Ի վերջո, ամոթ է, զբոսաշրջիկներն ի՞նչ կմտածեն

Ի վերջո, ամոթ է, զբոսաշրջիկներն ի՞նչ կմտածեն
_Հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր __**Կարինե Աճեմյանի**__ հետ_



**- Տիկին Աճեմյան, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հանրահավաքներն արգելակում են տնտեսության զարգացումը, սակայն մենք նախկինում այլ բացատրություններ էինք լսում, թե ինչու են պակասել ներդրումների ծավալները։ Կասե՞ք՝ ինչպե՞ս են ազդում այս բողոքի ակցիաները տնտեսության վրա։**



Ես ավելի վաղ եմ դրան անդրադարձել ու համոզված եմ, որ այդ պրոցեսներն ազդում են ոչ միայն տնտեսության, այլեւ մեր վարկանիշի վրա, ինվեստիցիաների վրա, տուրիզմի վրա, առհասարակ՝ ժողովրդի բնականոն զարգացման վրա եւ մեզ հետ են գցում։ Եվ բացարձակ տեղին չէ, երբ այդ բողոքողները խոսում են ամբողջ ժողովրդի անունից, որովհետեւ ժողովուրդը շատ ավելի գիտակից է եւ հասկանում է, թե ինչ է կատարվում։ Մենք դեմ չենք փողոցային ակցիաներին, մենք դեմ ենք անկարգություններին, անօրինականություններին։



**- Համեմատություն ունե՞ք՝ կոռումպացված իշխանավորնե՞րն են ավելի շատ խոչընդոտել տնտեսության զարգացմանը, թե՞ ցուցարարները։**



Առհասարակ, կոռուպցիան միշտ բոլոր երկրներում խոչընդոտում է զարգացմանը։ Սակայն մեր նոր օրենսդրական դաշտը եւ այն հանձնաժողովը, որն ստեղծվում է, որպեսզի պայքարի կոռուպցիայի դեմ, ավելի շատ քայլեր կանի այդ ուղղությամբ, որը տեսանելի կլինի հասարակության համար։ Այո, մենք ինքներս էլ շատ ավելի մոտիկից գիտենք, թե ինչ թերություններ ունենք, եւ այս տարիների ընթացքում չպիտի անտեսել կամ չեզոքացնել այն ամենը, ինչ մենք ունենք։ Անցնելով խորհրդարանական համակարգի՝ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ հաջողությունների կհասնենք։



**- Դուք այս օրերին անկարգություննե՞ր եք տեսել Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քայլարշավի մասնակիցների կողմից։**



Այո, տեսել եմ, ես ապրում եմ կենտրոնում եւ տեսել եմ, թե ինչպես են փողոցի նստարանները կոտրել, տեսել եմ, որ աղբը թափել են ու աղբամանները տարել, տեսել եմ, թե ինչպես են պոկել ծաղիկներ։ Այսինքն՝ մենք քայլ առ քայլ մի բան անում ենք, զարգացնում ենք, եւ, կարծում եմ, զբոսաշրջիկների աչքով էլ դա դրական չէ, որովհետեւ ամեն զբոսաշրջիկ, երբ հեռանում է, իր հետ տանում է կարծիք եւ դիրքորոշում։ Այդ առումով ամոթ է, եւ ամենեւին էլ դրական չէ այս իրավիճակը։



**- Ցուցարարները Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրում են իշխանություններին՝ նշելով, որ նրանք են իրենց «սադրիչ խմբերին» դուրս բերել փողոց՝ այս շարժումը վարկաբեկելու համար։**



Ես բացառում եմ եւ առաջին անգամն եմ լսում նման սադրիչ խմբերի մասին։ Իշխանությունը բացարձակապես շահագրգռված չէ անօրինական գործողությունները խթանելու համար, իհարկե, հարգելով խաղաղ ցուցարարներին, կարծում ենք, որ սադրիչ կոչեր հնչում են հենց ընդդիմադիրների կողմից։ Օրինակ՝ ես լսել եմ, թե ինչպես են այդ հավաքների ժամանակ ասում՝ «չեզոքացրեք» այսինչ մարդուն, իսկ այդ բառի տակ ես լավ բան չեմ տեսնում։



**- Բայց չեզոքացնելու կոչեր հնչում են միայն սադրիչների վերաբերյալ։**



Այո, սադրիչ գործողություններ հրահրողներ պետք է այնտեղ չլինեն, բայց «չեզոքացնել» բառի տակ շատ բաներ կարելի է հասկանալ, նաեւ այնտեղ անչափահասներ են կանգնած եւ դպրոցականներ, որոնց ներգրավումն առհասարակ անթույլատրելի եմ համարում։ Պետք է նաեւ հաշվի առնենք այս աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք սարսափելի են մեզ համար։ Ի վերջո, աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի առաջ, եւ մենք շատ մոտ ենք գտնվում այդ գործընթացներին, մենք ունենք շատ խնդիրներ, ունենք հարեւաններ, որոնք մեր զարգացումների հետ բացարձակ համաձայն չեն, մենք շատ զգոն պետք է լինենք։



**- Դուք օրեր առաջ, երբ քայլարշավը նոր էր սկսվել, թերահավատ էիք, որ հրապարակում մարդ կհավաքվի։ Տեսնելով բազմահազարանոց ցույցերը, ի՞նչ տպավորություն ունեք հիմա։**



Այո, օրեր առաջ ես հայտարարել եմ, որ Փաշինյանը նման ռեսուրս չունի, հիմա էլ վստահ եմ, որ սա իր ռեսուրսը չէ, որ տեխնոլոգիաներ են կիրառում, որ ինքն օգնություն ունի, ես ավելին չեմ կարող դրա մասին խոսել, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, պարզապես այն երիտասարդությունը, որ կանգնած է փողոցում, հասկանար ու գիտակցեր, թե ուր է գնում։ Ի վերջո, այս ցույցերը քաղաքական բովանդակություն չունեն, դրանք ամբողջությամբ տեխնոլոգիաներով կազմակերպված ցույցեր են։



**- ԱԺ հատուկ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն ակնարկում էր «հանգած հրաբուխներին», ո՞ւմ նկատի ուներ՝ նախկին իշխանավորներ, արտաքին խաղացողներ․․․**



Ես այդպիսի հարցի չեմ պատասխանի, որովհետեւ կասկածը երբեք ճշմարտություն չէ։



**- Դուք չե՞ք զգում հեղափոխության շունչը։**



Գիտեք, ամեն ինչ պետք է տրամաբանված լինի, այն, ինչի դեմ նրանք պայքարում են, այլեւս փաստ է, իրողություն, եւ այլեւս իշխանափոխության մասին խոսք լինել չի կարելի։ Քանի որ եթե մենք օրենքի մարդիկ ենք, իսկ Նիկոլ Փաշինյանն օրենքի մարդ է եւ առաջինը պետք է համակերպվի այս իրականության հետ։



**- Իսկ եթե չհամակերպվի, ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս իրավիճակը, կլինի՞ ոստիկանությանը ուժի կիրառման հրաման։**



Ես կարծում եմ, որ ոստիկանությունը եւ իշխանությունն այս օրերին հանդուրժող են գտնվել եւ որեւէ բախման գնալու ցանկություն չունեն, բայց միեւնույն ժամանակ թույլ չեն տա, որ սահմանադրական օրենքների խախտմամբ գործընթաց փոխվի։