Դեսովետիզացիա եւ դեռուսիֆիկացիա

Դեսովետիզացիա եւ դեռուսիֆիկացիա
Ես զարմանում եմ, որ կան մարդիկ, որոնք խիստ տարակուսանքի մեջ են ընկնում, երբ մեր, այսպես կոչված, իշխանությունները դեմ են դուրս գալիս սովետական շրջանի հայատյաց ու արնախում գործիչների անուններով կոչվող փողոցների անվանափոխության գաղափարին, կամ թույլ չեն տալիս իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են, ինչ որ իմաստով, դեմ դուրս գալ ռուսական մեծապետական շովինիզմին:



Հարգելիներս, բա ի՞նչ էիք ուզում, չլինի՞ մտածում էիք, որ մեր իշխանությունները հեսա դեսովետիզացիա և դեռուսիֆիկացիա են անելու: Գոնե մեկ մեկ ռուսական հեռուստատեսություն նայեք, լուրերին հետևեք: Մոսկվան վաղուց արդեն նեոիմպերիալիզմի կուրս է վերցրել, և իր ներսում ու իրեն ենթակա փսևդոպետություններում (ինչպիսին օրինակ Հայաստանն է) ռուսական շովինիզմի տոտալ քարոզչություն է տանում, ու կոնկրետ մեր պարագայում` հայկական ինքնության պահպանմանն ու հայոց պետականության կայացմանը միտված ցանկացած գաղափար նրանց կողմից խիստ թշնամաբար է ընդունվում: Նրանք հայ ժողովրդին գնալով ավելի ու ավելի կստիպեն ատել սեփական պետություն ունենալու գաղափարը և կստիպեն սիրել միայն Ռուսաստանին:



Նրանք այնպես կանեն, որ մեզ համար հերոսներ կհամարվեն միայն հայ ժողովրդի այն ներկայացուցիչները, որոնք ծառայել են բացառապես ռուսական իմպերիալիզմի շահերին, եթե անգամ հանուն դրա զոհաբերել են Հայաստանն ու հայ ազգին: Այնպես որ պետք չի զարմանալ, որ նախկին, իբրև թե, նժդեհական ու ներկայիս, ըստ էության, ստալինիստ հանրապետականները գնալով ավելի ու ավելի են գովերգում ռուսական բռնակալության տակ անցկացրած տարիները, լինի դա ցարական շրջանը, լինի` սովետականը: Հետսովետականի մասին էլ չեմ խոսում, կարծում եմ ինքներդ կկռահեք: