Գյումրին չի հանդարտվում. լարված իրավիճակը պահպանվում է

Գյումրին չի հանդարտվում. լարված իրավիճակը պահպանվում է
Երրորդ օրն է՝ Գյումրին չի հանդարտվում, կրքերը գնալով թեժանում են, պայքարը՝ սաստկանում: Այն մեկնարկեց իրազեկման ավտոերթով, որին հաջորդեց գյումրեցիների Երևանին միանալու՝ մայրաքաղաք մեկնելու ցանկությունը, սակայն երեկ այնտեղ բերման ենթարկված գյումրեցի ակտիվիստները հասկացան, որ պայքարն առավել արդյունավետ կլինի, եթե վերադառնան հայրենի քաղաք եւ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն:



Գյումրու Վարդանանց կենտրոնական հրապարակը երրորդ օրն է՝ լեփ-լեցուն է: Ոստիկանությունը չի նահանջում, հավատարիմ է իր որդեգրած աշխատաոճին: Նշենք, որ այսօր ակտիվ էին հատկապես քաղաքացիկան հագուստով ոստիկանները: Անխուսափելի էին բախումները ցուցարարների եւ ոստիկանների միջև: Իրավիճակը հատկապես լրջացավ, երբ փողոցները փակելու փորձեր արվեցին: Քաղաքում երթևեկությունը ժամանակավոր կաթվածահար եղավ, եւ առաջինը բերման ենթարկվեց ակտիվիստ Արման Գևորգյանը : Գյումրիում բերման ենթարկվածների թիվը մինչև երեկո ավելացավ՝ նախնական տեղեկություններով հասնելով 6-ի: Նրանց թվում է Գյումրու Տնտեսագիտական համալսարանի դասախոս Կարեն Պետրոսյանը, որին բերման ենթարկեցին արդեն կեսօրին: Բերման ենթարկված քաղաքացիները Ոստիկանության Կումայրի բաժնում են: Երբ լրագրողները բաժնի պետից բացատրություն խնդրեցին, թե ինչ հիմքով եւ քանի հոգու են բերման ենթարկել, հորդորեց դիմել 1-02 ոստիկանական ծառայություն:



Ցուցարարները շրջափակեցին Շիրակի մարզպետարանի շենքը՝ պահանջելով հանդիպում Շիրակի մարզպետի հետ: Մարզպետարանի շենքը հսկող շուրջ 60 ոստիկաններ թույլ չէին տալիս նրանց ներս մտնել: Ի վերջո սիրալիր դեմքով ընդառաջ եկավ մարզպետը, ասաց, որ խորհրդակցության էր եւ փորձեց կատակել՝ ցրելու լարվածությունը: Ցուցարարներն անցան բուն թեմային, թե ինչու են ոստիկանները բռնության անցել: Մարզպետն իր թելը թելեց. «Հորդորում եմ երեխաներին քաղաքական խաղերի մեջ չներքաշել, էստեղ ես մենակ փոքր երեխաներ եմ տեսնում »: Նրան մի կին միջամտեց, որ սխալվում է: Ցուցարարներն ստիպեցին մարզպետին բարձրախոսով հորդորել, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները դուրս գան հավաքվածների միջից: Մարզպետի եւ ցուցարարների երկխոսությունը այդպես էլ չստացվեց, վերջիններս հեռացան հիասթափված:



Նշենք նաև, որ Գյումրիում ապրիլի 18-ի առավոտյան փակ էին ուսումնական հաստատությունների դռները եւ շրջափակված ոստիկանական ուժերի կողմից, որպեսզի կանխվեր ուսանողներ մասնակցությունը հանրահավաքին: Կեսօրին, սակայն, ցուցարարներին հաջողվեց ներխուժել ուսումնական հաստատություններ եւ «ազատագրել» այն ուսանողներին, ովքեր ցույցին մասնակցելու ցանկություն ունեին: Ցուցարարներին միացած ուսանողները շրջափակեցին Գյումրու Պոլիտեխնիկական համալսարանի շենքը, որն արդեն շրջափակված էր ոստիկանների կողմից, նրանք պահանջեցին չընդդիմանալ իրենց կամքին եւ դուրս թողնել ուսանողներին: Ներս մտնել այդպես էլ չհաջողվեց: Հանրապետության երկրորդ քաղաքում լարվածությունն ավելի սրվեց արդեն երեկոյան: Ցուցարար աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ եւ նա ուշագնաց եղավ: Ոստիկանների եւ երիտասարդների միջև հերթական հրմշտոցը սկսվեց, բերման ենթարկվեցին երիտասարդներ: Ակտիվիստները մեղադրում էին ոստիկաններին ստեղծված իրավիճակի համար:Չնայած ոստիկանների դիմադրությանը, հանրահավաքը շարունակվում է …