Երեկվանից մտածում եմ այն ոստիկանի մասին. ամբողջ օրը աչքիս առաջ էր այդ զղջացող դեմքը

Երեկվանից մտածում եմ այն ոստիկանի մասին. ամբողջ օրը աչքիս առաջ էր այդ զղջացող դեմքը
Գյումրեցի ակտիվիստ, դասախոս Կարեն Պետրոսյանին առաջին անգամ չէ, որ ոստիկանները բերման են ենթարկում: Այս օրերին ընթացող ցույցերի ընթացքում նրան հասցրեցին բերման ենթարկել ե՛ւ Երևանում եւ Գյումրիում: Ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների մասին ակտիվիստն իր դիտարկումն ունի: « Որոշ հարգելի ոստիկաններ նեղվել էին, որ երիտասարդներից մեկ -երկուսը իրենց մենթ էին ասել, իհարկե դեմ լինելով այդ արտահայտությանը, ասեմ, որ բոլոր նրանք ովքեր մունդիրը /ոստիկանական համազգեստը/ կօգտագործեն մարդ ծեծելու, վիրավորելու, բռնության ենթարկելու, գործ սարքելու, բռնապետությանը սպասարկելու նպատակով իմ համար ևս մենթ են, միայն թե ոչ թե ատելու, այլ դարձի բերելու համար: Բայց ես շատ ոստիկաններ գիտեմ, ովքեր իրենց ծառայությունն են անում լավ երկիր ունենալու համար, և ուրեմն ամեն Մի ոստիկանության աշխատող ինքը ունի ընտրելու հնարավորություն, լինել հասարակության մեջ հարգանք վայելող անձ, ով ծառայում է իր ազգին ու ժողովրդին, թե …»:



Շարունակելով միտքը՝ ակտիվիստը նշում է. « Երեկվանից մտածում եմ այն ոստիկանի մասին, ով վիզը ծուռ կեղծ զեկուցագիր էր գրում առ այն, որ մենք չենք ենթարկվել իր օրինական պահանջին: Մինչդեռ ինքն էլ գիտեր, որ ինքը սուտ վկայություն է տալիս, ու դա իր խղճի վրա է: Ամբողջ օրը աչքիս առաջ էր այդ զղջացող դեմքը, հիմա, բոլորիս էլ ակնառու է, որ այդ ոստիկանը իր հոժար կամքով դա չի գրում, իրեն հրամայել են, ինքն էլ գրում է, այստեղ հարց է առաջանում, թե արդյոք այդ մի քանի հազար դրամի համար արժի, որ ինքը ամեն օր ենթարկվի հոգեբանական բռնության ու նվաստացման: Կարծում եմ, այս հարցը պետք է իրեն տա ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից, կարծում եմ նաև՝ ավելի լավ է արդար քրտինքով, վաստակել այդ գումարը քան նման պայմաններում մնալ և նվաստանալ, չգիտեմ, միգուցե կողքից հեշտ է դատելը, բայց ես այդ ոստիկանի մեջ ահավոր խղճմտանք տեսա: Ի՞նչ եմ ուզում՝ ասել, որ այս ամբողջ իրավիճակը առաջացել է մեկ կամ մի քանի անձանց անձեռնամխելիության գործին լծված ոստիկանության ստրկամիտ համակարգի պատճառով, չվիրավորելով ոչ մի ոստիկանի, ուզում եմ փաստել, որ Աստված իրենց ևս հնարավորություն է տվել ընտրել քրիտինքով հաց վաստակելու արժանապատիվ կյանք թե մնալ համակարգում ու լինել այն կարգավիճակում որ է... »:



Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով ոստիկանների բռնի գործողություններին, վիրավորական եւ դատապարտելի համարեց Գյումրու Կումայրի ոստիկանական բաժնի պետ Արթուր Հակոբյանի արտահայտությունները, որոնք ոստիկանապետը հնչեցրեց ցուցարար երիտասարդների հասցեին՝ ասելով. «Դուք ծնողներ չունե՞ք, …..իմ երեխեն եղներ՝ վիզը կպոկեի»: Իրավապաշտպանի կարծիքով սա ապացույցն է այն բանի, որ ոստիկանության համար օրինականության պահպանումն առաջնահերթ չէ: Նշենք, որ 5-րդ օրն է՝ Գյումրիում պայքարը չի դադարում: Ցուցարարներն ընտրել են պայքարի տարբեր ձևեր. այսօր փակեցին մայրուղիները, այդ թվում՝ Երևան-Գյումրի: