Այս պահին նման գնահատական գոյություն չունի․ փոխվարչապետը՝ այն մասին, թե ինչքանով է տուժել տնտեսությունը

Այս պահին նման գնահատական գոյություն չունի․ փոխվարչապետը՝  այն մասին, թե ինչքանով է տուժել տնտեսությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 20-ին հայտնել էր, որ երկու շաբաթվա ընթացքում հասանելի կլինի կորոնավիրուսի պատճառած վնասները մեղմելուն ուղղված՝ կառավարության կողմից 150 միլիարդ դրամի աջակցության փաթեթը։ Նա նաև հայտնել էր, որ այսօր չպետք է սահմանափակվենք զուտ հակաճգնաժամային միջոցառումներով, այլ պետք է ձեռնամուխ լինենք պոտենցիալ զարգացման միջոցառումների փաթեթի ստեղծմանը, որը ենթադրում է ծախսեր, բարեփոխումներ եւ ողջամիտ, կառուցողական օժանդակության միջոցառումներ։ Փոխվարչապետը հայտնել էր նաև,  որ գործարարների համար բյուջեի շրջանակը 25 միլիարդ դրամ է, որը բաշխվելու է այն տրամաբանությամբ, թե այսօրվա իրավիճակում ինչ խնդիր կարող է ունենալ բարեխիղճ գործարարը։ «Հրապարակին» հաջողվել է զրուցել Մհեր Գրիգորյանի հետ և այս հարցում որոշ պարզաբանումներ ստանալ։

- Պարոն Գրիգորյան, այնուամենայնիվ, ի՞նչ չափանիշներով է տրամադրվելու այդ գումարը։ Ընդհանուր սկզբունքը նշել էիք, բայց չափանիշներ, չափելի ինչ-որ բաներ լինելո՞ւ են։

- Այս պահին նախագծերը, բազային պայմանները, եթե չեմ սխալվում՝ հրապարակված են Gov.am-ում, և այնտեղ Դուք էլ կարող եք նայել՝ բազային պայմանները բավականին պարզ են։ Ըստ էության, բազային պայմանները, որոնք կտարածվեն այդ գործիքի վրա, շարադրված են։ Բայց մենք ամենօրյա ռեժիմով նոր գործիքների մշակման առումով աշխատում ենք, և կառավարության մոտակա նիստի օրակարգում նույնպես լինելու է հաջորդ գործիքը։ Եվ կարծում եմ՝ ըստ իրավիճակի զարգացման, առանձին միջոցառումներով մենք կճշգրտենք, և հուսով եմ՝ որևէ պրոբլեմ չի առաջանա որևէ խաղի մոտ։

- Իսկ այդ 150 միլիարդից մյուս մասն ի՞նչ է արվելու, այս պահի դրությամբ կա՞ որոշում։

- Այս պահի հրապարակումներից ելնելով՝ կարող ենք ասել, որ 25 միլիարդ բիզնեսի օժանդակությանն է գնալու, 25 միլիարդը՝ սոցիալական աջակցությանը, և 80 միլիարդը զարգացման ծրագրերն են։

- Իսկ, ընդհանրապես, բիզնեսին, տնտեսվարողներին աջակցելու բազում ու ամենատարբեր առաջարկներ կան այս օրերին, կառավարությունն այդ կարծիքները հաշվի առնելո՞ւ է։

- Մենք հիմա ինտենսիվ կերպով քննարկում են բոլոր հնարավոր ու գործարարների համար նպաստավոր գործիքները, որպեսզի կիրառենք, ու գործարարների մոտ եթե առաջանան ընթացիկ լիկվիդայնության խնդիրներ, վստահաբար, կկոմպենսացվեն էն գործիքակազմով, որը մենք մոտ ժամանակներում կհաստատենք և կտրամադրենք։

- Նաև կոչեր են հնչում, որ քաղաքացիները չմուծեն կոմունալ վարձավճարները։ Եթե ողջ հանրապետության համար նման հնարավորություն չկա, հնարավո՞ր է, որ կառավարությունն ինչ-որ խավերի համար որոշակի սուբսիդավորումներ անի։

- Ես կարծում եմ՝ մենք պետք է փորձենք մաքսիմալ բնականոն կյանքով և մաքսիմալ բնականոն ֆինանսական դիսցիպլինայով ապրել։ Եվ պետոթյունն էլ, կառավարությունն էլ ամեն ինչին հետևում է և պատեհ պահին, բնականաբար, օժանդակության ձևը և օժանդակության գործիքը կտրամադրի, անհանգստանալու բան չկա։

- Իսկ այս պահին կառավարությունն ունի՞ նախնական, բայց ամփոփ գնահատական, թե տնտեսությունը որքանով է տուժել։

- Ես Ձեզ անկեղծ ասեմ․ էս պահին ընդհանուր գնահատականներ կամ կոնկրետ գնահատականներ տալն ընդհանրապես տնտեսությանը կամ տնտեսություններին, կարծում եմ՝ սխալ է։ Ինչի համար, որովհետև տենդենցների շարունակությունը թույլ չի տալիս, որպեսզի ելակետային իրավիճակ ֆիքսվի, և գնահատվեն տնտեսական այս կամ այն հետևանքները։ Ըստ այդմ՝ այս պահին նման գնահատական գոյություն չունի։

- Ճի՞շտ է տեղեկությունը, որ պարեն ընդհանրապես պետություն այլևս չի մտնում կամ մտնում է շատ քիչ։

- Ոչ, մտնում է պարեն հանրապետություն։

- Իսկ պահուստային պաշարներ կա՞ն պարենի։

- Այո։

- Կառավարության անդամների մոտ կա՞ տարաձայնություն՝ արտակարգ դրությունը երկարացնել-չերկարացնելու հետ կապված։ Մասնավորապես, տպավորություն է, որ վարչապետի ու Ավինյանի կարծիքներում հակասություն կա։

- Ես չունեմ տենց տպավորություն և որևէ հակասության մասին չգիտեմ և չեմ լսել։