Վարչապետի հրաժարականը քաղաքական հասունության և խելամտության դրսևորում էր. Շիրակի մարզպետ

Վարչապետի հրաժարականը քաղաքական հասունության և խելամտության դրսևորում էր. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի համար այս օրերին նույնպես դժվար էր: Մարզպետարանի շենքը օրեր շարունակ շրջապատեցին ոստիկանները՝պաշտոնյաներին պաշտպանելու ցուցարարներից: Դաշնակցական մարզպետն աշխատանքի էր գալիս ու շտապում իր աշխատասենյակ, բայց կարճ ժամանակ անց ժողովուրդը նրան պահանջեց՝ դուրս գալ, զրուցել, համոզել ոստիկաններին, որ ճնշումներ չգործադրեին: Արդարության համար պետք է նշենք, որ ի տարբերություն շատ պաշտոնյաների, Շիրակի մարզպետն այս օրերին ամբողջովին չմեկուսացավ ժողովրդից, թեև ոչ միշտ էր նրա ու ցուցարարների երկխոսությունը հաջողվում, այնուամենայնիվ նա դուրս էր գալիս՝ զրուցելու: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ցուցարարների հրավերով նույնիսկ հայտնվեց Գյումրու թատերական հրապարակում, որտեղ երիտասարդներն իրենց հաղթանակն էին տոնում, եւ շնորհակալական խոսքով հանդես եկավ. «Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, որ այս տասը նյարդային, լարված օրերին բոլորս դրսևորեցինք ինքնատիրապետում: Գյումրին այն քիչ բնակավայրերից էր, որտեղ չունեցանք անկարգություն, որևէ բախում: Շնորհակալ եմ թե կազմակերպիչներից, թե բոլորիցդ : Այսօր շատ ուրախ օր է, որովհետև կարողացաք ապացուցել, որ միահամուռ կարող են հասնել այն փոփոխություններին, որ ակնկալվում է: Հիմա շատ կարևոր է, որ այս հեղափոխության արդյունքները կարողանանք ճիշտ օգտագործել»:



Գյումրիում այսօր Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագով մեկնարկեցին Ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումները : Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողին, որից հետո այցելեցին Հերհերի ձոր` հարգանքի տուրք մատուցելու: Այդ ընթացքում Արթուր Խաչատրյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին. «Ես կարծում եմ այդ քայլը որոշակի քաղաքական համարձակություն է իր մեջ ենթադրում, դա քաղաքական հասունության և խելամտության դրսևորում էր»,-ընդգծել է նա