Եթե իմանայինք՝ երիտասարդությանը փողոց հանելով կզարգանար երկիրը, բոլորս կանեինք. ԼՂՀ պատգամավոր

Եթե իմանայինք՝ երիտասարդությանը փողոց հանելով կզարգանար երկիրը, բոլորս կանեինք. ԼՂՀ պատգամավոր
Ղարաբաղն ուշի ուշով հետեւում է Հայաստանում ընթացող քաղաքացիակայն անհնազանդության ակցիաներին եւ հորդորում կողմերին չգնալ առճակատման: Կոչը Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Ազիկ Մխիթարյանի կողմից է: Նա հասկանում է՝ ցանկացած քաղաքացու իրավունքն է ընդվզել իր իրավունքների համար,սակայն առճակատումն ընդունելի չէ նախեւառաջ ղարաբաղցիների համար:



-Մենք չգիտենք հիմա հետեւենք երեւանյան գործընթացներին, թե մեր սահմաններին:Չէ որ ներքին ցանկացած լարվածություն իր ազդեցությունն է ունենում այն բոլոր գործընթացների վրա, որոնք ապառնում են Ղարաբաղին:Ցանկացած պահի կարող են օգտագործել պահը:



**-Ինչպե՞ս եք պատկերացնում հանգուցալուծումը, օրեցօր մեծանում բողոքի ալիքը, իշխանությունների երկխոսության առաջարկն էլ մերժվում:**



-Ես գուշակություն չեմ կարող անել հանգուցալուծման վերաբերյալ, բայց այն մարդը, որը նախաձեռնել է ու սկսել որոշակի գործողություններ անել, նա անպատճառ գիտի նպատակը, գիտի, թե ինչ հանգուցալուծման է տանում:



-**Դուք կարծում եք՝ շարժումը կհասնի՞ հռչակած նպատակին, եւ Սերժ Սարգսյանը կհրաժարվի՞ վարչապետի պաշտոնից:**



-Չեմ կարծում, պարզապես չեմ ուզում որեւէ գուշակություն անել:Ընդհակառակը, ես չեմ կարծում, որ սա կարող է ֆորմալ ելքի հասնել, որովհետեւ արդեն տեսնում ենք երկու կողմերից էլ անկարգություն կա, ուժի կիրառում:



**-Ձեր համար Հայաստանում ստեղծված իրավիճակն ընդունելի՞ է, թե ոչ, Սահմանադրություն փոխելը, երրորդ ժամկետ իշխանության ղեկին մնալը քայլ են դեպի ժողովրդավարությո՞ւն:**



-Չեմ կարող ասել, թե որեւէ մեկի համար լարվածությունն ընդունելի կլինի: Թեպետ ցուցարարները կարող են ունենալ շատ պահանջներ, որոնք շատերի համար են ընդունելի, պարզապես ձեւն է անընդունելի: Լավ կլիներ, որ մյուս պատգամավորների պես դրանք ներկայացվեր ԱԺ ու այնտեղ լուծում տրվեր: Բայց այսքան երիտասարդություն հանել փողոցներ, եթե մենք իմանայինք, որ երկիրը դրանից զարգացում կապրեր, բոլորս կանեինք: Գիտեք, Սահմանադրությունը նոր չեն փոխել, Սերժ Սարգսյանն էլ մեկ անգամ չէ, որ բացատրեց ինչու է առաջադրվում, օրը երեք անգամ նա այդ մասին խոսեց վերջերս ու բոլորին ակնհայտ է, թե ինչով է բացատրվում դա:





**-Բակո Սահակյանն էլ կարծես նույն ճանապարհով է գնում: Դուք հնարավոր չե՞ք համարում, որ այս ակցիաները ինչ-որ պահի վարակիչ կարող են դառնալ նաեւ Արցախում:**



-Ոչ, մենք զբաղված ենք մեր սահմանների պաշտպանությամբ, մենք նման բան չենք կարող նախաձեռնել, մեր ամբողջ հոգսը մեր սահմաններն են, մեր բնակիչը թշնամու սահմանից մեկ կիլոմետր է հեռու, կրակոցները մեր ականջի մեջ են, մենք ոնց կարող ենք թողնել այդ խնդիրն ու զբաղվել նման հարցերով:



-**Դուք էլ եք կարծում, որ Սերժ Սարգսյանը նույն Ղարաբաղի խնդրի հարցում իր դերակատարությամբ այնքան անփոխարինելի՞ է, որ նրա պաշտոնավարման շարունակությանը այլընտրանք չկար:**



-Գիտեք, դրանք ծեծված հարցեր են, որոնք տարիներ շարունակ գնացին, եկան հիմա հանգուցալուծման: Մենք չէ, որ պետք է գնահատական տանք՝ փոխարինելի է, թե անփոխարինելի, ԱԺ-ում մեծամասնությունը՝ 77 հոգի գտել է, որ անփոխարինելի է: Եթե ես հանկարծ ասեմ, որ անփոխարինելի է, որեւէ էական նշանակություն կունենա՞: Ի վերջո, մենք հեռու ենք այդտեղ կատարվող գործընթացներից եւ չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում, այդ հարցին պատասխանել է ԱԺ-ն իր քվեարկությամբ: