Սերժ Սարգսյանը, Սի Ծինփինը, Կիմ Չեն Ընը

Սերժ Սարգսյանը, Սի Ծինփինը, Կիմ Չեն Ընը
«Հառաջ պոռալով ետ-ետ կերթանք», ասում էր Հակոբ Պարոնյանը, ինչը ոչ թե ճշմարտություն, այլ ուղղակի մարգարեություն է մեր ժամանակների մասին: ՀՀ իշխանությունները դեպի Եվրոպա, եվրոպական արժեքներ, մարդու իրավունքներ պոռալով` ետ-ետ գնացին այնքան, որ վերջը ԵՏՄ-ում կամ ինչպես վերջերս մի տեղ կարդացի` «ԵՏՄստանում» հայտնվեցին: Իհարկե, դեպի ԵՏՄստան շրջադարձը այնպիսի անկում էր, որ ոչ թե Պարոնյանի, այլ Ալբեր Քամյուի գրչով է նկարագրվել, բայց երեւում է` Սերժ Սարգսյանի աչքում ԵՏՄստանն էլ այժմ Արեւմուտք է, եւ որոշել է դրանից էլ ետ` դեպի Հեռավոր Արեւելք քարշ տալ Հայաստանը:



**Ձգտելով, երբեմն էլ անցնելով Սի Ծինփին**



Անձամբ Սերժ Սարգսյանը բավարար հիմքեր է ստեղծում Մարքս-Էնգելս-Լենին եռյակի (կամ ինչպես ՀՀ իշխանական քարոզչամեքենան կասեր` եռամիասնության) նմանությամբ ինքն էլ Չինաստանի եւ Հյուսիային Կորեայի նախագահների կողքին կանգնելու: Չնայած մեր օրերում համաշխարհային թիվ մեկ նյուզմեյքերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, բայց Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այս գարնանը մի պահ միջազգային այնպիսի ֆուրոր արեց, որ ստվերում թողեց Թրամփին:



Ինչո՞վ… Նրանով, որ խորհրդարանի մասնակցությամբ եւ քվեարկությամբ վերացրեց Չինաստանի նախագահի պաշտոնավարման ժամկետային սահմանափակումները: Գործնականում դա նշանակեց, որ Սի Ծինփինը կարող է այլեւս ցմահ իշխել Չինաստանում: Այդքանը քիչ էր` այսուհետ Չինաստանի սահմանադրությունում նաեւ ամրագրվելու են Սի Ծինփինի մտքերը: Մի կողմից դա կարող է առաջընթաց լինել. եթե Մաոյի մտքերը այսպես թե այնպես սահմանադրությունից չեն հանվում, ապա Սիի մտքերը ինչու այնտեղ չավելացվեն: Ի վերջո Սի Ծինփինը թաղված չէ մարդկային արյան ծովում, ինչպես կոմունիստական Չինաստանի հիմնադիր Մաու Ցզեդունը, ոչ էլ Մաոյի «մշակութային հեղափոխության» ահասարսուռ հանցագործություներին է մասնակից եղել: Նույնիսկ ընդհակառակը` Մաոյի իշխանության օրոք պատանի Սի Ծինփինը ճնշումների է ենթարկվել, անգամ Պեկինից արտաքսվել է հեռավոր մի գյուղ եւ մի քանի տարի քարանձավում է ապրել: (Այժմ այդ քարանձավը, հասկանալիորեն, վերածվել է զբոսաշրջային ատրակցիոնի, եւ Ծինփինի ցմահ իշխանության ընթացքում թերեւս հասցնի դառնալ ուխտատեղի):



Այդուհանդերձ, որքան էլ Մաո Ցզեդունի համեմատությամբ Սի Ծինփինը հրեշտակ թվա, ցմահ իշխանություն ձգտումով, միեւնույնն է, նա կանգնում է բռնապետի վերածվելու ճանապարհին` մանավանդ որ Չինաստանում բռնապետությունից բացի կառավարման այլ մեթոդի ավանդույթ առանձնապես չկա: Սեփական մտքերն ու ասույթները դեռ կենդանության օրոք երկրի սահմանադրությունում արձանագրելով էլ Սի Ծինփինը ոչ թե հետմահու, այլ դեռ կենդանության օրոք իր անձի պաշտամունք է հաստատում երկրում: Ի դեպ, մնացյալ աշխարհին էլ կոչ է անում Չինաստանից օրինակ վերցնել եւ Չինաստանի շուրջ համախմբվել: Եթե Սերժ Սարգսյանը ՀՀ սահմանադրություն փոփոխած եւ իր իշխանությունը ցմահ դարձրած չլիներ Սի Ծինփինից շուրջ 2 տարի առաջ, կարելի էր կարծել, թե Ծինփինի կոչին է հետեւում: Բայց Սերժ Սարգսյանը Չինաստանից վաղ է կանգնել երկիրը դեպի ճահճացում ու բռնապետություն տանելու ճանապարհին: Այլ հարց, որ դեռ այդ ճանապարհը լիովին չի անցել եւ Սի Ծինփինին մի շարք հարցերում կարող է աշակերտել: Նա կարող է, օրինակ, ոչ թե սահմանադրության պահանջները հընթացս եւ բանավոր լրացնել իր մտքերով ու քնահաճույքներով, ինչպես վարվեց ՀՀ նախագահի թեկնածուի առնչությամբ, այլ կարող է Սի Ծինփինի օրինակով իր մտքի գոհարները «խիարի թարս աճելու», «լրագրողների` գաղջ մթնոլորտ ստեղծելու», «ընտրություններում որքան ուզել` խփելու», «սեփական հաճախորդներին լավ ճանաչելու» եւ մնացյալի մասին ներառել սահմանադրության տեքստում: Բռնապետության հորիզոնը բաց է եւ Սերժ Սարգսյանի համար Սի Ծինփինը կարող է ուսուցիչ լինել:



