Փոստանջյանն այլեւս չի քննադատում Նիկոլ Փաշինյանին

Փոստանջյանն այլեւս չի քննադատում Նիկոլ Փաշինյանին
Այս օրերին, Նիկոլ Փաշինյանին զուգահեռ, երթ է արել նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նա էլ Նիկոլի պես իր երթը, որը կրում է «Ընդվզի՛ր» խորագիրը, սկսել է մարզերից։ Երեկ արդեն Երեւանում էր ու հասցրել է հայտնվել միջադեպում, երբ մուտք է գործել Արաբկիր համայնքում գտնվող Հերացու անվան դպրոց ու կոչ արել դասադուլ սկսել։ Ի դեպ, բավականին փոխվել է Փոստանջյանի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ում ժամանակին համարում էր իշխանության պրոյեկտը, թեպետ չի միացել նրան։ «Մտադիր ենք ամեն ինչ անենք, որպեսզի շարժումը դառնա ներառող եւ համազգային, ոչ միայն Երեւանն ունենա այս ըմբոստությունը, այլ նաեւ բոլոր քաղաքները ներառված լինեն ու նաեւ՝ հանրապետությունից դուրս։ Այդ իսկ պատճառով այս օրերին եղել ենք Գյումրիում, Գյումրին, կարելի է ասել, մեր գնալուց հետո ոտքի էր, հետո Վանաձորն էր ոտքի, հետո Սպիտակում ենք եղել»,- ասաց մեզ Փոստանջյանը՝ նշելով, որ իրենք այցելում են դպրոցներ ու կոչ անում համազգային դասադուլ եւ գործադուլ անել։



**- Մարդիկ կա՞ն, որոնք միանում են Ձեզ ու քայլում Ձեզ հետ միասին։**



Իհարկե, լիքը, անտարբերներն էլ կան, միացողներն էլ, դե, այնպես չէ, որ միանգամից կարող է թափ հավաքել սա, բայց, այնուամենայնիվ, հեղափոխությունը հնարավոր է։



**- Հերացու անվան դպրոցի մոտ ի՞նչ միջադեպ էր։**



Երեք հանրապետական կին, մի հատ էլ տղամարդ եկան, հարձակվեցին մեզ վրա ու պոկեցին մեր բարձրախոսի լարը։



**- Նիկոլ Փաշինյանն ամենօրյա երթեր է անում, Դուք նպատակ ունե՞ք միանալու իրեն, կամ առաջարկ եղե՞լ է իր կամ Ձեր կողմից։**



Գիտե՞ք, միանալու խնդիր մենք այս պահին չունենք, որովհետեւ բոլորս նույն գործն ենք անում, ու շատ լավ է, որ տարբեր ուղղություններով լինի։ Մենք որդեգրել ենք այն ստրատեգիան, որ պետք է լինի ցանցային պայքար։ Սկզբից այդ մասին պարոն Փաշինյանը չէր հայտարարում, բայց արդեն մի քանի օր է՝ նա էլ է նույնը հայտարարում, որ քաղաքներում պետք է բոլորը կանգնեն։ Եվ հիմա, փաստացի, այն, ինչ մենք ամիսներ շարունակ ասում էինք, արդեն դա ինքն էլ է հայտարարում, եւ դա ողջունելի է։



**- Դուք շատ էիք քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին, հիմա փոխվե՞լ են մոտեցումները։**



Ես որեւիցե մեկին չեմ քննադատում, կոնկրետ ինձ հարցեր են տվել, ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, հիմա քննադատելու խնդիր չունեմ որեւէ մեկին, մենք հիմա գործի մեջ ենք։ Ամեն մեկը թող իր տեղում ընդվզի, հիմնական գործընթացն այս օրերին ընդվզումն է՝ համազգային ընդվզումը։



**- Սերժ Սարգսյանի վարչապետացումը, փաստացի, չհաջողվեց կանխել՝ նա ընտրվեց։ Դուք հույս ունե՞ք, որ այս ընդվզմամբ Սերժ Սարգսյանը կհրաժարվի պաշտոնից։**



Մենք ոչ միայն Սերժ Սարգսյանին ենք հեռացնելու, այլ նաեւ իր հանրապետական ոհմակը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**