Ով բան անի, ով գնա սանատորիա

Ով բան անի, ով գնա սանատորիա
Ապրիլի 17-ին ՀՀ խորհրդարանում, այո, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը հաստատելուց հետո, մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, որ, իմ կարծիքով, վրիպեց շատերի ուշադրությունից կամ իր արժանի գնահատականը չստացավ:



Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը վերջում, երբ արդեն ընտրվել էր վարչապետ, երեք խորհուրդ տվեց ընդդիմությանը: Նրա խորհուրդներից վերջինը հետաքրքիր էր: Սերժ Սարգսյանը ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավորներին խնդրեց Նիկոլ Փաշինյանին հորդոել, որ նա վերադառնա խորհրդարանական աշխատանքի: Հիմա կասեք՝ ի՞նչ մի հետաքրքիր բան է ասել, որ: Դուք Սերժ Սարգսյանին մի աչքով մի նայեք խնդրում եմ: Հիրավի ճկուն միտք պետք է ունենալ՝ «Ելքի» պատգամավորներին նման խորհուրդ տալու համար:



Ամբողջ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փողոցներն է ընկել, շատ ներողություն, իր պատճառով, բայց, խնդրեմ, Նիկոլ Փաշինյանին փողոցից տուն պետք է բերի «Ելքը»: Այդ որտե՞ղ է նման բան գրված: Ասում է՝ ով չգիտեմ ինչ անի, ով գնա սանատորիա: Սա այդ դեպքն է:



Ոչ, հարգելի Սերժ Սարգսյան, Դուք, վարչապետ դառնալով, Նիկոլ Փաշինյանին «ելք» եք արել խորհրդարանից, Դուք էլ նրան մուտք արեք: Այլապես Էդմոն Մարուքյանը Նիկոլին հորդորի, որ ի՞նչ անի: Նիկոլն Էդմոնին այնպես կհորդորի, որ այս անգամ փողոցում մեկի տեղ երկու Նիկոլ կունենանք: Եվ դա, ասեմ, մեզ պետք չէ: Մեկի ձեռքն ենք կրակն ընկել: Երևանում այլևս փողոց չի մնացել, կեսը Նիկոլն է փակել, կեսը՝ ոստիկանությունը: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ի՞նչ անենք հիմա:



Հա, արդեն հայտարարում են, որ գործի չգնաք, մինչև թավշյա հեղկոմներից հրավեր չստանաք… Տեսնես Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ աշխատանքի հեղկոմն ո՞վ է լինելու, որ գնամ ասեմ՝ այ հեղկոմ ջան, որ մարդկանց բացակա նշանակեն, պատասխանն ո՞վ է տալու: Ի դեպ, Ձեր գործերն էլ լավ չեն, հարգելի վարչապետ: Ասում են՝ իրենց անցակետերով եք գործի գնալու: Եվ դա կարող է տևել այնքան ժամանակ, մինչև Էդմոն Մարուքյանը կամ մեկ ուրիշը «Ելք»-ից, չկարողանա Նիկոլին համոզել խորհրդարան վերադառնալ: Մի խոսքով՝ սա վիճակ չէ: Պետք է Նիկոլի հետ առանձին խոսել: Վարչապետի պաշտոնը դա թույլ է տալիս, և, իմ կարծիքով, դրա մեջ ամոթ բան չկա:



**Էդիկ Անդրեասյան**