Թաթա Սիմոնյանի ուղերձը

Թաթա Սիմոնյանի ուղերձը
Ես ողջունում եմ քեզ իմ սիրելի, իմ հպարտ, իմ անկոտրում հայ ժողովուրդ:



Բնույթով և խառնվածքով ես երբեք չեմ եղել մեր երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների ակտիվ օղակներում, ավելին` միշտ եղել եմ հավատացած, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի ստացվի առավելագույն լավ արդյունք:



Իմ կեցվածքի պատճառով շատերին կթվա, թե ես անտարբեր եմ կյանքում, երկրում և իմ հարազատ քաղաքում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, բայց ոչ, ես չեմ կարող հանդիսատեսի նման վերաբերվել այն ամենին, ինչ հիմա կատարվում է իմ ազգի, իմ փառապանծ ժողովրդի հետ:



Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները, նրանց զավակներն ու թոռները:



Չկա մեկը, անկախ սոցիալական սանդուխքի վրա զբաղեցրած իր դիրքից, տարիքից և սեռից, ում հոգին չի ալեկոծվել տեսնելով այս ամենը, ինչն այժմ կատարվում է մեր բազմաչարչար երկրում:



Հավատացած եմ, որ մեր իմաստուն կառավարիչներն ու պետական այրերը նույնպես փնտրում են լավագույն ճանապարհը, մեր հայրենիքն առանց ցնցումների, պատվով դուրս բերելու այս քաոսային իրավիճակից, և տա Աստված, որ միասին գտնենք ճիշտ ելքը:



Խոսքս ուղղում եմ բոլորին, բոլորին, բոլորին …



Չմոռանաք, որ մեր երակներում հոսում է նույն արյունը՝ Նարեկացու և Չարենցի, Անդրանիկի և Նժդեհի, և այդ արյան ամեն մի կաթիլն աշխարհի չափ թանկ է մեր համար:



Աստված օրհնի մեր երկիրը: Աստված օրհնի մեր ազգը:



Միշտ ձեր՝ **Թաթա Սիմոնյան**: