Ինչու են լինում հեղափոխություններ եւ ինչպես են դրանք իրականացվում

Ինչու են լինում հեղափոխություններ եւ ինչպես են դրանք իրականացվում
Պատմության մեջ միշտ էլ եղել է հեղափոխություններ իրականացնելու, իշխող քաղաքական համակարգն ապամոնտաժելու հրամայականը: Ու եթե նախկինում դրանք իրականացվում էին համեմատաբար ավելի պարզ մեթոդներով, ինչպես ասենք առճակատում, ապստամբություն, զինված պայքար, քաղաքացիական պատերազմ, զինված հեղաշրջում, ռազմական ինտերվենցիա եւ այլն, ապա ժամանակի հետ, դրանք կատարելագործվել են եւ արդեն այսօր քաղաքական ռեժիմի ապամոնտաժումն իրականացվում է բավական բարդ ու բազմաշերտ մեթոդաբանությամբ, քանի որ համաշխարհային հանրությունը նման այսպես ասած թեժ խնդիրները կարգավորելու բավական լավ մեխանիզմներ արդեն մշակել է եւ որքան էլ ասենք քննադատենք ՄԱԿ-ին, սակայն այն նման դեպքերում հստակ է գործում:



Այսօրվա հեղափոխությունների իրականացման մեխանիզմները ընդհանուր առմամբ կոչվում են գունավոր հեղափոխություններ անունով, կամ արտահանվող ժողովրդավարության տեխնոլոգիաներ անունով, որոնք բավական լավ եւ դետալային մշակված մեխանիզմներ են, կարող են գործել չափազանց արդյունավետ կերպով, ինչպես կայացած ժողովրդավարություն ունեցող երկրներում, այնպես էլ արեւելյան տիպի երկրներում, ունեն իրենց հստակ գաղափարական եւ կարգախոսային զինանոցը, գործողությունների հաջորդական հերթականությունը, իրականացման մեթոդաբանությունը եւ նույնիսկ բառապաշարը եւ ներգործության այլ միջոցների գործիքակազմը: Գոյություն ունեցող քաղաքական վարչակարգերի ապամոնտաժումը եւ նորերի հաստատումը այսօր լայնորեն կիրառվում է աշխարհաքաղաքականության մեջ:



Այդ նույն մեխանիզմներով իրականացվեց հայտնի Արաբական գարունը Հյուսիսային Աֆրիկայում, Վրաստանի Վարդերի հեղափոխությունը, Ուկրաինայի Նարնջագույն հեղափոխությունը եւ այլն: Այդպես են իրականացվել նաեւ թավշյա հեղափոխությունները նախկին սոցճամբարի եւ ԽՍՀՄ տարածքում:



Արեւմտյան քաղաքագիտական միտքն ու մամուլը նման հեղափոխությունները անվանում են ժողովրդավարության արտահանման գործողություններ կամ տեխնոլոգիաներ, որոնք իրականացվում են քաղաքացիական անհնազանդության միջոցով, որոնք բերում են քաղաքական անկայունության, ճգնաժամի եւ ի վերջո գոյություն ունեցող քաղաքկան իշխող վարչակարգի կազմակքանդման: Ռուսական քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներում նշում են, օրինակ, որ նման մեխանիզմները երբ գործի են դրվում, կիրառվում են նաեւ թիրախ դարձած քաղաքական համակարգի վրա ճնշման, քաղաքական շանտաժի մեթոդները: Ռուսական պահպանողական փորձագիտական միտքն հատկապես շեշտում է երիտասարդության ակտիվ ներգրավումը որպես գործող ուժ, ինչը բավական վիճարկելի հարց է, քանի որ մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները նույնական են անկախ տարիքային խմբից եւ անկախ տարիքային խմբից էլ մարդը եւ քաղաքացին կարող է ունենալ դժգոհություններ իշխող համակարգի նկատմամբ եւ ունի իրավունք այն արտահայտելու:



