Որդու կողմից բռնության ենթարկվող հորը ոստիկանները հորդորել են ծերանոց գնալ

Որդու կողմից բռնության ենթարկվող հորը ոստիկանները հորդորել են ծերանոց գնալ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

- Երեկ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի»-ին նվիրված համաժողովի ժամանակ ծավալուն ելույթով հանդես եկան ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրանք խոսեցին Հայաստանում կանանց իրավունքների եւ դրանց ոտնահարման մասին: ՄԻՊ-ը նշեց, որ կանանց դեմ սեռական բռնության թիվը կրկնապատկվել է, Ավինյանն էլ հասարակությանը մեղադրեց ավանդապաշտ լինելու մեջ: Նախ՝ եկեք խոսենք այն մասին, թե համաձա՞յն եք արդյոք, որ մեզանում կանանց դեմ բռնության թվերն աննախադեպ աճել են, եթե այո, ապա ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Տիգրան Ավինյանը:

- Սկսենք Տիգրան Ավինյանից: Ավինյանն արդեն իսկ սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող, որովհետեւ, այո, անհասկանալի է, թե ինչ կապ ունի Տիգրան Ավինյանն այս թեմայի հետ առհասարակ: Ինչ վերաբերում է կանանց դեմ բռնությունների թվի կտրուկ ավելացմանը, ապա պետք է ասեմ, որ, առհասարակ, հանցագործությունների թիվն է Հայաստանում աճել, ինչի մասին փաստում են պաշտոնական տվյալները: Եթե ֆիքսված հանցագործությունների թիվն աճում է, դա նշանակում է, որ իրավապահ համակարգը ճիշտ աշխատել չի կարողանում: Կանանց դեմ բռնությունը եւս այս ամենի ֆոնին ավելանում է, սա ավելի շատ ընտանեկան բռնության մասին է վկայում: Օրինակ` այսօր ինձ դիմել են, որ որդին ամեն օր ծեծի է ենթարկում հաշմանդամ հորը: Սա եւս ընտանեկան բռնության դրսեւորում է: Ինչո՞վ է զբաղված ոստիկանությունը: Զբաղված է այլ բաներով, օրինակ` ինչ-ինչ մարդկանց անվտանգությունն ապահովելով: Վերոնշյալ դեպքի շրջանակներում, երբ տղան ծեծի է ենթարկել հաշմանդամ հորը, ոստիկաններն այդ հաշմանդամ, անօգնական մարդուն հորդորել են ծերանոց գնալ. ասել են` տեսնում ես՝ տղադ էդպես է վերաբերվում քեզ, գնա ծերանոց.... այս աստիճան ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվում: Ես կարծում եմ, որ ընտանեկան բռնությունը, այդ թվում` կանանց դեմ բռնությունը, իսկապես աճում է, եւ այստեղ պետք է նշենք ոստիկանության դերի մասին: Եռաբլուրում բռնության են ենթարկվում որդեկորույս մայրերը, սա արդեն իսկ խոսում է ոստիկանության որակի մասին: Եթե ոստիկանությունն իր տեղում լիներ, բռնության դեպքերն էլ չէին աճի: Դրա պատճառներից հիմնականն այն է, որ ոստիկանները զբաղված են լրիվ այլ հարցերով:

- Երկրում ծառացած բազում այլ խնդիրներ կան, որոնց մասին իշխանությունները, այդ թվում` խիստ քաղաքականացված ՄԻՊ-ը, չեն խոսում: Օրինակ` սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով բազմաթիվ զինվորների մարմիններ Ադրբեջանը չի հանձնում հայկական կողմին: Խոսե՞լ է արդյոք այդ մասին ՄԻՊ-ը:

- Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ցանկացած իրավունքների ոտնահարում համարում եմ առաջնային խնդիր: Ինչ վերաբերում է Քրիստինե Գրիգորյանի կեցվածքին, թե նա որքանով է պատշաճ վերաբերվում մի շարք կարեւոր հարցերի եւ այլն, ապա, այո, բոլոր հարցերն էլ շատ կարեւոր են: Մեկը ներքին անվտանգությունն է, մյուսը` արտաքին: Ճիշտ կլիներ, որ այստեղ ՄԻՊ-ը կարողանար հավասարակշռություն պահել:

- Եթե համեմատենք Քրիստինե Գրիգորյանին եւ Արման Թաթոյանին, ապա ինչո՞վ էր պայմանավորված Թաթոյանի առավել ակտիվությունը կարեւոր հարցերում, անգամ իշխանություններին դուր չեկող ակտիվությունը: Ինչո՞ւ է այսչափ կաղապարված գործող ՄԻՊ-ը:

- Ի դեպ, Արման Թաթոյանը եւս մեծ ուշադրություն էր դարձնում կանանց իրավունքներին, բայց դա նրան չէր խանգարում՝ ուշադրության կենտրոնում պահել երկրի հետ կապված կարեւոր հարցերը: Բավականին մեծ աշխատանք էր կատարում Արման Թաթոյանը: Թաթոյանի ակտիվությունը շատ դժվար է առայժմ որեւէ մեկի հետ համեմատել: Թաթոյանը բացառիկ կարեւոր աշխատանք էր տանում: Հասարակության մոտ կա մի արդարացված ընկալում, որ օրվա ՄԻՊ-ն այս իշխանությունների թիմակիցն է: Մինչ օրս բոլոր ՄԻՊ-երն աշխատել են օբյեկտիվ՝ խոսելով օրվա իշխանությունների կողմից կատարվող իրավունքների ոտնահարման դեպքերի մասին: Մշտապես կարողացել են ՄԻՊ-երն իշխանությունների հետ հստակեցնել, որ իրենք կուսակցական չեն եւ աշխատելու են ազատ: Այսօր շատերը ենթարկվում են քաղաքական հալածանքների, որոնց մասին ուղղակի չի խոսում ՄԻՊ-ը: Նույն՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործն ուղղակի խայտառակ մի գործ է: