Գյումրեցի ցուցարարները փորձեցին խոչընդոտել ավագանու նիստը

Գյումրեցի ցուցարարները փորձեցին խոչընդոտել ավագանու նիստը
Գյումրիում ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել, սակայն հանդիպում են մի շարք խոչընդոտների: Դասադուլ հայտարարած ուսանողներին ու աշակերտներին չեն կարողանում միանալ շատ ուսումնական հաստատությունների սովորողները, քանի որ դռները ներսից ու դրսից ամուր կողպված են, ոստիկաններով շրջապատված:



Ներսում գտնվողները հաղորդագրություն են ուղարկում ընկերներին՝ ասելով, որ իրենց թույլ չեն տալիս միանալ նրանց:



Ցուցարարները նախ հավաքվեցին Գյումրու Թատերական հրապարակում, այնուհետև շարժվեցին քաղաքապետարանի շենք, որտեղ ընթանում էր ավագանու հերթական նիստը: Ոստիկանները խիստ հսկողության տակ էին առել քաղաքապետարանի շենքը եւ որևէ մեկին ներս մտնելու հնարավորություն չտվեցին: Ցուցարարները քաղաքապետարանի աշխատակիցներին կոչեր արեցին միանալ իրենց: Որոշ ժամանակ մնալով այնտեղ՝ երթի մասնակիցները շարժվեցին այլ ուսումնական հաստատություններ՝ պահանջելով ազատ արձակել իրենց ընկերներին: Նշենք, որ այս պահին տասնյակից ավել ոստիկաններ շրջապատել են նաև Շիրակի մարզպետարանի շենքը: