Մենք Սահմանադրական ինստիտուտն ենք կորցնում․ դատավորը՝ ԱԺ-ի ընդունած վերջին սկանդալային օրենքի մասին

Մենք Սահմանադրական ինստիտուտն ենք կորցնում․ դատավորը՝ ԱԺ-ի ընդունած վերջին սկանդալային օրենքի մասին

«Մենք նախկինում համանման կարգավորում ունեցել ենք եւ դրանից հրաժարվել ենք եվրոպական փորձագետների պահանջով»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը՝ անդրադառնալով վերջերս ԱԺ-ի կողից ընդունված այն օրենքին, որի համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք եւս կարող են դիմել ԲԴԽ՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ 

«Այդ կարգավորումը նախկինում այնպիսին էր, որ հենց բուն արդարադատության խորհրդում ձեւավորվում էր կարգապահական հանձնաժողով, որը ընթացք էր տալիս քաղաքացիների դիմում-բողոքներին։ Վարույթ հարուցելուց հետո արդարադատության խորհուրդը այդ  հարցը քննարկում էր, իսկ հանձնաժողովի անդամները իրավունք չունեին մասնակցելու քննարկմանը։ Եվրոպական փորձագետները դա համարեցին, որ չի համապատասխանում դատավորների եվրոպական չափանիշներին եւ այս ոլորտի իրավակարգավորումներին»,-նշեց դատավորը։

Նրա խոսքով՝ տարիներ հետո, երբ նախկին կարգավորումը փոխվեց, ստեղծվեց առանձին հանձնաժողով, որը կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ուներ, իսկ հիմա վերադարձ է լինում հին կարգավորմանը, երբ եվրոպական մասնագետների կողմից ճանաչվել էր ոչ արդյունավետ եւ վտանգավոր։

Այս դեպքում վտանգվելո՞ւ է դատավորների անկախությունը, դատավորը պատասխանեց․ «Մենք Սահմանադրական ինստիտուտն ենք կորցնում, որը կոչված է ապահովելու դատավորների անկախությունը։ Այսինքն՝ ԲԴԽ-ն չի կարող լիարժեք ծառայել իր սահմանադրական խնդիրներին»։
 
-Կարելի է պատկերացնել, թե դիմումների ինչ ահռելի քանակ է լինելու, եւ ԲԴԽ-ն չի հասցնելու քննարկել։
 
-Այո, ճիշտ եք կռահում, ԲԴԽ-ն հարկադրված է լինելու ունեցած ռեսուրսների զգալի մասը ծառայեցնել բացառապես այդ դիմումների ուսումնասիրմանը։ Դրանից հետո շատ խիստ կասկածելի է, թե անաչառության ինչ աստիճանով են քննարկելու իրենց կողմից հարուցված կարգապահական վարույթները։
 
-Տեսեք, բայց դատավարության մի կողմը ցանկացած ակտի դեպքում դժգոհ է լինելու, եւ հավանականությունը մեծ է, որ դժգոհ կողմը կդիմի ԲԴԽ, այս դեպքում էլ գուցե անհիմն դիմումների քանակը շատ լինի։
 
-Ճիշտ է, ովքեր որ զբաղվել են դիմում-բողոքների քննությամբ, իսկ ես նախկինում եղել եմ արդարադատության խորհրդի անդամ, կարգապահական առաջին հանձնաժողովում էլ եմ եղել, գիտեն, որ դա ահռելի քանակ էր, ստիպված` մեզ աշխատակազմից հատկացրել էին լրացուցիչ մարդիկ։ Ընդ որում, ասեմ, որ դիմում-բողոքների 80 տոկոսը որեւէ կերպ հիմնավորված չէր, բայց մենք  ստիպված էինք ստուգել դա, եւ նույնը սպառնում է Բարձրագույն դատական խորհրդին։ Նրանք իրենց բուն առաքելությունը թողած` զբաղվելու են այդ գործով։

- Օրենսդիր իշխանությունը այս օրենքով իր համար ի՞նչ հարց է փորձում լուծել։
 
-Ժամանակը ցույց կտա, որովհետեւ հայտարարված նպատակներն ու քողարկված նպատակները դեռ չեն երեւում, ամեն դեպքում, հայտարարված նպատակը այդքան անկեղծ չէ, որովհետեւ իրականում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող երկու մարմին կա, մեկը՝ արդարադատության նախարարությունը եւ մյուսը՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական եւ էթիկայի հարցերի հանձնաժողովը, երրորդի իմաստն անհասկանալի է։ Ես չեմ կարծում, որ եթե ինչ-որ լուրջ դիմում-բողոք լիներ, այս երկու մարմիններից որեւէ մեկը կարող էր անտեսել։
Վաղ թե ուշ կարիք է լինելու վերանայել և համակարգը կանոնակարգող ինստիտուտները համապատասխանեցնել հիմնական ստանդարտներին և ոչ թե տվյալ օրվա կասկածելի խնդիրները լուծել։