի թեմը՝ թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանով։ Ինչը կատարվել է ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի ժամանակ: Հաշվի առնելով, որ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին միշտ իր վրա է վերցրել նաև կառավարման գործառույթներ, ապա նույնը կարող է լինել նաև տվյալ դեպքում: Բայց պետք է հաշվի առնենք նաև, որ մեր տարածքները զավթած թշնամիները թույլատրել են եկեղեցու պաշտոնական գոյությունը, իսկ Նիկոլի իշխանությունը փորձելու է խնդիրներ հարուցել Արցախի թեմի գործունեության առումով: Այնպես որ, թեմի առաջնորդը պետք է պատրաստ և ունակ լինի նման խոչընդոտները հաղթահարելուն: