Իշխանությունն առայժմ ձեռնպահ է մնում հակաքայլերից

Իշխանությունն առայժմ ձեռնպահ է մնում հակաքայլերից
Մեր տեղեկություններով՝ այս գործընթացներից օրեր առաջ իշխանությունը դիմել է քաղտեխնոլոգների, որ գործողությունների մարտավարություն մշակեն։ Այնպես, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելը հնարավորինս անցնցում լինի, եւ ընդդիմությունը չկարողանա կրիտիկական զանգված հավաքել փողոցներում։ Մեզ պատմեցին, որ քաղտեխնոլոգների գլխավոր առաջարկը եղել է՝ չխոչընդոտել ցույցերին, ցանկացած բռնություն եւ ուժային մեթոդ կարող է հակառակ էֆեկտը տալ, եւ շատ ավելի մեծ թվով մարդիկ կարող են հավաքվել։ Կարճ ասած՝ «բանի տեղ մի դրեք, մի քանի օր է, կանցնի՝ կգնա»։ Հենց այս մեթոդն է կիրառում ոստիկանությունը, ինչին մի քանի օր է՝ մենք ականատես ենք։ Ընդամենը նախազգուշական հայտարարություններ, անհասցե սպառնալիքներ, քրեական գործի նյութերի նախապատրաստում, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել կառավարումից։ Սակայն ակնհայտ է, որ «Մերժիր Սերժին» շարժումը թափ է հավաքում, եւ իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության, համբերությունը «սպառվում է»։ Եվ եթե իշխանությունն իրական վտանգ զգա, այն ժամանակ կանցնեն կտրուկ գործողությունների, եւ, բնականաբար, դրանցից առաջինը կլինի Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելը։



Սակայն մի նրբություն եւս կա․ եթե այսօր բռնություն եւ հարկադրանքի միջոցներ չեն կիրառում, չի նշանակում, որ հետո՝ շարժումը ճնշելուց հետո էլ չեն կիրառելու։ Երբ ամեն ինչ ավարտվի, եւ իշխանությունը նորից զգա իր ուժը, հատ-հատ կուսումնասիրվեն տեսախցիկների եւ ոստիկանների նկարահանումները, եւ կհայտնաբերվեն այս շարժմանը մասնակցած անձինք։



Իսկապես, բռնության գործադրումը մեզանում բուռն հակազդեցություն է առաջացնում, եւ սխալ չեն քաղտեխնոլոգները, որ նման խորհուրդ են տվել։ Անգամ քաղաքական դաշտն է մոբիլիզացվում, երբ որեւէ ցուցարարի նկատմամբ բռնություն են գործադրում։ Նման դեր խաղաց առավոտյան Հերացի-Կորյուն հատվածում «ջիպ»-ից իջած վարորդի հարձակումը ուսանող ցուցարարի վրա։ Դրանից հետո մարդիկ սկսեցին դուրս գալ փողոցներ, եւ բազմությունը գրեթե կրկնապատկվեց։



Ավելի ուշ՝ երբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն կիրառվեց։ Եվ երբ նա հայտնվեց հիվանդանոցում, ապա վերադարձավ ցուցարարների մոտ՝ ձեռքի վնասվածքով, աչքի կապտուկով, անսպասելիորեն Բաղրամյան փողոցում հայտնվեց «Ելքի» իշխանամետ հատվածը՝ Արամ Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան եւ Գեւորգ Գորգիսյան շքախմբով։ Հավաքվածներին թվաց, թե ««Ելքը» միավորվեց»՝ ցնծություն եւ բուռն հրճվանք պատճառելով ներկաներին։ Սակայն Մարուքյանը եւ Սարգսյանը շտապեցին «հանգստացնել» ժողովրդին։ «Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են, մենք ասել ենք, որ բռնություն լինի, այստեղ ենք լինելու, եւ հիմա այստեղ ենք»,- ասաց Մարուքյանը։ Արամ Սարգսյանն էլ իր «սպառնալից» հայտարարությունը կրկնեց․ «Ինչպես խոստացել էի՝ գործընթացին ամբողջությամբ կանդրադառնամ ամսի 19-ից հետո, իսկ հիմա, նորից նշեմ՝ եթե բռնություն լինի, ուժ կիրառվի, անպայման կլինեմ իմ ընկերների հետ»: Պարզ է, որ այս «ընդդիմադիրներին» ինչ-որ բան խիստ խանգարում է՝ լինել ժողովրդի կողքին, ղեկավարել նրա պայքարը կամ գոնե պաշտպանել վտանգներից։



Այն, որ բռնության նկատմամբ ոչ ոք անտարբեր չէ, անգամ վայ-ընդդիմադիրները, այլ փաստերով էլ է ապացուցվում։ Դեպքից անմիջապես հետո ասպարեզում հայտնվեց նաեւ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին» եւ հայտարարություն տարածեց․



«Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 16-ին, բռնակալական համակարգը սպասարկող եւ ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ եւ հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետեւանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր: Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը:



«Երկիր ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը եւ հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի եւ հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ նրա ՀՀԿ-ական խմբավորման։ Վերջիններիս հրահանգով մի շարք զինված համազգեստավորներ ոստիկանության անվան տակ Երեւանի փողոցներում իրականացնում են պատժիչ գործողություններ՝ օգտագործելով զրահատեխնիկա եւ այլ հատուկ միջոցներ։



Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան այսօրվա բազմահազար անզեն քաղաքացիների խաղաղ ընդվզման՝ այն ճնշելու եւ բռնակալությունը վերարտադրելու նպատակով։



Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝ տարանջատվել բռնակալությունից եւ կատարել իրենց առաքելությունը՝ հարուցել քրեական գործեր եւ որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին եւ նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության եւ համայն մարդկության համար առանձնապես վտանգավոր անձանց»։



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**