Սովորաբար հեղափոխությունները սկսվում են նաեւ սոցիալական լարվածության աճի դեպքում, երբ սոցիալական բեւեռացումը չափազանց նկատելի է դառնում, երբ իշխանության եւ ժողովրդի միջեւ անջրպետը հասնում է արդեն անդնդային ծավալի եւ ժողովուրդը կամ կրիտիկական զանգվածը տարերայնորեն է դուրս գալիս փողոց իր ճնշվածության մասին բարձրաձայնելու, իր բողոքն արտահայտելու: Նման տարերային սկիզբ ունեցող հեղափոխությունների նախապատմության մեջ պետք է ուսումնասիրել հանրության դոմինանտ մեծամասնություն կազմող զանգվածի մոտ աղքատության մակարդակը, դեմոգրաֆիական խնդիրը թիրախ երկրում, սոցիալ-տնտեսական գրեթե անհաղթահարելի խնդիրները, իշխանության կոռումպացվածության բարձր մակարդակը, օրենքի գերակայության բացակայությունը իրավահարգության ցածր մակարդակը եւ այլն, պատճառներ, որոնք ծնում են հանրային լայն զանգվածների սուր եւ խորքային դժգոհությունը, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ հեղափոխությունները հենց այնպես չեն սկսվում, այն էլ տարերայնորեն:



Նման տարերային պոռթկումներ կարող են լինել ժողովրդական սոցիալական ընդվզումները, ցույցերը, բողոքի ակցիաները եւ անհնազանդության մյուս դրսեւորումները: Ժամանակակից աշխարհում հեղափոխությունները ըստ Ջ. Նայի եզրաբանության, կոչվում են նաեւ «փափուկ ուժի» կիրառման գործիքներ, որով իրականացվում են արմատական փոփոխություններ անցումային երկրներում հիմնականում, կոտրելով իշխող համակարգերը, որոնք միայն ցույց են տալիս որ ժողովրդավարական են եւ հանդիսանում են ժողովրդավարության իմիտիացիայով զբաղվող, իսկ իրականում` բռնապետական կամ կիսաբռնապետական ռեժիմներ:



Սովորաբար իշխող ռեժիմները փորձում են հակազդել հեղափոխական շարժումներին եւ իրականացնում են հակամիջոցներ, ինչպիսիք են օրինակ ենթադրյալ ուժերին ֆինանսական հոսքերից զրկումը, որոնք մտադիր են, ըստ իշխող ռեժիմների մտնել հեղափոխական պայքարի մեջ, հատկապես 18-35 տարեկան տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին իշխանամետ հասարակական կազմակերպություններում ներգրավելը եւ այսպես ասած հանրօգուտ աշխատանքի ուղղորդելը եւ վերջապես` հասարակության մեջ պարբերաբար, ըստ դժգոհության աճի եւ կրիտիկական կետի մոտեցման, լիցքաթափման օպերացիաների կազմակերպումը, ինչը թույլ չի տալիս, որպեսզի լարումը հասնի մի այնպիսի կրիտիկական կետի, որից հետո արդեն զսպված պարույրը կարձակվի եւ կսկսվեն տարերային ակցիաները:



Առկա է նաեւ որոշակի փուլային հաջորդականություն հեղափոխությունների մեկնարկի, զարգացման, ծավալման եւ հաղթանակի համար, որոնք են` շարժիչ ուժի ձեւավորումը, այդ ուժի դուրս գալը փողոց, փողոցային պայքարի սկիզբը, փողոցային պայքարում առաջին կրակոցի էֆեկտն ունեցող միջադեպի տեղի ունենալը, որը սովորաբար իրավապահներն են անում, չդիմանալով նյարդային լարվածությանն ու հոգեբանական պրկմանը, ինչին արդեն հետեւում են տարերային ակցիաների կտրուկ ծավալումը եւ քանակական աճը, ուղեկված իշխող համակարգի նկատմամբ միջադեպով պայմանավորված արտաքին ճնշման աճով, որն էլ ի վերջո բերում է վերջնագրերի եւ եթե համակարգում կա որոշակի ողջամտության, իրականացվում է իշխանափոխություն, իսկ եթե չկա, ապա կարող է սկսվել քաղաքացիական երկարատեւ պայքար:



**Տիգրան Վահանե**