Նրանք արդեն հաղթել են

Նրանք արդեն հաղթել են
Անգամ Նիկոլ Փաշինյանի «ընդդիմությունը» չի կարող չխոստովանել, որ պայքարի մարտավարությունն ու ռազմավարությունն այս անգամ ոչ միայն բավականին կրեատիվ են, այլեւ արդյունավետ՝ իր նախանշած նպատակներին հասնելու առումով։ Սա արդեն կանաչ «ջորի» հրել չէ, ակցիաներ են, որոնք մեծ թվով մարդկանց մասնակցություն չեն պահանջում։ Ոչ մեծ խմբերով կամ 1-2 ավտոմեքենայով կարելի է փողոցներ ու կամուրջներ փակել, մետրոյի աշխատանքը կաթվածահար անել եւ մարդկանց իջեցնելով տրանսպորտից՝ ներգրավել բողոքի ակցիաներին։ Դեպի բուհեր քայլերթը եւս արդյունավետ է՝ ուսանողներին ակտիվացնելը, պայքարի մեջ ներգրավելը ե՛ւ ազնվացնում է գործընթացը, ե՛ւ էֆեկտիվ դարձնում այն։



Ձեռքերը բարձրացրած առաջ շարժվելու, ոստիկանական պատերը ճեղքելու փորձը եւս իրենց արդարացնում են՝ անզեն ու ձեռքերը վեր պարզած մարդու վրա անգամ գիշատիչները չեն հարձակվում, ուր մնաց՝ հայազգի ոստիկանները։ Իսկ կարգախոսն ընդհանրապես գտնված տեքստ է՝ կրեատիվ, վարակիչ, ռեպի նմանվող։ Այն արդեն շատ պայքարողների հեռախոսների վրա է տեղադրվել՝ ինչպես Տեր-Պետրոսյանի ժամանակ էին անում։ Հրապարակում վրաններ խփելն ու երգել-պարելն էլ թեեւ նոր չեն՝ նախկինում փորձարկված մեթոդներ են, բայց կրկին աշխատող։



Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության գործիչ է, բարիկադների վրա բարձրացած «Գավրոշ», որի խզված ձայնը, ծեծված դեմքը, բինտով փաթաթված ձեռքն ու 20 օրվա մորուքը հեղափոխականին խիստ բնորոշ իմիջ են ձեւավորում եւ ստիպում մարդկանց հավատալ իրեն ու իր հայտարարած նպատակներին։ Այսօր բարդ օր է լինելու հեղափոխականների համար։ Նրանց պայքարը կարող է արդյունք չտալ՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը կանխելու իմաստով։ Բայց այս ոգեւորությունն ու պայքարն ինքնին արդեն հաջողություն կարելի է համարել։