«Բարի Սամարացին» լրագրողի դեմ քաղհայց է ներկայացրել․ լրագրողը կալանավորվել է

«Բարի Սամարացին» լրագրողի դեմ քաղհայց է ներկայացրել․ լրագրողը կալանավորվել է

Հայաստանում մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից «Բարի Սամարացին», 2020 թվականի հունվարի 27-ին դիմել է դատարան՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման եւ հերքման պահանջով։ Պատասխանողը լրագրող Թերեզա Ասատրյանն է: Այս գործով երրորդ անձ է «Բաց Թիվի» ՍՊԸ-ն: Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդման ժամանակ Թերեզա Ասատրյանը հայտարարել է , որ ընկերության մսամթերքն ուտելու բան չէ, այդ ապրանքի մեջ միս չկա, որ այդ ընկերությունը առաջատար է կոչվել ոչ թե այն պատճառով, որ իսկապես առաջատար է, այլ որովհետեւ հոգացել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հյուրերի ծախսերը: 

Այս գործով վերջին նիստը հետաձգեց, քանի որ հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը հայցի հիմքը լրացնելու միջնորդությամբ է հանդես եկել: Իսկ պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել: Նախկինում էլ պատասխանող կողմը չի ներկայացել դատարան, թեեւ պատշաճ ծանուցված է եղել: 

Հայցվորը բացի հերքումից ներկայացրել է նաեւ 2 մլն դրամի փոխհատուցման պահանջ։ Դատը շահելու դեպքում, հայցվորն այդ գումարը ուղղելու է բարեգործական նպատակների: 
«Բարի Սամարացին» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը համարում է, որ այդ հայտարարությամբ, անձը ոչ միայն վիրավորել է իր ընկերության արտադրանքը, կասկածի տակ է դրել ընկերության համբավը եւ որակավորման կառույցների գործունեության անաչառությունը, որոնք պարբերաբար քննության են առնում ընկերության արտադրանքը: Հաջորդ նիստը, որը կկայանա նոյեմբերի 24-ին, կբաշխվի ապացուցման բեռը:

Ի դեպ, Թերեզա Ասատրյանի դեմ սա երկրորդ բողոքն է: Մի բողոք էլ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էր ներկայացրել՝ նույն հաղորդման շրջանակներում, իր հասցեին արված զրպարտչական հայտարարությունների համար: 

ՀԳ Առավոտյան տեղեկացանք, որ Թերեզա Ասատրյանը կալանավորվել է՝ 160 հազար դրամի հետ կապված խարդախության մեղադրանքով։ Նա տարիներ առաջ եւս կալանավորվել էր, մոտ մեկ տարի անցկացրել կալանավայրում, ապա դատական կարգով արդարացվել։