Ինչից չի խոսում Փաշինյանը

Ինչից չի խոսում Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային վերջին ելույթը հիմնականում նախորդի կրկնությունն էր: Մինչդեռ սպասվում էր, որ նա բարձր հուզականությունը կթողներ մի կողմ եւ կասեր պատասխանատու-ծրագրային խոսք: Զգաստացնող է հատկապես մի հանգամանք. Փաշինյանը չի խոսում վարչապետի լիազորությունների վերանայման, կառավարության կառուցվածքի եւ գործունեության օրենսդրական նոր կարգավորումների մասին: Իսկ դա շատ սկզբունքային է:



Գաղտնիք չէ, որ վարչապետի «ժողովրդի թեկնածու» ասելիս նա իրեն նկատի ունի, պատրաստվում է ստանձնել այդ պաշտոնը: Գաղտնիք չէ նաեւ, որ վարչապետի համար օրենքով լիազորություններ են սահմանվել՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին: Խոսքը գերլիազորությունների կամ սուպեր-վարչապետության մասին է: Հաղթողներին, ինչ խոսք, չեն դատում, բայց ամեն ինչ հոսում է եւ փոխվում: Այսօրվա բազմահազարանոց հրապարակը վաղը կդառնա Փաշինյանի թշնամին, եթե նա իշխանության գնա եւ պահպանի սուպեր-վարչապետական ինստիտուտը:



Փաշինյանը պետք է իմանա, որ կատարվածը ահռելի պատասխանատվությունը դնում է իր ուսերին: Որ փոփոխություններ չեն լինի, եթե ինքը հավակնի գերլիազորությունների: Որ հանրային համերաշխության առաջին գրավականն իշխանության լիբերալացումն է, ապակենտրոնացումը: Որ Բաղրամյան 26-ը չպետք է վերստին դառնա բոլոր որոշումներն ընդունողի նստավայր: Որ երկրի նախագահին պետք է տրվեն սահմանադրությամբ հասնող բոլոր լիազորությունները: Որ վարչապետը հաշվետու է խորհրդարանին: Որ կարելի է, գերադասելի է, որպեսզի նախարարները նշանակվեն՝ անցնելով խորհրդարանական հաստատման որոշակի քննություն, եւ այդ ընթացակարգը հարկ է ամրագրել կամ սահմանադրությամբ, կամ օրենքով: Կամ անել առաջին փորձը եւ այն դարձնել ավանդույթ: Մի խոսքով, ոչ թե Փաշինյանը պիտի փոխարինի Սերժ Սարգսյանին, այլ Ազգային ժողովը պետք է օրենսդրական բարեփոխում կատարի, գերլիազորություններով օժտված վարչապետին իջեցնի իր օլիմպիական բարձունքներից, նրան դարձնի պետական պաշտոնյա, որ, ճիշտ է, երկրի փաստացի ղեկավարն է, բայց ամենեւին էլ կուռք չէ:



Քաղաքական ֆիգուրա է, որ իրավիճակի փոփոխության դեպքում կարող է կորցնել պառլամենտական մեծամասնության վստահությունը եւ պաշտոնազրկվել: Եթե դա տեղի չունենա, ապա Հայաստանի գարունը դարձյալ ուշանալու է: Եւ ինչքան շուտ եւ հիմնավոր խոսի այդ մասին Նիկոլ Փաշինյանը, այնքան ապրիլյան հեղափոխությունն ավելի սիրելի է դառնալու: