Իրավիճակը բարդանում է

Իրավիճակը բարդանում է
Ինչպես կուզեք անվանեք մեր երկրում ստեղծված վիճակը՝ փակուղի, ճգնաժամ, հակամարտություն, հեղափոխական իրավիճակ, դրանից բովանդակությունը չի փոխվում, եւ այն լուծման կարոտ է։ Նկատելի է, որ իշխանությունը զուգահեռաբար երկու, անգամ երեք ճանապարհով է առաջ շարժվում։ Մեկը, անշուշտ, ոստիկանական գործողություններն են եւ սպառնալիքները՝ ոստիկանության հաղորդագրությունների, ապա Սերժ Սարգսյանի հարցազրույցում արված թափանցիկ ակնարկի տեսքով․ «Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք, ի՞նչ ասեմ»:



Մյուսը երկխոսության պատրաստակամությունն է, որը վերջին օրերին լսվում է տարբեր իշխանավորների՝ ՀՀ նախագահի, առաջին փոխվարչապետի, երկու կաթողիկոսների, Դաշնակցության, անձամբ իր՝ Սերժ Սարգսյանի շուրթերից։ Եվ երրորդը, թերեւս, այն փոքրիկ նահանջն է, որն արձանագրվեց նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հրապարակավ հրաժարվեց պետական բնակարանից՝ որպես սեփականություն իրեն տրամադրված կառավարական ամառանոցը վերադարձնելով պետությանը եւ հայտարարելով, որ դրա ժամանակը չէ․ «ՀՀ երրորդ նախագահի բնակավայրի հարցը կլուծվի ավելի ուշ, երբ այս (վարչապետի) աթոռին այլ անձ նստած լինի»։



Բայց չի կարելի պնդել, որ այս քայլերն ու առաջարկներն ուշացած չեն, քանզի տպավորություն կա, որ իշխանությունը սպառել է հանրային վստահության ռեսուրսը, իր վարքով ու գործողություններով լցրել հասարակության համբերության բաժակը։ Եվ հասարակությունն այլեւս չի ուզում ո՛չ երկխոսության գնալ նրա հետ, ո՛չ ժամանակ տալ, ո՛չ սպասել լուսավոր ապագային ու տնտեսական թռիչքին։ Նա մի բան է պահանջում՝ հեռացեք, հնարավորություն տվեք՝ թող ուրիշները գան ձեր փոխարեն։ Գուցե նրանց մոտ ավելի լավ ստացվի։