Ոստիկան միացի՛ր, դոլարներին տիրացի՛ր. բազմամարդ երթ Գյումրիում

Ոստիկան միացի՛ր, դոլարներին տիրացի՛ր. բազմամարդ երթ Գյումրիում
Գյումրիում արդեն 5-րդ օրն է պայքարը շարունակվում է: Կեսօրին ցուցարարներն ավտոմեքենաներով փակեցին Երևան-Գյումրի մայրուղին, իսկ Շիրակի Լուսաղբյուրի ու Շիրակավանի բնակիչները փակեցին Գյումրի-Արմավիր մայրուղին՝ ստեղծելով խցանումներ:



Երեկոյան արդեն ցուցարարները Հանրաապետության երկրորդ քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում էին: Այսօր ցուցարարների թիվը եռապատկվել էր: Նրանք որոշեցին ոտքով երթ կազմակերպել քաղաքի մի ծայրից մյուսը: Հսկում էին մեծ թվով ոստիկաններ, ովքեր ստիպված էին ոտքով քայլել այնքան, որքան ցուցարարները: Երթի մասնակիցները քայլեցին դեպի հաղթանակի պողոտա, հետո շարժվեցին դեպի Շիրակացի, Վազգեն Սարգսյան փողոցներ, այնուհետև Գարեգին Նժդեհ, հասան մինչև 58 թաղամաս, որը քաղաքի մի ծայրն է:



Այսօր քայլերթին միացել էին նաև ավտոմեքենաները, որոնք զուգահեռ ընթանում էին քայլողների կողքով: Համացանցում վերջին օրերին հայտնված կեսկատակ, կեսլուրջ գրությունը, թե սփյուռքահայությունը 10 հզր դոլար կնվիրաբերի այն ոստիկանին, որ կանցնի ցուցարարների կողմը, գյումրեցիներին նոր կարգախոսի առիթ էր տվել: Այսօր ցուցարարների հնչեցրած կոչերին մեկն էլ ավելացավ. «Ոստիկան միացի՛ր, դոլարներին տիրացի՛ր»:



Երթի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնվել զրուցել իրենց կողքով քայլող ոստիկանների հետ: Ցուցարար երիտասարդներից մեկը հերթով ոստիկաներից հարցնում էր. «Դու 10հզր դոլար չե՞ս ուզե»: Ոստիկան աղջիկներից մեկը խիստ պատասխանեց. «Իհարկե, ո՛չ»:



«Փաստորեն, ահագին բարձր աշխատավարձ են ստանում մեր ոստիկանները»,- հետևություն արեց ցուցարար երիտասարդը:



Նշեք, որ հանրահավաքը շարունակվում է, ցուցարարները մինչև ուշ երեկո պատրաստվում են մնալ Թատերական հրապարակում: