Երգեր երկրորդ հարկից (թարգմանական կոլաժ)

Երգեր երկրորդ հարկից (թարգմանական կոլաժ)
_- Որեւէ մեկը գիտի՞ ինչպես կարելի է դուրս գալ այստեղից:_



_- Ո՛չ:_



***



_**Ապրիլի 15-ին լրանում է պերուացի բանաստեղծ Սեսար Վալյեխոյի մահվան 80-րդ տարին: 2000թ. շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնը նկարեց իր «Ապրողներ» եռերգության առաջին ֆիլմը՝ «Երգեր երկրորդ հարկից» էքզիստենցիալ տրագիկոմեդիան: Յոթ տարի անց դրան հաջորդեց «Դուք՝ ապրողներդ» (2007թ.), եւս յոթ տարի անց՝ եռերգության վերջին՝ «Աղավնին նստել էր ծառի ճյուղին եւ մտորում էր գոյության մասին» (2014թ.) ֆիլմը: «Երգեր երկրորդ հարկից» ֆիլմը նվիրված է Սեսար Վալյեխոյի հիշատակին: Ֆիլմում, որպես շարական, հնչում է Վալյեխոյի «Սայթաքելով երկու աստղերի միջեւ» բանաստեղծությունը:**_



***



Հայր մեր, թե մարդածին դու լինեիր,



Մեծն Աստված կդառնայիր,



Բայց դու, որ մշտապես լավ ես,



Դու կապ չունես, ձեռնպահ ես,



Մա՛րդն է ստիպված քեզ հանդուրժում. նա՛ է Աստված:



***



-Երկու որդի ունեմ: Նրանցից ավագը լուրջ հիվանդ է:



-Ցավալի է այդ մասին լսելը:



-Կորցրել է բանականությունը: Բանաստեղծություններ էր գրում, որոնք նրան խելագարության հասցրին:



***



Մեկն ասաց.



-Ամենասեւ օրը Մառնեում էր, երբ կրծքից վիրավորվեցի:



Մեկ ուրիշն ասաց.



-Ամենասեւ օրը Իոկոգամայում դիմավորեցի. երկրաշարժի ալիքը սրբեց բոլորին ծովափից: Ես հրաշքով փրկվեցի:



Մեկ ուրիշն ասաց.



-Ամենասեւն է լինում իմ այն օրը, երբ ցերեկը քնում եմ:



Մեկ ուրիշն ասաց.



-Ամենասեւն այն օրն էր, երբ կատարյալ միայնակ էի:



Մեկ ուրիշն ասաց.



-Ամենասեւ օրն ինձ համար, երբ բանտ ընկա Պերուում:



Մեկ ուրիշն ասաց.



-Ամենասեւ օրս՝ երբ հանկարծ հասկացա հորս:



Իսկ նա, ով ամենից երկարը լռեց, ասաց.



-Իմ ամենասեւ օրը դեռ չի եկել:



***



-Ողջույն, Թոմաս: Ի՞նչ եմ արել, Թոմաս: Ի՞նչն այն չեմ արել: Նա չի պատասխանում, էլի լուռ է: Չե՞ս կարող բարեւել հորդ: Նա բանաստեղծություններ էր գրում, որոնք խելագարության հասցրին նրան: Թոմաս, ամեն ինչ կարգին է, երեխաները լավ են, Էլիզաբեթը՝ նույնպես: Ես նրանց երբեմն այցելում եմ: Մի անհանգստացիր նրանց համար: Մեքենայի համար՝ նույնպես: Հնարավորին չափ վարում եմ: Լավ է, որ կա մեկը, ով հոգ է տանում նրանց մասին: Նա թողեց տաքսին ու իր ընտանիքը բախտի քմահաճույքին: Նա բանաստեղծություններ էր գրում, որոնք խելագարության հասցրին նրան: Սիրեցեալ լինեն անծանոթն ու նրա կինը, դրկիցը՝ թեւքերով, օձիքով ու աչքերով: Սիրեցեալ լինի նա, ով քնում է մեջքի վրա: Նա, ով ծակ կոշիկ է կրում անձրեւին: Սիրեցեալ լինի ճաղատը՝ առանց գլխարկի: Նա, ով մատը դռան տակ է թողել: Դռան տա՞կ: Ի՞նչ արտասովոր բան: Բոլորի հետ էլ պատահում է: Նա բանաստեղծություններ էր գրում, որոնք խելագարության հասցրին նրան: Սիրեցեալ լինի նա, ով քրտնում է ցավից կամ ամոթից: Նա, ով վճարում է չունեցածով: Սիրեցեալ լինի նա, ով նստում է: Ինչո՞ւ սիրել նրան: Նա նստած է էնտեղ, ուր նստած է: Ո՞վ պիտի գա ու սիրի նրան:



***



-Հիսուսն Աստծո Որդին չէր: Պարզապես բարի մարդ էր: Դրա համար էլ խաչեցին: Չարչարեցին:



-Ի՞նչ:



-Նրան չարչարանքների ենթարկեցին:



-Ո՞ւմ:



-Հիսուսին: Նրան խաչեցին:



-Այո, իհարկե:



-Նրա համար, որ բարի մարդ էր:



***



Սանչես - իսպանախոս երկրներում ամենատարածված ազգանուններից մեկը: Թարգմանաբար նշանակում է Սանչոյի որդի: Սանչոն, հավանաբար, լատիներեն sanctius, sanctus (սուրբ) բառից է սերում:



***



-Պետք է բառերն այնպես ընտրել, որ արդյունք տան: Բառերով կարելի է եւ բանաստեղծություն գրել: Հարցը դա չէ: Բայց ինչո՞ւ բարդացնել ամեն ինչ, Թոմաս: Կյանքը շուկա է: Ամեն ինչ շատ պարզ է: Պետք է միայն գտնել այն, ինչ հնարավոր է վաճառել՝ գնին ավելացնելով եւս մի զրո կամ երկուսը: Ամբողջ աշխարհն է սա հասկացել, բացի քեզնից: Ախր, այդ ինչպե՞ս բանաստեղծություններ գրելով խելագարության հասցրիր ինքդ քեզ:



***



«Սայթաքելով երկու աստղերի միջեւ» բանաստեղծությունը բաղկացած է ինը՝ մեկից մինչեւ տասնմեկ տողանոց անկանոն պարագրաֆներից: Վերնագիրը ներազդում է ընթերցման վրա, քանզի «սայթաքել»-ը միակ շարժում արտահայտող բառն է բանաստեղծության մեջ: Հավանաբար (ո՛չ վստահաբար) հեղինակը մտահայում է քաղաքի փողոցներով քայլելու ընթացքում՝ սայթաքելով սեփական դիտարկումների եւ դրանց առաջ բերած հուզական արձագանքի միջեւ: Ըստ էության, բանաստեղծն այստեղ Աստծո ձայնն է, որն իր ցավն ու կարեկցանքն է հայտնում մարդկային կյանքի թշվառության հանդեպ:



***



Կան թշվառ մարդիկ, որ զուրկ են անգամ



մարմնից, հատուկենտ մազերից,



դեպի ներքեւ՝ ընդերքում մեծ վիշտն է,



վեր՝ առօրեականության շղթան,



մի փնտրեք ինձ, անիվը մոռացության,



նրանք ասես ծնվում են օդից, հառաչում մտքում, լսում



հստակ իրենց երկնքի խարազանումը:



Նրանք դուրս են գալիս կաշվից՝



քերելով ներսից քարադագաղը, որի մեջ ծնվել են



եւ ժամ առ ժամ բարձրանում մահվան փողրակով



եւ ընկնում գետնին՝ շաղ տալով իրենց սառցե այբուբենը:



Վա՜յ նրանց շատին: Վա՜յ նրանց քչին: Վա՜յ նրանց:



