Վահրամ Սահակյանին պարտավորեցրին ներողություն խնդրել

Վահրամ Սահակյանին պարտավորեցրին ներողություն խնդրել
Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի եւ գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանի միջեւ 2 տարի 5 ամիս ձգված դատական վեճն ավարտվեց։ Թեեւ դատարանը մի քանի օր շարունակ ո՛չ տրամադրում էր եւ ո՛չ էլ հրապարակում վճիռը, բայց նախօրեին ի վերջո պարզ դարձավ, որ դատարանը վճռել է հայցը բավարարել մասնակի եւ պարտավորեցնել Վահրամ Սահակյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Հայրապետյանից նրա հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր ֆեյսբուքյան էջում՝ «Հասանելի է բոլորին. յուրաքանչյուր ոք Ֆեյսբուքում կամ Ֆեյսբուքից դուրս» ռեժիմում՝ «Ներողություն եմ խնդրում Արթուր Հայրապետյանից 10.10.2015 թվականին իմ կողմից վերջինիս պատիվը, արժանապատվությունը, բարի համբավը նսեմացնող արտահայտություններ կատարելու համար» բովանդակությամբ տեքստը հրապարակելու եւ այն նույն ռեժիմում առնվազն մեկ օր պահպանելու ձեւով:



Հայցապահանջը 1 մլն դրամի գումարային մասով մերժվել է, Վահրամ Սահակյանից հօգուտ Արթուր Հայրապետյանի պետք է բռնագանձվի միայն 200 հազար դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:



Բավարարվա՞ծ է արդյոք դատարանի կայացրած վճռից։ Արթուր Հայրապետյանն ասաց․ «Բավարարված եմ, որովհետեւ դրա հույսն էլ չունեի, եւ այս միջոցով արդարադատությունը, որպես այդպիսին, կարեւորվեց։ Հետեւողականությունը մի արդյունքի բերեց, նաեւ իմ՝ նրանց մշտապես սթափ պահելու վիճակն էլ նշանակություն ունեցավ, իմ լրագրող լինելն էլ»։ Հայրապետյանը հավելեց, որ վերաքննիչ չի բողոքարկի, քանի որ ի սկզբանե իր նպատակը եղել էր Վահրամ Սահակյանի ներողություն խնդրելու փաստը։ Նա նկատում է՝ վճիռն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում Սահակյանը՝ ուզի թե չուզի, պետք է ներողություն խնդրի իրենից եւ ոչ թե բանավոր, այլ գրավոր՝ ինչպես որ դատարանն է վճռել։