Ի՞նչ է սպասվում Ադրբեջանին

Ի՞նչ է սպասվում Ադրբեջանին
Ադրբեջանական մամուլը նկատելի զուսպ էր լուսաբանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժումը: Տպավորությունն այն է, որ Ալիեւի համար Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը ոչ միայն ընդունելի, այլեւ ցանկալի է, բայց մամուլը կարողանում էր այդ մասին կամ լռել, կամ խոսել նրբաքողարկված ենթատեքստով: Բայց Երեւանում տեղի ունեցած հանգուցալուծումից հետո ադրբեջանական կողմն արդեն չի կարողանում թաքցնել նյարդայնությունը: ծ



Մամուլում տեղ են գտնում վերլուծականներ, որոնցում, եթե ամփոփ ներկայացնելու լինենք, երեք հիմնական մտահոգություն է հայտնվում: Ադրբեջանցի մեկնաբանները գտնում են, որ Սերժ Սարգսյանից հետո Հայաստանում կձեւավորվի Արեւմուտքի եւ հայկական սփյուռքի անվերապահ աջակցությունը վայելող իշխանություն, որի արդյունավետ գործունեության համար Ադրբեջանի վրա միջազգային մեծ ճնշում կգործադրվի, որպեսզի Հայաստանը միանա տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին, Հայաստանի տնտեսության մեջ կարվեն խոշոր ներդրումներ, ինչը բոլորովին ձեռնտու չէ Ադրբեջանին: Բաքվի երկրորդ մտահոգությունն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը կարող է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված անդրկուլիսյան պայմանավորվածություններից եւ պնդել, որ բանակցություններն սկսվեն այսպես ասած մաքուր էջից:



Ադրբեջանական կողմի հիմնական մտահոգությունը, սակայն, ավելի հետաքրքրական է.«Չի կարելի բացառել, որ Արեւմուտքը կփորձի նման սցենար կիրառել նաեւ Ադրբեջանի նկատմամբ: Համոզված եմ, որ Արեւմուտքը եւ հայկական սփյուռքը ուրախ կլինեին մեր երկիրը տեսնել թույլ եւ կառավարելի... Այս կապակցությամբ պատահական չեն Արեւմուտքից կերակրվող հայրենական շրջանակների «ախ»-երը եւ հոգոցները: Նրանք սոցիալական ցանցերի միջոցով արդեն ձգտում են ձեւավորել հարկավոր հայացք, առաջ մղել հեղափոխության օգտակարությամբ միտքը: Դա վտանգավոր միտում է, որին պետք է ուշադրություն դարձնել»,- գրում է ադրբեջանցի վերլուծաբանը:



Ամենագլխավորն այս պահին, թերեւս, դա է՝ Ադրբեջանում բողոքի զանգվածային ցույցեր կսկսվե՞ն, այնտե՞ղ էլ կհասունացվի իշխանափոխության հանրային պահանջ: