10 տարի անց․ Եկավ ոստիկանների աջակցությամբ, մնաց՝ ոստիկանների աջակցությամբ

10 տարի անց․ Եկավ ոստիկանների աջակցությամբ, մնաց՝ ոստիկանների աջակցությամբ
Մեծ հաշվով՝ Սերժ Սարգսյանը ողբերգական կերպար է, եթե անգամ ինքն այդպես չի կարծում։ Նրա՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելը 2008-ին «նշանավորվեց» Մարտի 1-ով, որի ժամանակ 10 զոհ տվեց հայ հասարակությունը։ Եւ այդ զոհերը ոչ թե ընդդիմության, այլ իշխանության խղճին են, քանզի իշխանությունն է պատասխանատու երկրի բնականոն գործունեության եւ քաղաքացիների անվտանգության համար։ Արյամբ վերցված իշխանությունը շարունակվեց Արտակարգ դրություն հայտարարելով։



Այն չնայած հայտարարվեց դեռ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամքով ու պնդմամբ, բայց Սերժ Սարգսյանի դերակատարումն էլ փոքր չէր։ Ապա 40 օր անց տեղի ունեցավ երդմնակալության արարողություն, որի ժամանակ թեեւ Արտակարգ դրության ժամկետն ավարտվել էր, սակայն երկիրն անհանգիստ էր, հասարակությունը՝ բորբոքված եւ էքսցեսներից խուսափելու համար այդ կարեւոր իրադարձությունը կազմակերպվեց ոստիկանական-ռազմական տոտալ վերահսկողության պայմաններում, փոքրաթիվ անձանց ներկայությամբ։ Ողջ Երեւանն այդ օրը շրջափակված էր զինված ուժերով, հատկապես՝ օպերան, որտեղ կայանալու էր ինաուգուրացիան։



Այդ օրերի լուսանկարներին նայելով կարելի է հասկանալ, թե ինչ ծանր հոգեվիճակում է նորընտիր նախագահը եւ ինչ արտակարգ պայմաններում է ընթանում այդ արարողությունը։ Անցավ 10 տարի։ Մարդիկ հաշտվեցին նրա պաշտոնավարման մտքի հետ։ Լավ՝ վատ, տարիները գլորվեցին։ Սահմանադրություն փոխվեց, երկիրը նոր կառավարման համակարգին անցում կատարեց։ Եկանք հասանք 2018 թվական։ Եւ որքան էլ ասեն, որ սա երրորդ ժամկետ չէ, կամ՝ վարչապետի պաշտոնը նախագահի պաշտոն չէ, որ պատերազմական երկրում անվտանգության խնդիրներ կան, բանակցային գործընթաց եւ Սերժ Սարգսյանից բացի ոչ ոք չի կարող երկրի ղեկավարի պաշտոնում աշխատել, միեւնույնն է՝ հասարակությունը դեմ է։ Եւ դեմերը միայն փողոց ելած մարդիկ չեն։ Դեմ են անգամ իշխանության մեջ գտնվողները, աշխատանք ու բիզնես ունեցողները։ Այլ բան մտածելն ինքնախաբեություն է։ Թեեւ վստահ եմ, որ համոզված տոնով հայտարարություն անող Հանրապետականներն էլ, ինքը՝ Սերժ Սարգսյանն է դա շատ լավ հասկանում են։ Միայն այն փաստը, որ այսօր՝ 10 տարի անց, Սերժ Սարգսյանի համար բախտորոշ այս օրը կրկին մայրաքաղաքում ոստիկաններ ու զինված ուժեր են, փշալարեր, հատուկ միջոցներ, արգելափակված փողոցներ, մարդկանց տեղաշարժի սահմանափակում եւ կրկին՝ փոքրաթիվ մարդկանց ներկայությամբ, փակ դահլիճում տեղի ունեցող արարողություն՝ իբր ընտրություն, բավական է համոզվելու համար, որ մարդկային ողբերգության հետ գործ ունենք։ Ողբերգություն, որը չի փոխհատուցվի ոչ աշխատած միլիարդներով, ոչ պետական դաչաներից ստացած նվերով, ոչ հետագա պաշտոնավարման այլեւայլ հաճույքներով։



ՀԳ. սլաքով՝ 2008 թվականի լուսանկարները։



**Հայկ Սարուխանյան**