Իշխանությունները դեռ չեն համակերպվել այն մտքի հետ, որ արդեն երկրի տերը չեն

Իշխանությունները դեռ չեն համակերպվել այն մտքի հետ, որ արդեն երկրի տերը չեն
Կոմպոզիտոր, երաժիշտ **Գիսանե Պալյանը**, անդրադառնալով արդեն 9 օր շարունակ Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում իրականացվող քաղաքացիական անհնազանդության երթերին, հանրահավաքներին, բողոքի ալիքներին, նշեց, որ սա ուղղակի շարժում չէ՝ կազմակերպված մի խումբ մարդկանց կողմից, այլ՝ համաժողովրդական շարժում․ «Ինչքա՞ն կարելի է ժողովրդի համբերության հետ խաղալ, չափ գոյություն ունի, հասկանում ենք, որ ինչ-որ բան դժվար է, պատերազմական վիճակ կա օդում կախված, տնտեսական ճգնաժամ է, տարբեր բաներ կարելի է պատճառ բերել, բայց ես վստահ եմ, որ ցանկության դեպքում գոնե մի քիչ հնարավոր է սովորական մարդկանց կյանքը թեթեւացնել։ Եթե բոլորը վատ ապրեն, ինչ-որ ձեւով կհասկանաս․ 90-ականների մութ տարիներին այդ կոնտրաստը համաչափ էր, բոլորն ուրիշ ձեւ էին դրան վերաբերվում, որովհետեւ հասկանում էին, որ ընդհանուր բոլորի վիճակն է այդպիսին՝ պատերազմական վիճակ է։ Հիմա, երբ տեսնում ես, որ շատ մեծ է այդ տարբերությունը հարուստների ու չքավորների միջեւ, ու պատճառաբանությունը, թե բյուջեում գումար չկա՝ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու, ընդհանրպես ընդունելի չէ։ Ո՞ւր է գնում այդ բյուջեն, ինչո՞ւ չի լցվում, այդ հարկատուներն էլի իշխանության ներկայացուցիչներն են կամ նրանց բարեկամները, որոնք պետք է օրենքով շարժվեն եւ նորմալ հարկեր վճարեն, որպեսզի բյուջեն լցվի։ Այսինքն՝ իրականում ամեն ինչ կարելի է անել։ Սա վերջին կաթիլն է, եւ ես ուրախ եմ, որ այս համաժողովրդական վիճակը ստեղծվեց, որովհետեւ մի քանի շարժումներից հետո, երբ հիասթափություն եղավ մարդկանց մոտ՝ ոչինչ չփոխվելու արդյունքում, մտավախություն կար, որ մարդիկ պասիվացել են ու ոչ մի բանի չեն արձագանքի, զարթոնք չի լինի։ Բայց հիմա տեսնում եմ դա՝ ի դեմս երիտասարդների, որը շատ է ուրախացնում ինձ։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, ավելին՝ շատ բնական երեւույթ է տեղի ունենում, հաստատ՝ ժողովուրդը վատ է ապրում, դուք ինքներդ էլ դա գիտեք, դա նույնիսկ ասելու բան չէ։ Եթե ինչ-որ մեկը վերեւում չգիտի, թե հասարակ մարդը ոնց է ապրում, թող գնան իրենց դավթարները բացեն ու տեսնեն, թե մարդկանց ինչքան են աշխատավարձ վճարում։ Ո՞նց կարող են չիմանալ, պարտադիր չէ մարդկանց բնակարանների դռները թակել ու տեսնել, թե ոնց են ապրում, նայեք՝ ինչքան թոշակ ու աշխատավարձ եք տալիս։ 40 հազար դրամով մարդիկ ո՞նց ապրեն եւ ո՞նց կարող են չդժգոհել»։



Գիսանե Պալյանն ընդգծում է՝ մարդկանց չպետք է հասցնեին այս վիճակին․ «Ի՞նչ զիջումներ կարող են լինել, իրենք են ժողովրդի ծառաները, նրանք պիտի ծառայեն, որ ժողովուրդը լավ ապրի, բայց մենք ենք դարձել իրենց ծառաները։ Այստեղ օրենքի գերակայությունն է ամենակարեւորը, բայց օրենքն ընդհանրապես չի աշխատում մեր երկրում, որովհետեւ միայն հասարակ մարդկանց վրա է աշխատում։ Եթե օրենքով ապրեն բոլորը՝ հարկատուն հարկը վճարի, վերնախավն օրենքով ապրի, մենաշնորհներ չլինեն, միանգամից կուղղվի այս վիճակը։ Իսկ դրա համար ընդամենը պետք է, որ բոլորն օրենքով ապրեն, բայց ո՞նց, եթե իրենց վրա ո՛չ վերահսկողություն կա, ո՛չ դատարան։ Անկեղծ ասած՝ չգիտեմ հանգուցալուծումն ինչպես կլինի, չեմ կարող ասել, թե չեմ հավատում, որ բան կփոխվի, որովհետեւ ավելի շատ հավատում եմ։ Պարզապես չեմ պատկերացնում, թե դա ինչպես պետք է լինի։ Մարդիկ ուզում են, որ իրավիճակը փոխվի, մարդկանց համար միեւնույն է, թե վերեւում ով է, ինչ անուններ են, ինչ մարդիկ։ Սոցիալական արդարություն է պետք, ընդ որում՝ մեր ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ է, ոչ ոք չի ուզում, որ նստած տեղը ոսկով կարաս գլխին ընկնի, ընդամենը աշխատանք են ուզում, որի դիմաց նորմալ վարձատրվեն, ինչը հնարավոր է անել։ Եթե հնարավոր լիներ մի օրով տեղերը փոխել՝ վերնախավը դառնար ժողովուրդը, այն ժամանակ շատ բան այլ կերպ կլիներ»։



«Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության անդամ, երաժիշտ **Եղիշե Պետրոսյանը** հիանում է մեր երիտասարդությամբ․ «Երիտասարդության ընդվզումը, բողոքն իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ սա զարթոնք է, սա շատ կարեւոր պահ է, մեզ մոտ սկսեց ձեւավորվել քաղաքացին․ այս պահին ուղղակի հրաշք է կատարվում։ Ամեն մի ժամն այս իրավիճակում ինչքան էլ անհանգստություններ է առաջացնում բոլորի համար, բայց մեզ մոտեցնում է երկիր կառուցելու սկզբին, վերջապես քայլ է արվում, որ երկիր կառուցվի, եւ երիտասարդության միանալը սրա հաջողության գրավականն է»։



Պետրոսյանը համոզված է՝ ինչքան ոստիկանությունը փորձի ճնշել, բերման ենթարկել, այնքան զսպանակի էֆեկտով ժողովրդի հոսքը կմեծանա․ «Պարտադիր կմեծանա, որովհետեւ այդ վարվելաձեւը՝ նռնակ նետելը, նրա շարունակությունն է, որ էն ժամանակվա մեղավորներից ոչ մեկը պատասխան չտվեց իրենց այլանդակությունների համար, այլ հակառակը՝ նրանց ցուցմունքներով շատ պարկեշտ մարդիկ հայտնվեցին բանտերում կամ ճաղերի հետեւում։ Նրանք այլ ձեռագիր չունեն, ապրում են միջնադարում, մեր իշխանությունները եւ հատկապես նրան սպասարկող ոստիկանությունը միջնադարյան այդ բարքերից դենը բան չեն պատկերացնում։ Դրան, իհարկե, պետք է հակադրել խաղաղ անհնազանդությունը եւ ամեն մի հարվածին ցույց տալ 10 մարդու ավելացմամբ, որովհետեւ այս համակարգը շատ վաղուց իրեն սպառել է եւ արդեն կործանարար է մեր պետության համար։ Այս համակարգը պետք է քանդվի, եւ նոր, ամուր հիմքեր փորելով՝ երկրի հիմքեր դրվեն՝ Սահմանադրությամբ, Ընտրական օրենսգրքով, եւ մեկ անգամ գոնե ժողովուրդն զգա, որ ինքն իշխանության տերն է եւ կարող է իշխանություն փոխել, եթե իրեն դա ձեռք չի տալիս, մենք հենց այդ պահից սկսած՝ կթեւակոխենք հանրապետություն կոչվելու փուլ»։



Այս օրերին իրենց «քայլն» են անում նաեւ մարզերը, որտեղ նույնպես մեծամասշտաբ երթեր են ընթանում, անգամ Սփյուռքն է միացել։ Այս մեծ ոգեւորությանը կհաջորդի մեծ հիասթափություն, թե՝ ոչ, դա միայն մեզնից է կախված՝ համոզված է Պետրոսյանը․ «Նրանք իրենց բիրտ ուժը ցույց են տալու, իրենց ատամները մերկացնելու են, իսկ դրան անպայման, որպես հակակշիռ, պետք է մեր ժողովրդի քանակն ու ճնշումն ավելանա։ Այդ ժամանակ այլ հեռանկար չեն ունենա, քան հրաժարական տալու, եւ կտեսնեք, որ մի ժամվա ընթացքում ամբողջը կփլուզվի։ Իշխանությունները դեռ չեն համակերպվել այն մտքի հետ, որ արդեն երկրի տերը չեն։ Քաղաքացին գլուխ է բարձրացրել եւ գիտակցում է, որ ինքն է տերն այս երկրի։ Մեծ ցասում կար, որը պետք է հորդար եւ հորդաց եւ եղավ այն պահին, երբ թվում էր, թե անհույս է։ Ես կասեի, որ ժողովուրդը պարտավոր է ամեն մեկն իր վրա պարտականություն վերցնել՝ ուժեղացնելու այս ճնշումը, որը մեզ շանս կտա, եւ Աստված չանի, որ մենք այնքան հապաղենք, որ կողքից սկսեն խառնվել ու ուղղորդել։ Մենք ինքներս պետք է լուծենք, եւ այդ դեպքում այն իշխանությունները, որին կընտրենք եւ կտանք այդ վստահության քվեն, նրա հետ Պուտինն էլ, Թրամփն էլ անկեղծ կխոսեն։ Իսկ եթե մենք ձգձգեցինք կամ թուլացրինք, շատ մարդ կտուժի, կամ էլ կգնան ավելի բիրտ ճանապարհով։ Մենք պետք է ճնշումն ուժեղացնենք եւ գնանք իշխանափոխության եւ կարողանանք կազմակերպել մարդավայել ընտրություններ»։



Ըստ Պետրոսյանի՝ այս պահին բոլորը պատասխանատվություն ունեն․ «Ինչի՞ նման է, որ դասախոսները դռները փակում են ուսանողների առաջ, մեր ամբողջ հույսը նրանք են։ Եվ նրանց առաջ դուռ փակել կամ շանտաժներով պահել լսարաններում, շատ ամոթ բան է։ Ես ամոթանք կտայի այդ դասախոսներին եւ ռեկտորներին, նրանք իրավունք չունեն այդ բանն անել, եւ լավ է արդեն, որ ուսանողությունը գիտակցում է դա, եւ նրանք միայն կուսակցականներն ու ուսխորհուրդները չեն։ Ժողովրդական ճնշման տակ Շարմազանովի լեքսիկոնն էլ է փոխվել, շփումն էլ՝ լրագրողների հետ, նախագահի հարցազրույցի որակն էլ է փոխվել, ինչ-որ ընդառաջ գնալու ծիլեր ենք տեսնում, բայց մենք արդեն գտնում ենք, որ գնացքը գնացել է, եւ ամեն ինչ պետք է նորից սկսել»։