Վա՜յ իմ չորս պատի ներսում՝ ակնոցի այս կողմից լսելով նրանց:



Վա՜յ իմ խեղճ կրծքին, երբ նրանք հագուստ են գնում:



Վա՜յ իմ սպիտակ դիրտին՝ համընդհանուր մրուրի մեջ:



Սիրեցեալ լինեն սանչեսի ականջները,



սիրեցեալ լինեն նրանք, ովքեր նստում են,



սիրեցեալ լինեն անծանոթն ու նրա կինը,



Դրկիցը՝ թեւքերով, օձիքով ու աչքերով:



Սիրեցեալ լինի նա, ում տանջում են փայտոջիլները,



նա, ով ծակ կոշիկ է կրում անձրեւին,



նա, ով արթմնի հսկում է հացի դիակը երկու լուցկու լույսով,



նա, ով մատը դռան տակ է թողել,



նա, ով զուրկ է տարեդարձից,



նա, ով կորցրել է ստվերը հրդեհից,



այն կենդանին՝ թութականմանը,



այն էակը՝ մարդանմանը՝ խեղճ հարուստը,



այն անմեղ թշվառը՝ խեղճ խեղճը:



Սիրեցեալ լինի



նա, ով քաղցած է կամ ծարավ, բայց չկա



քաղց, որով կհագեցնի ծարավը,



ոչ էլ ծարավ, որով կհագեցնի ողջ քաղցը:



Սիրեցեալ լինի նա, ով աշխատում է օրնիբուն, գիշերուզօր, անընդհատ,



նա, ով քրտնում է ցավից կամ ամոթից,



նա, ով ձեռքերի խուլ կամքով կինո է գնում,



նա, ով վճարում է չունեցածով,



նա, ով քնում է մեջքի վրա,



նա, ով այլեւս չի հիշում իր մանկությունը, սիրեցեալ լինի



ճաղատը՝ առանց գլխարկի,



արդարը՝ առանց փշեպսակի,



գողը՝ առանց վարդերի,



նա, ով ժամացույց է կրում ու տեսել է Աստծուն,



նա, ով ունի մե՛կ պատիվ եւ երբեք չի անկում:



Սիրեցեալ լինի մանուկը, ով ընկել ու լաց է լինում,



եւ մեծը, ով ընկել, բայց այլեւս լաց չի լինում:



Վա՜յ նրանց շատին: Վա՜յ նրանց քչին: Վա՜յ նրանց:



***



-Լաց մի՛ եղիր: Ամեն ինչ կարգին է, Թոմաս: Սիրեցեալ լինի նա, ով նստում է: Լացելը վնասակար չէ: Պետք է լացել, երբ տխուր ես: Հիսուսը նույնպես լաց էր լինում խաչի վրա՝ ցավից: Նրան խաչեցին, որովհետեւ բարի մարդ էր: Թոմասը նույնպես բարի է: Բայց բիզնես-գաղափարներ չունի: Հիսուսն էլ չուներ՝ միայն ցավ: Նրան խաչեցին, որովհետեւ բարի մարդ էր: Նա Աստծո Որդին չէր: Սիրեցեալ լինի արդարն առանց փշեպսակի, ճաղատը՝ առանց գլխարկի, գողը՝ առանց վարդերի: Նա, ով ժամացույց է կրում ու Աստծուն է տեսել:



***



-Ճանապարհներին այնպիսի քաոս է: Արդեն 8 ժամ է՝ բոլորը կանգնած են: Ոչ ոք չգիտի, թե ինչու: Կարծես ամբողջ քաղաքն ինչ-որ տեղ է շտապում: Բոլորը՝ նույն ուղղությամբ: Հետաքրքիր է՝ ո՞ւր են գնում... այդ մարդիկ: Դու չգիտե՞ս՝ ուր կարող են գնալ:



-Ո՛չ:



**Լիլիթ Հայրապետյան- թարգմանիչ**



**Հրապարակ մշակութային հավելված**