Քաղաքային երթուղայիններով ոստիկաններ են տեղափոխում (ֆոտո)

Քաղաքային երթուղայիններով ոստիկաններ են տեղափոխում (ֆոտո)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով, որ ոստիկաններին տեղափոխում են երթուղայիններով։



Նա, մասնավորապես, գրել է․ «Էն դերասանության պոռթկումների պահերին, երբ կփորձեք ասել, թե բողոքի ակցիաների ժամանակ համայնքային գույք է փչացել, տրանսպորտի աշխատանքն է խանգարվել, հիշեք այս նկարները, թե ոնց եք ապօրինի կերպով, օրինակ, երթուղային տաքսիները հանել ու տրամադրել ոստիկանությանը»։



Արայիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ քիչ առաջ խոսել է Երևան տրանսպորտի վարչության ղեկավարության հետ․ «Իհարկե, սկզբում տեղեկություն չունեին, հետո ասացին, որ ոստիկանությունն ասել է՝ արտակարգ վիճակ է, ու ոստիկանությանը դրանք պետք են»։



Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» եւ մի խումբ ակտիվիստների «ՄերժիրՍերժին» նախաձեռնությունները Երեւանում քաղաքացիական խաղաղ անհնազանդություններ են իրականացնում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։