Գյումրեցիներին Երևանում բերման են ենթարկել. Հանրապետության երկրորդ քաղաքում հանրահավաքը շարունակվում է

Գյումրեցիներին Երևանում բերման են ենթարկել. Հանրապետության երկրորդ քաղաքում հանրահավաքը շարունակվում է
Երեկ ավտոերթ անցկացնելուց հետո, մի խումբ գյումրեցիներ մեկնեցին Երևան՝ մասնակցելու պայքարին: Այսօր, սակայն, տեղեկացանք, որ ակտիվիստ գյումրեցիներից շատերին Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել: Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը տեղեկացնում է, որ բերման են ենթարկել իրենց ընկերներից հայտնի ակտիվիստ Կարեն Պետրոսյանին եւ մյուսներին, հստակ չի կարող ասել, թե որ ոստիկանական բաժանմունքում են նրանք:



Այս պահին ինքը վերադառնում է Գյումրի՝ խոշոր նստացույց անցկացնելու համար: Ավելացնենք, որ Գյումրիում ուսանողների նախաձեռնությամբ հանրահավաքը շարունակվում է: Նրանք պառկում են երթուղայինների առաջ, փակում են ճանապարհները՝ նշելով, որ այս կերպ սատարում են մայրաքաղաքում գտնվող ցուցարարներին: Երիտասարդներից շատերն արդեն նստացույցի են անցել:



Հիշեցնենք, որ այսօր առավոտից հազարավոր գյումրեցի երիտասարդներ ցույց են անցկացնում՝ «Օգնենք Սերժ Սարգսյանին թոշակի անցնելու», «Մերժիր Սերժին», «Մենք ենք տերը մեր երկրի», «Դասադուլ», «Գործադուլ» եւ այլ կարգախոսներ հնչեցնելով: Ցուցարարները փակել են մի շարք ճանապարհներ, երթևեկությունը կաթվածահար է:



Նշենք, որ փողոցներում ոստիկանական ուժեղ հսկողություն է, ոստիկանները հատկապես հսկողության տակ են վերցրել Գարեգին Նժդեհի փողոցը, որտեղ տեղակայված է Շիրակի մարզպետարանը:



Ի դեպ, ցուցարարները հանդիպել էին նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, ով հորդորեց խաղաղ երթ անել՝ առանց հասարակական կարգ խախտելու, փողոց եւ ճանապարհ փակելու: