Պետք է բացառել երրորդի միջամտությունը

Պետք է բացառել երրորդի միջամտությունը
Սերժ Սարգսյանը շատ սխալ ժամանակ էր ընտրել ռուսական «Իզվեստիային» հարցազրույց տալու համար, մանավանդ, որ այդ հարցազրույցում շոշափվել է երկու այնպիսի հարց, ինչպիսիք են իր հետագա պաշտոնավարումը վարչապետի կարգավիճակով եւ Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի հնարավոր փոփոխությունը: Մի դեպքում նա ասել է, որ ինքը պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, իսկ մյուս դեպքում էլ հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնալու է նույնը: Ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի այս պատասխանները լսել են տարբեր ականջներ` տարբեր մայրաքաղաքներում, եւ, տրամաբանական է, տարբեր հետեւություններ են արվելու դրանցից:



Առաջին հայացքից կարող է թվալ, որ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հարցն այս պահին վճռվում է Երեւանի փողոցները փակելով եւ «Մերժիր Սերժին» հատու կարգախոսով: Ահագին մարդ է հավաքվել, ակցիաները տպավորիչ են` ուրիշ ի՞նչ է պետք մոտալուտ իշխանափոխություն ակնկալելու համար: Բայց սա միայն առաջին տպավորություն է, որը, սակայն, կարող է վերաճել իսկական տրագեդիայի, եթե դրսից փորձ արվի այն օգտագործել սեփական հետաքրքրությունների բավարարման համար: Դրսից ասելով` նկատի ունենք Մոսկվայից եւ Արեւմուտքից: Գունավոր հեղափոխություններն սկսում են անմեղ «քյարփիչները», իսկ ավարտում են դրսի «ձյաձյաներն» ու «ծյոծյաները»: Այդպես եղել է միշտ եւ ամենուր` սկսած Եգիպտոսից եւ վերջացրած Ուկրաինայով: Սխեման շատ պարզ է: Ամենահարմար պահին, երբ իշխանությունը հայտնվում է օդում, նրա տակից քաշում են վայրէջքի հրապարակը: Ու մինչ իշխանությունը վայրէջքի այլ հրապարակ է փնտրում, ներքեւում ծրագրված առաջնորդներ են ի հայտ գալիս, որոնք, սովորաբար, առաջինը ազատվում են «անմեղ քյարփիչների» ինքնաբուխ առաջնորդից: Հետո գալիս է հրապարակներն ու փողոցները ցուցարարներից ազատելու ժամանակը, եւ «անմեղ քյարփիչները» հասկանում են, որ այն, ինչ արվեց իրենց միջոցով, ամենեւին էլ այն չէր, ինչ իրենք էին ցանկանում: Շատ չերկարացնեմ, Ուկրաինայի Մայդանի պատմությունը մեկ անգամ եւս աչքի անցկացրեք` չմոռանալով վայրէջքի հարմար հրապարակ ընտրել Սերժ Սարգսյանի համար: Ամենակոպիտ հաշվարկներով` դա կարող է լինել Սոչին կամ նույնիսկ Դոնի Ռոստովը, որտեղ հանգրվանել են Մայդանից քշվածները: Այս առումով Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հեղափոխության «տնազին» պետք է լուրջ վերաբերվել` մտածելով, որ այն կարող է օգտագործվել եւ ոչ ամենեւին Հայաստան պետության օգտին:



Պետության հետ չի կարելի խաղալ: 21-րդ դարի յուրաքանչյուր պետություն, լինի միջուկային գերտերություն թե Հայաստանի նման փխրուն երկիր, հազարավոր թելերով կապված է զանազան միջազգային կառույցների ու կենտրոնների հետ, որոնք անընդհատ հակասությունների մեջ են միմյանց հետ եւ ձգտում են առաջնության: Տուր որեւէ մեկին հարմար առիթ, եւ նա առանց հրավերի կհայտնվի կողքիդ` քեզ սեփական իշխանություններից (անկախ նրանց բնույթից) ազատելու եւ քեզ վրա իր իշխանությունը տարածելու համար: Հայաստանն անկախությունից զրկելու այլ բանաձեւ պարզապես չկա, եթե բացառենք Հայաստանի դեմ ուղղակի ագրեսիան, ինչին ականատես եղանք Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում:



Փաշինյանի հավաստիացումները, թե ինքը թույլ չի տա, որ այս շարժումն արյունահեղության ու անկարգության վերածվի, ՀՀ ոստիկանության, ես կասեի, ծով համբերությունը, ինչպես նաեւ շարժման մասնակիցների եւ մյուս քաղաքացիների միջեւ հանդուրժողականությունը դեռեւս երաշխիք չեն այն բանի, որ ամեն ինչ կավարտվի նույն խաղաղությամբ, ինչպես սկսվել է: Ադրենալինի ամենափոքր չափաբաժինն անգամ բավական է, որ ցուցարարները դառնան անկառավարելի, հետեւաբար՝ նաեւ խոցելի սադրիչների համար: Այս դեպքում արդեն աննախանձելի վիճակում է հայտնվելու ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ իշխանությունն ու Սերժ Սարգսյանը:



Կարծում եմ՝ կարիք չկա եւս մեկ անգամ ասելու, որ այս շարժումը չունի քաղաքական ծրագիր: Այն քաղաքական խնդիր չի դրել իր առջեւ եւ եթե Աստծո կամոք անփորձանք ավարտ ունենա, ապա արդյունքում մնալու է միայն հերթական հիասթափության զգացումը: Բայց այս շարժումն արդեն իսկ կատարել է իր գլխավոր խնդիրը` Նիկոլ Փաշինյանի համար ապահովելով ընդդիմության անվիճելի առաջնորդի կարգավիճակը, մի բան, որ մի քանի օր առաջ դեռեւս վիճարկելի էր: Ասել, որ Հայաստանում ընդդիմություն չկա, այնքան էլ ճիշտ չէ: Երեկ գուցե դեռ այդպես էր, բայց այսօր` ոչ: Դժվարությամբ եմ զսպում ցանկությունս, որպեսզի չասեմ, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց «համախմբել» ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանի դրոշի ներքո եւ կանխորոշել իշխանություն-ընդդիմություն հետագա աշխատանքը: Եթե սա այն է, ինչ ես եմ մտածում, ապա հաջողություն եմ մաղթում Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Բայց միեւնույն ժամանակ կցանկանայի երկուսին էլ հիշեցնել, որ երրորդը միշտ խաղի մեջ է մտնում ամենաանսպասելի պահին։



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**