Փշալարերի արանքում՝ վարչապետ․ ՀԺԿ փոխնախագահը՝ Սերժ Սարգսյանի վարչապետացման մասին

Փշալարերի արանքում՝ վարչապետ․ ՀԺԿ փոխնախագահը՝ Սերժ Սարգսյանի վարչապետացման մասին
Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն այս օրերին իր կուսակից համախոհների հետ մասնակցում է ընդդեմ Սերժ Սարգսյանի կազմակերպվող ցույցերին, բողոքի ակցիաներին։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ՀԺԿ փոխնախագահը ընտրված մարտավարությանը, քաղաքացիական անհնազանդության ընտրված տարբերակներին։ «Բոլորն, այն, ինչ արվում է, դրական է։ Ես ուրախ եմ, որ երիտասարդությունն արթնացել է, ոտքի է կանգնել, իր վաղվա օրվա համար անհանգստանում է»,- փոխանցեց Գրիգոր Հարությունյանը։



Պարբերաբար կանխատեսումներ էին արվում, որ մարդիկ ապատիայի մեջ են, չեն ընդվզի Սերժ Սարգսյանի դեմ, ընդդիմությունը չի կարող շատ մարդկանց բերել հրապարակ, սպասելի՞ էր բողոքի ալիքը, որ բարձրացավ ընդդեմ Սերժ Սարգսյանի։ «Մենք միշտ ասել ենք, որ իշխանությունները ժողովրդին հասցրել են այն վիճակի, որ զսպանակը կարող է միանգամից մի օր բացվել։ Իշխանությունների լկտի, ինքնավստահ պահվածքը մի օր ժողովրդին կարող է հասցնել այս վիճակին։ Ի՞նչ անեն երիտասարդները։ Կա՛մ պետք է գնան երկրից, կա՛մ պետք է պայքարեն։ Կան երիտասարդներ, որոնք դրսերում են, նրանք դրսում երբեք չեն կարող երջանիկ լինել, թեեւ օրվա հացի խնդիր են լուծում»,- նկատեց մեր զրուցակիցը։



Իսկ թե ինչու տեղի չի ունենում իշխանափոխություն, Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ իշխանական համակարգում կա ստրկամիտ մի զանգված, որոնք, հարկ եղած դեպքում, ինչ ասես չեմ ասում իշխանությունների հասցեին, բայց իրենց լավ չեն պահում։ «Ես այսօր նայում եմ, թե ինչպես են 14 տարեկան երեխաների հետեւից վազում, բռնում, մտցնում մեքենա, բա գետինը չե՞ն մտնում»,- հարցնում է ՀԺԿ փոխնախագահը։ Ինչպիսի՞ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, հանրային բողոքի ակցիաները կստիպե՞ն, որ նա հաշվի նստի հասարակության հետ։ «Տա աստված, որ ինքը չմնա վարչապետ, երիտասարդները հասնեն ինչ-որ արդյունքի։ Ես դա եմ ցանկանում։ Իսկ ինքը կլինի այնպիսի վարչապետ, ինչպիսին նախագահ էր, փշալարերի արանքում՝ վարչապետ»,- արձագանքեց մեր զրուցակիցը։