Այլ հարց, որ Սիի օրինակով շատ ոգեւորվելը Սարգսյանի համար անխուսափելիորեն կործանարար կլինի, քանի որ Հայաստանը Չինաստան չէ, Չինաստանի մասշտաբը եւ հզորությունը չունի եւ կատարելապես կախված է արտաքին աշխարհից, հատկապես Արեւմուտքից: Հենց այդ կախվածությունն էլ գումարվելով Հայաստանի ժողովրդի վերաբերմունքին, կարող է մի պահի վերջակետ դնել իրեն իշխանության մեջ հավերժացնելու Սերժ Սարգսյանի հակումներին:



**Ետ չմնալով Կիմ Չեն Ընից**



Սակայն որքան էլ կոմունիստական ամբողջատիրության պայմաններում ծնված-ձեւավորված Սերժ Սարգսյանի համար Սի Ծինփինն ու նրա քայլերը հոգեհարազատ լինեն, դեպի բռնապետություն ընթացքի մեջ ավելի մեծ ուսուցիչ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Կիմ Չեն Ընը դավադրաբար սպանվելու վախից շուրջը վերացնում է ում պատահի` միայն թե իր կյանքն ապահովագրի: Հյուսիսային Կորեայում համատարած երգում են` օ՜ մեր մեծ առաջնորդ Կիմ Չեն Ընը, առանց նրա ինչպես կարող ենք ապրել, ՀՀԿ-ից էլ օրնիբուն մկկում են` թե չորս հազարամյա պատմությամբ Հայաստանը կարող է հանկարծ առանց ՀՀԿ-ական բիոզանգվածի ու Սերժ Սարգսյանի չապրել… Ընդ որում Սերժ Սարգսյանը Կիմ Չեն Ընի նման այդ բիոզանգվածին մի անգամ չի սաստում` թե մկկոցներդ կտրեք:



Ոչ էլ երեւի ինքն իրեն հարցնում է, թե ո՞ր արժանիքի կամ ծառայության համար պետք է մնա իշխանության մեջ։ Հոկտեմբերի 27 է կանխե՞լ, Մարտի 1-ի ոճիրին չի՞ մասնակցել, ընտրություննե՞ր չի կեղծել, օրինականությամբ նախագահի պաշտոնի՞ է հասնել… Կամ նախագահի պաշտոնում ի՞նչ է արել բացի երկիրը դեպի ԵՏՄստան քարշ տալուց, սահմանադրություն փոխելուց, ընտրություններ կեղծելուց, քաղաքական կյանքը ճահճացնելուց, տնտեսությունը քայքայելուց, անիծյալ ղարաբաղյան հարցը չլուծելուց… Այլեւս չասած վերջին քայլը` երբ մոտ 30 միլիոն դոլարի արժողությամբ նվեր մատուցեց ինքն իրեն` Հայաստանի ժողովրդի հաշվին: Երեւանի կենտրոնում մեկ քառակուսի մետր հողակտորի կադաստրային արժեքը համարյա 200 դոլար է, չխոսելով այլեւս տարածքի իրական շուկայական գնի մասին, իսկ Սերժ Սարգսյանը օրը ցերեկով «Կոնդի առանձնատների տնտեսության» կամ ինչպես ժողովուրդն է կոչում «կառավարական դաչաների» տարածքում ամբողջ 15 հազար քմ տարածք անհատույց սեփականացրեց: Եթե մարդը Կիմ Չեն Ընի ամենակալությանը, ամենաթողությանն ու խելացնորությանը չձգտի` նման քայլ կանի՞:



Ըստ ոմանց՝ Սերժ Սարգսյանի` «կառավարական դաչաներում» անհատույց տարածք ստանալը թերեւս ավելի շատ իր եւ իր ընտանիքի անվտանգության համար մտավախությամբ է թելադրված: Եթե մեզանում ՊՊԾ գունդ գրավողներ գտնվեցին, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ Սարգսյանի կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս կողմից էլ արտաքին աշխարհում կարող են դժգոհություններ ահագնանալ իր դեմ… եթե հնարավոր է Մեծ Բրիտաիայում ГРУ-ի նախկին սպայի թունավորել, ապա Հայաստանում ГРУ-ի սպայի փորձառություն չունեցողի հետ ինչեր կարող են պատահել… Այնպես որ հնարավոր է Սերժ Սարգսյանի ահաբեկվածությունը մտացածին չէ, բայց դրանից մեծ բան չի փոխվում:



**Լուսինե Պետրոսյան**