Նոբելյան մրցանակակիր տնտեսագետներին էլ բերենք՝ ոչինչ չի փոխվի

Նոբելյան մրցանակակիր տնտեսագետներին էլ բերենք՝ ոչինչ չի փոխվի
Եթե Հայաստանը ժամանակին ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման ու Ազատ Առևտրի պայմանագրերը, որի շնորհիվ, օրինակ, Վրաստանի տնտեսությունը 35 անգամ ավելի շատ արտաքին ներդրումներ է ստացել քան Հայաստանի տնտեսությունը, կամ որի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը առաջին մի քանի տարիների ընթացքում պիտի ստանար մոտ 5 միլիարդ դոլարի կարգի օգնություն ու էլի շատ ուրիշ բաներ, լավ բաներ, որոնց մասին ես մեկ անգամ չէ, որ գրել եմ: Բայց ամենակարևոր օգուտը դրանից կլիներ այն, որ մեր ժողովուրդը հնարավորություն կունենար կատարել քաղաքակրթական ընտրություն և դառնալ զարգացած աշխարհի մաս, որովհետև մաս կազմելով եվրոպական ընտանիքին, մեր երկիրը աստիճանաբար կվերածվեր ժողովրդավարական երկրի, այսինքն՝ մարդիկ անազատությունից դուրս կգային և կունենային քաղաքացիական իրավունքներ ու ազատություններ: Իսկ զարգացած տնտեսություն կառուցում են միայն ազատ մարդիկ, որովհետև երբ մարդկանց իրավունքները պաշտպանված են նրանց բարեկեցությունը երաշխավորված է. սրանք աքսիոմաներ են, ու յուրաքանչյուր ոք պիտի իմանա։



Պետք չեն մեզ հանճարեղ տնտեսագետներ ու կառավարիչներ, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, ուղղակի հարկավոր է, որ մեզ տրվի մեզ հասանելիք մարդկային ու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, ու այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը, տնտեսությունն էլ կզարգանա, բարեկեցություն էլ կլինի, անվտանգության հարցերն էլ կլուծվեն:



Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Նոբելյան մրցանակակիր բոլոր տնտեսագետներին էլ եթե բերենք Հայաստան, միևնույնն է՝ ոչինչ չի փոխվի:



Թորոս Ալեքսանյան