Սթիվեն Սիգալը կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ (լուսանկարներ)

Սթիվեն Սիգալը կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ (լուսանկարներ)
Ապրիլի 22-ին Հայաստան է գալու ամերիկացի հայտնի կինոդերասան, այկիդոյի վարպետ, երաժիշտ Սթիվեն Սիգալը, ով ապրիլի 24-ին կգնա Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Հաջորդ օրը նա կայցելի նաեւ Արցախ։ Ամերիկացի հայտնի կինոդերասանը Հայաստան կգա հոլիվուդյան հայազգի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի անձնական հրավերով։ Ինչպես մեզ հայտնի դարձավ՝ այս պահի դրությամբ այլ այցեր եւ հանդիպումներ նախատեսված չեն, ամենայն հավանականությամբ, Սիգալն իր հայաստանյան այցի ժամանակ կհանդիպի լրագրողներին եւ անձամբ կպատմի իր այցի նպատակների մասին։



Ինչ վերաբերում է հոլիվուդյան հայազգի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին, ում հրավերով էլ Սիգալը գալու է Հայաստան, ապա Մարտիրոսյանն աշխատել է ոչ միայն Սթիվեն Սիգալի, այլ նաեւ Սիլվեստր Ստալոնեի, Դենզել Վաշինգտոնի եւ Փիրս Բրոսնանի հետ։ Հայաստանում ծնված, բայց վերջին 20 տարին Կալիֆորնիայում բնակվող հայազգի պրոդյուսերին ամիսներ առաջ քրեական մի գործի շրջանակներում ձերբակալել են հենց Մոսկվայի օդանավակայանում։ Ինչպես գրում է ռուսական մամուլը՝ Սթիվեն Սիգալը Հայաստան գալուց առաջ մեկնելու է Մոսկվա՝ իր աջակցությունը հայտնելու Ստեփան Մարտիրոսյանին։



Ի դեպ, հայազգի պրոդյուսերի ձերբակալման առիթով, 2017թ․ նոյեմբերին բաց նամակով հանդես էր եկել «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, ով պետք է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահաներ Մարտիրոսյանի պրոդյուսերությամբ։ «Վկայություն» ֆիլմի սցենարը պատմում էր «Նեմեսիս» գործողության, Սողոմոն Թեhլերյանի եւ եպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի մասին։ Ավելին՝ սցենարի հեղինակ Թերի Ջորջը նշել էր, որ սա լավագույն սցենարներից մեկն է, որ երբեւէ գրել է, բայց այդ ընթացքում «Խոստում» ֆիլմի պրոդյուսերներն առաջ են ընկել եւ Ջորջին առաջարկել նկարահանել «Խոստումը», իսկ «Վկայություն» ֆիլմի սցենարը դեռ սպասում է իր էկրանավորման ժամին։